Կյանքի շրձադարձերը կարող են մարդուն վերափոխել անճանաչելիության աստիճան, եւ միշտ չէ, որ պատճառները թաքնված են հենց այնտեղ, որտեղ մենք փնտրում ենք դրանք: LN-ը վերջերս նամակ ստացավ իր դստեր վարքով անհանգստացած մի կնոջից, ով չի կարողանում հավատալ, որ իր համեստ աղջիկն այդքան փոխվել է ամուսնալուծությունից հետո:
Սակայն, ինչպես նկատում է սեքսապաթոլոգը, նման խնդրի պատճառը ոչ միաjն բաժանությունն է լինում, այլեւ անձի տիպը. ոչ բոլոր կանայք են ընդունակ այդպիսի վարքի. նման իրավիճակ սովորաբար ստեղծվում է հիպերակտիվ կանանց դեպքում, ովքեր սթրեսային ռեակցիայի ժամանակ ոչ թե ինքնամփոփ են դառնում, մեկուսանում, այլ հակառակը՝ ագրեսիվանում են, տվյալ դեպքում առավել այն արտահայտվում է հակառակ սեռի հանդեպ:
«Հաճախ բժիշկներն ասում են, որ առողջական այս կամ այն խնդիրը կլուծվի սեռական կյանքով ապրելու դեպքում, բայց իրականում այդ ամենը մարդու ընկալումից է կախված: Այո, կարող են լինել հորմոնալ տեղաշարժեր, վերջիվերջո ռեֆլեքսի խախտում (ենթադրենք շաբաթական երկու կամ երեք անգամ սեռական կյանքով է ապրել), բայց երբ պայման չի լինում, համապատասխան կենտրոնն արգելակվում է: Եվ անհատը ադապտացվում է նոր իրավիճակում նոր ռիթմով: Իհարկե, որոշ ժամանակով, մինչեւ որ դուրս է գալիս սթրեսային վիճակից, եւ ամեն մեկը մի ելք գտնում է: Ամուսնանում են կամ պարզապես ապրում են այլընտրանքային սեռական կյանքով… Դա կնոջ ընկալումից, արժեքներից է կախված»,- մեկնաբանում է Ռուզաննա Ազատյանը:
Ըստ նրա՝ այս իրավիճակում լուծումը սեփական խնդիրները վերանայելն է:
Պետք չէ ավարտված հարաբերությունից հետո կորցնել ինքն իրեն եւ վրեժխնդիր լինելու միտումով սկսել մեկը մյուսի հետեւից փոխել զուգընկերներին, բայց ոչ էլ մյուս ծայրահեղությունն է խրախուսվում՝ նոր հարաբերությունների գնալու վախը, դրա հետեւանքով մեկուսացումը. պետք է շփվել մարդկանց հետ: Ռուզաննա Ազատյանի խոսքով՝ մասնագետները միշտ շատ նրբանկատ են նման խնդրի հանդիպելիս. «Երբեք չենք ասում՝ հարմարվիր, կանցնի… Լինում են դեպքեր, երբ կինը սեռական ցանկությունը զսպող դեղ է ուզում: Դա առողջ ցանկություն է. ոչ մի բժիշկ այն ընկճող դեղ չի նշանակի: Տարիքով կանանց դեպքում ավելի դժվար է սեռական կյանքի մասին հայացքները լայնացնելը, ալտերնատիվ տարբերակներ քննարկելը… Բայց երբ բժիշկն է դա անում, ոչ թե հարեւանը, հավատացեք, որ ստացվում է եւ կիրառվում»:
Աղբյուր` LADYNEWS.am
http://www.slaq.am/arm/news/154144/