Կիպրոսի Թուրքական Հանրապետության խորհրդարանը հունվարի 27-ին չեղյալ է հայտարարել քրեական պատիժը տղամարդկանց միջեւ նույնասեռ սեքսի համար: Խորհրդարանի պատգամավոր Դողուշ Դերյան ընդգծել է, որ ընդունված փոփոխությունները վերաբերել են ոչ միայն նույնասեռականներին: Նրա խոսքով՝ խորհրդարանականները «մոդեռնացրել են» մարդու իրավունքներին վերաբերող օրենսդրությունը:

Հաղորդվում է, որ օրենսդրական փոփոխություններն ուժի մեջ կմտնեն միայն այն բանից հետո, երբ դրանք հավանության կարժանացնի երկրի նախագահ Դերվիշ Էրողլուն: Նա պետք է որոշում ընդունի առաջիկա 15 օրվա ընթացքում: Սպսվում է, որ նա կստորագրի խորհրդարանի կողմից ընդունված օրենքները, հաղորդում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով Reuters-ը:

Մինչ օրս Հյուսիսային Կիպրոսի քրեական օրենսգրքում մնացել է հոդվածը, որը պատասխանատվություն է ենթադրում նույնասեռ հարաբերությունների համար: Այդ պարագայում տղամարդկանց սպառնում էր մինչեւ 5 տարվա ազատազրկում: Միաժամանակ լեզբուհիների վերաբերյալ օրենքում ոչինչ չկար գրված:

Նույնասեռ հարաբերությունների նկատմամբ արգելքը Կիպրոսում մտցրել են դեռեւս բրիտանացիները (կղզին մինչեւ 1960-ը Մեծ Բրիտանիայի գաղութն էր): Կղզին հունական եւ թուրքական հատվածների բաժանվելուց հետո, գեյերի վերաբերյալ օրենսդրական արգելքը շարունակում էր գործել երկու կողմերում էր: Սակայն հույն կիպրացիները այդ օրենքը չեղյալ են հայտարարել 1990-ական թվականներին: Կիպրոսի թուրքական հատվածը, որի անկախությունը ճանաչել է միայն Թուրքիան, մնում է Եվրոպայի միակ տարածքը, որտեղ նույնասեռ հարաբերությունները դեռեւս արգելված են:


Աղբյուր՝ news.am