Շատ հաճախ դիետաները բացասական ազդեցություն են թողնում օրգանիզմի վրա, հատկապես՝ դեռահաս տարիքում: NEWS.am STYLE-ը զրուցել է ԵՊԲՀ սեքսոպաթոլոգիայի կլինիկայի բժիշկ-սեքսոպաթոլոգ, սեքսոլոգիայի ամբիոնի դասախոս, բժշկական գիտությունների թեկնածու Վրեժ Շահրամանյանի հետ՝ պարզելու համար, թե ինչ հետեւանքներ կարող են թողնել դիետաները կնոջ սեռական կյանքի, հասունցման եւ զարգացման վրա:


«Վտանգավոր է, երբ դեռ չձեւավորված դեռահաս աղջիկները, հետեւելով մոդայի դատարկամիտ ու անառողջ կանչերին, զբաղվում են թերսնմամբ` «վաստակելով» անպտղության հեռանկարը»,-նշում  է Շահրամանյանը՝ հավելելով, որ յուրաքանչյուր աղջիկ պետք է հիշի, որ օտարածին քամիներից արհեստականորեն հրամցվող յուրաքանչյուր չափորոշիչ, օրինակ` 90/60/90-ը, անիմաստ է, քանի որ յուրաքանչյուր էակի հատկանիշները ձեւավորվում են նրա գենետիկ ծրագրին համապատասխան, եւ յուրաքանչյուրը գեղեցիկ է հենց իր յուրահատկության շնորհիվ. «Իսկ այդ «գործարանային շտամպը» իռացիոնալ է եւ հակաբնական: Սա նման է այն բանին, որ բոլորին ստիպեն ունենալ աչքերի նույն գույնը: Մի՞թե դա իրոք անհրաժեշտ է»,- ընդգծում է նա:

Այն, որ կանանց վերարտադրողական ֆունկցիան անհամատեղելի է հյուծված եւ թերսնված օրգանիզմի հետ, ակնհայտ է: Ըստ սեքսոպաթոլոգի՝ նիհարեցնող դիետաները խիստ կրճատում են որոշ անփոխարինելի նյութերի՝ ճարպերի եւ  վիտամինների մուտքը օրգանիզմ` առաջացնելով լուրջ խնդիրներ, քանի որ՝

1. կանացի հիմնական եւ խիստ կարեւոր հորմոնների՝ էստրոգենների արտադրության համար անհրաժեշտ այդ ճարպերի եւ վիտամինների անբավարարությունն առաջացնում է հորմոնների արտադրության բնական գործընթացի խախտում` ստեղծելով հիվանդագին երևույթներ,

2. հղիության բարեհաջող ընթացքի համար անհրաժեշտ է ամուր օրգանիզմ, քանի որ «մեկը երկուս է դառնում»` առաջանելով սննդատու նյութերի մեծ պահանջ` այդ «երկրորդին» ձեւավորելու եւ նորմալ զարգացնելու համար:

«Եթե մինչեւ հղիությունը կնոջ օրգանիզմը բավարար ամրություն չունի, առաջանում է լուրջ խոչընդոտ, քանի որ օրգանիզմը միշտ ձգտում է անբարենպաստ եւ  ծախսատար վիճակների մեջ չհայտնվել: Հետեւանքը` ճակատագրական երկընտրանք. կա՛մ հյուծումից խուսափելու համար կնոջ օրգանիզմը ինքնուրույն պիտի ազատվի երեխայից, կա՛մ կնոջ օրգանիզմին լուրջ վնասներ հասցնելու ճանապարհով հղիությունը մեծ դժվարությամբ պիտի հասնի վերջնակետին: Անշուշտ, թե՛ մեկը, թե՛ մյուսը խիստ անցանկալի է: Կարելի է ձեւակերպել այսպես՝ կնոջ յուրաքանչյուր ակնհայտ երեւացող ոսկոր հակադարձ համեմատական է առողջ երեխա ունենալու հավանականությանը»,- նշում է Շահրամանյանը:

Սեքսոպաթոլոգը այս եւ այլ խնդիրների առջեւ չկանգնելու համար խորհուրդ է տալիս  սեփական օրգանիզմը անտեղի չտանջել որեւէ նիհարեցնող դիետայով: «Պետք է սնվել ԳՐԱԳԵՏ՝ խուսափելով ավելորդ քաշից սպառնալիքից եւ դրանից ազատվելու անառողջ տարբերակներից»,- եզրափակեց նա:

NEWS.am STYLE