Հայաստանում հայտնվել է նոր աղանդ, որի անունն է «Կավագործների տուն»։  Այս մասին հոկտեմբերի  21-ին լրագրողներին ասաց «Միացյալ երիտասարդական լիգայի» համանախագահ Սևակ Հովհաննիսյանը:

«Մենք բացահայտել ենք եւս մեկ նոր աղանդ, որի երեկվա հավաքին ներկա է եղել կուսաթաղանթի պատռման կողմնակից Անի Զախարյանը, ով 7-8 անձի հրավիրել է այդ աղանդին։ Նրանք չորս օր հավաքներ են անցկացրել «Կոնգրես» հյուրանոցի «Պիկասո» սրահում»,- ասել է Սևակ Հովհաննիսյանը:

Սեւակ Հովհաննիսյանի տվյալով՝ աղանդի  ղեկավարի անունն է Ռոմա, ով ազգությամբ ռուս է: Նրանք հավաքներ են անցկացնելու Արամ Խաչատրյան փողոցում եւ իրենց աղանդի միջոցով քարոզելու են ընտանեկան բռնություն:

«Միացյալ երիտասարդական լիգայի» համանախագահը նշեց, որ արդեն 50-60 մարդ ներկա է եղել այդ աղանդի հավաքներին:

Սեւակ Հովհաննիսյանը պատկան մարմիններին կոչ արեց անհապաղ կանխել այդ աղանդի մուտքը, առավել եւս, որ, Հովհաննիսյանի տվյալով, այն գրանցված չէ Հայաստանում եւ չի նշում, թե կրոնական կազմակերպություն է, այլ պարզապես հրավիրում է կենդանի համերգների:

Սեւակ Հովհաննիսյանը նաեւ լրագրողներին ցույց տվեց այն թռուցիկները, որոնք, նրա խոսքով, փողոցում բաժանում են «Կավագործների տուն» աղանդի անդամները։ Դրանք «միայն երիտասարդներին» հրավիրում են մասնակցելու սեմինարների, որտեղ նրանք պատասխաններ կստանան «ինչպես ձեռք բերել վստահություն ապագայի հանդեպ, ինչպես փոխել կյանքը» եւ նմանատիպ այլ հարցերի։


Աղբյուր՝ news.am