49-ամյա Արայիկ Խ.-ն մեղադրվում է համաքաղաքացու տան պատուհանը կոտրելու, ներս խուժելու նրա կամքին հակառակ սեռական հարաբերություն ունենալու փորձ կատարելու մեջ: Աբովյանի ընդհանուր իրավասության դատարանից  NEWS.am-ը տեղեկացավ, որ սույն գործը քննվելու է իրենց մոտ: 

Գործի նյութերի համաձայն՝ 49-ամյա Արայիկ Խ.-ն, ոգելից խմիչք օգտագործած եւ հարբած վիճակում, պահանջել է Աննա Ա.-ից, որ նա իր տան մուտքի դուռը բացի եւ իրեն ներս թողնի, հակառակ դեպքում կկոտրի տան պատուհանի ապակիները եւ այնտեղից տուն մուտք կգործի վերջինիս հետ սեռական հարաբերության ունենալու նպատակով:

Նա հենց այդպես էլ վարվել է. Աննա Ա.-ի կամքին հակառակ կոտրելով նշված տան պատուհանի ապակիները, կոտրված ապակու տեղով ապօրինի մուտք է գործել նրա տուն, ապա նրա կամքին հակառակ փորձել է սեռական հարաբերության ունենալ Աննայի հետ, սակայն վերջինս դիմադրել է նրան եւ հարվածել մահակով ու փախել տնից: Արդյունքում Արայիկ Խ.-ն իր հանցավոր մտադրությունն ավարտին չի հասցրել:

Քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 138    հոդվածի 1-ին մասով (բռնաբարությունը` տղամարդու սեռական հարաբերությունը կնոջ հետ` նրա կամքին հակառակ, վերջինիս կամ այլ անձի նկատմամբ բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով կամ կնոջ անօգնական վիճակն օգտագործելով): Սույն հոդվածը պատժվում է ազատազրկմամբ` 3-6  տարի ժամկետով: Քրեական գործ է հարուցվել նաեւ 147  հոդվածի  2-րդ մասով` բնակարանի անձեռնմխելիությունը խախտելը,  որոնք կատարվել են բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով: Սույն հոդվածն էլ պատժվում են տուգանքով` նվազագույն աշխատավարձի  100-200-պատիկի չափով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը 2 տարի ժամկետով:

Խափանման միջոց ընտրվել է ստորագրություն չհեռանալը: Գործը դատարան է ստացվել հունվարի  8-ին: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:


Աղբյուր՝ news.am