Էնդոկրին համակարգի և զուտ կանացի օրգանների ֆունկցիայի մեջ պետք է տեսնել ամենաուղիղ կապ: Կնոջ օրգանիզմում տեղի ունեցող խանգարումները միշտ կապված են լինում այս կամ այն հորմոնալ խանգարումների հետ: Մասնագետները գտնում են, որ, ցավոք, ցանկացած էնդոկրին պաթոլոգիա գենետիկորեն պայմանավորված վիճակ է, այսինքն՝ գենետիկորեն փոխանցվելու նախատրամադրվածություն կա: Այս ամենին էլ ավելացրած՝ էնդոկրին խանգարումները կարող են պայմանավորված լինել արտաքին գործոնների ազդեցությամբ` երեխաների սթրեսային մանկություն, մանկական վարակներ, վատ էկոլոգիա և այլն: Վատ և անորակ սնունդը ևս կարող է առաջացնել հորմոնալ խանգարումներ: Չէ՞որ այս սննդամթերքի շատ ու հիմնական տեսակները արտադրվում են երկարատև պահպանման ժամկետով, քանի որ դրանք կոնսերվանտների հիմքի վրա են պատրաստված: Այսպիսի սնունդ ընդունելու արդյունքում, ոչ միայն կանանց, այլ նաև երեխաների ու ծերերի մոտ առաջանում է դիսբակտերիոզ: Մենք նման սննդամթերքի միջոցով սպանում ենք այն բոլոր լակտոբակտերիաները, որոնք կազմում են մեր իմունիտետի 70 տոկոսը, և որոնք պաշտպանական դեր են խաղում մեր օրգանիզմի համար և օգնում են ճիշտ մարսողությանն ու սինթեզում են վիտամիններ:
Այդ պատճառով պետք է հիմնականում սնվենք բնական սննդամթերքով և ինքներս պատրաստենք: Թեկուզ վերջինս ևս հակաբիոտիկներ է պարունակում, բայց ավելի լավ է, քան կիսապատրաստուկները: Եվ հետո պետք է քիչ օգտագործել հրուշակեղենից պատրաստված ածխաջրերով, սպիտակուցներով ու անհասկանալի ճարպերով հարուստ` երկարատև պահպանման ժամկետով սննդամթերք: Այդ բոլորը պատրաստված են կոնսերվանտների հիմքի վրա, հակառակ դեպքում` կփչանան երկրորդ կամ երրորդ օրը: Շատ վտանգավոր են նաև գազավորված քաղցր խմիչքները, որոնք կործանարար ազդեցություն կարող են ունենալ ստամոքսի լորձաթաղանթի վրա: Ավելի լավ է ուտել թարմ մրգեր կամ չրեր:
Ինչպես նշվեց, հորմոնալ խանգարումներ կարող են լինել սթրեսների արդյունքում: Երեխայի մեծ կյանք ոտք դնելու ճանապարհը լի է սթրեսներով: Իսկ սթրեսային վիճակներում արտադրվում են սթրեսի հորմոններ, որոնք ևս օրգանիզմում խախտում են հորմոնալ բալանսը: Նման պրոցեսը կարող է հանգեցնել առանձին օրգանների գործունեության խանգարման: Օրինակ` կարող է առաջանալ սթրեսային գաստրիտ կամ սթրեսային խոցային հիվանդություն: Սթրեսի ժամանակ կարող է առաջանալ լեղականգ կամ լեղապարկի սպազմ: Աղջիկների մոտ հաճախ հասունության շրջանում սթրեսից կարող է առաջանալ ձվարանների կիստա:
Ըստ հետազոտությունների` այսօր մեր կանանց չորրորդ սերունդը դեռ պատասխան է տալիս Հայրենական Մեծ պատերազմի պատճառով: Պատերազմի ժամանակ տեղի ունեցած հորմոնալ փոփոխությունները սկսել են փոխանցվել սերնդից սերունդ: Եկող սերունդների մեջ հորմոնալ խախտումներն ավելի արտահայտված են: Այսօր շաքարային դիաբետը շատ հաճախ հանդիպող հիվանդություն է, որը ենթաստամոքսային գեղձի գործունեության խանգարման արդյունք է: Նույնը կարելի է ասել ճարպակալման մասին: Կանայք շատ շարժվում են, քիչ էլ սնվում, բայց գիրանում են: Հետևաբար՝ ճարպակալումը ևս հորմոնալ խանգարման արդյունք է, և ոչ թե` շատ ուտելու:
Կանանց մոտ լեղաքարային և միզաքարային հիվանդությունների պատճառը ևս հորմոնալ խանգարումների արդյունք է: Նույն պատճառով էլ առաջանում է օստեոպարոզը:
Կանանց համար ամենամեծ չարիքն, իհարկե` ծխելն է: Այսօր աղջիկների մեջ շատ է ծխողների թիվը: Աղջկա օրգանիզմի վրա հատկապես կործանարար ազդեցություն է ունենում այն խեժը, որը առաջանում է թութունի այրման ընթացքում: Դրանք ազդում են մակերիկամի վրա` ուժեղացնելով արական սեռական հորմոնների արտադրությունը: Այդ պատճառով ծխող կանանց մոտ հաստանում է ձայնը, սկսում է տղամարդուն հատուկ մազակալում: Այսպես է արտահայտվում արական սեռական հորմոնների ավելցուկը: Իսկ հետագայում գրեթե բոլոր ծխող աղջիկների մոտ առաջանում է ձվարանների պոլիկիստոզ:
Ցանկացած կին հարգանքով պետք է վերաբերվի իր առողջությանը և տարվա մեջ 2 անգամ անպայման հաճախի գինեկոլոգի մոտ` ստուգվելու:
Հորմոնային կախվածությամբ սեր
Սիրելի կանայք, եթե դուք ընդունում եք հորմոնային հակաբեղմնավորիչներ, ապա արժե տղամարդկանց վերաբերյալ ձեր ճաշակը վերանայել, իսկ թե ինչու՝ կպարզաբանենք: Կանանց մոտ, ովքեր ընդունում են հորմոնային հակաբեղմնավորիչներ հաբերի տեսքով, փոխվում են գեղեցիկ տղամարդու որոշ չափանիշներ: Նրանց սկսում են դուր գալ «մաչոյանման» տղամարդիկ: Բայց ժամանակի ընթացքում հորմոնային կախվածության սերը «մաչոյականությանը» ետ է նահանջում:
Կինն իր համար զուգընկեր է ընտրել այն ժամանակ, երբ հակաբեղմնավորիչներ էր ընդունում, իսկ երբ ցանկություն է առաջանում երեխաներ ունենալու, հանկարծ նա հասկանում է, որ իր կողակիցը այնպիսին չէ, ինչպիսին ինքը կուզեր: «Մաչոն», լավ հայրն ու հոգատար ամուսինը անհամատեղելի են:
168.am