Գործն ի սկզբանե քննվել է Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Ռաֆիկ Մելքոնյանի նախագահությամբ:
1984 թվականին ծնված Հարություն Վարդանյանը հրաձգային գումարտակում ջոկի հրամանատար-դասակի հրամանատարի տեղակալ է եղել, կոչումով՝ կրտսեր սերժանտ:
2010 թվականի օգոստոսի 13-ից մինչև 27-ը Վարդանյանը նշանակված է եղել մարտական հերթապահության:
Ըստ դատական ակտի՝ կրտսեր սերժանտ Վարդանյանը խախտել է մարտական հերթապահություն կրելու կանոնները, պատշաճ հսկողություն չի իրականացրել, իսկ օգոստոսի 16-ին, ժամը 21-ի սահմաններում նրա թողտվությամբ հենակետում գինարբուք է կազմակերպվել, որի ժամանակ ինքը և հենակետում ծառայություն կատարող զինվորների մեծ մասը ոգելից խմիչք են օգտագործել, որպես դիտորդ ծառայություն չեն կատարել, և շուրջ չորս ժամ հսկման ենթակա տարածքը մնացել է առանց հսկողության:
Օգոստոսի 17-ին մարտական հերթապահության գրաֆիկը խախտելու, կրակակետում որպես դիտորդ ծառայություն չկատարելու կապակցությամբ կրտսեր սերժանտ Վարդանյանը, լինելով ոգելից խմիչքի ազդեցության տակ, մի քանի անգամ դիտողություն է արել նույն գումարտակի պայմանագրային զինծառայող, նույնպես կրտսեր սերժանտ Արսեն Չոբանյանին:
Երկու կրտսեր սերժանտներն սկսել են վիճաբանել:
Ժամը 1-ն անց 45 րոպեին շարունակելով վիճաբանությունը Չոբանյանի հետ՝ Հարություն Վարդանյանը գետնատնակի մոտ գտնվող հեծանի վրայից վերցրել է համածառայող, շարքային Փարսյանին ամրակցված գնդացիրը, լիցքավորել է, փողը պահել բացօթյա տաղավարում տեղադրված նստարանին պառկած Չոբանյանի ուղղությամբ և ասել է՝ կանգնի, թե չէ կկրակեմ:
Ըստ դատական ակտի՝ ի պատասխան՝ Արսեն Չոբանյանը հայհոյել է Վարդանյանին:
Հարություն Վարդանյանը գնդացրով երկու կրակոց է արձակել Չոբանյանի կրծքավանդակի շրջանին, որից վերջինս տեղում մահացել է:
Ընդհանուր իրավասության դատարանում Հարություն Վարդանյանն իրեն լիովին մեղավոր է ճանաչել: Նա հայտնել է, թե շարքային Ջուլհակյանը հրամանատարության թույլտվությամբ գնացել էր տուն՝ պապի հուղարկավորությանը մասնակցելու:
Օգոստոսի 16-ին, ժամը 20-ի սահմաններում Ջուլհակյանը վերադարձել է հենակետ: Բացի այն, որ նա ոգելից խմիչքի ազդեցության տակ է վերադարձել, դեռ հետն էլ բերել է տնական օղի ու չորս շիշ գարեջուր՝ պապի հիշատակի համար ընկերների հետ խմելու նպատակով:
Ըստ Վարդանյանի՝ իր թույլտվությամբ ճաշարանում հացկերույթ է կազմակերպվել: Ինքը խմել է 4-5 բաժակ օղի:
Կեսգիշերից մինչև գիշերվա ժամը 2-ը որպես դիտորդ պետք է հերթապահեին Ջուլհակյանը, Չոբանյանը և Փարսյանը:
Ջուլհակյանն ասել է, թե խմած է, ի վիճակի չէ ծառայություն կատարելու և խնդրել է թույլատրել, որ հանգստանա:
Վարդանյանը, համոզված լինելով, որ նա, իրոք, ի վիճակի չէ ծառայություն կատարելու, թույլատրել է, որ հերթապահության չկանգնի, գնա հանգստանալու:
Հարություն Վարդանյանը Արսեն Չոբանյանին հանձնարարել է գնալ ծառայություն կատարելու, բայց վերջինս պատասխանել է, թե ցանկություն չունի և դիրք չի կանգնելու:
Ըստ Վարդանյանի՝ ինքը Չոբանյանի ասածը լուրջ չի ընդունել, ասել է, թե ծառայությունը ցանկությամբ չէ, ու մտել է գետնատնակ:
Ժամը 00:30-ին դուրս է եկել գետնատնակից ու տեսել, որ Փարսյանը կանգնած է հեծանի մոտ: Հարցրել է՝ ինչո՞ւ կրակակետ չի գնացել, նա էլ պատասխանել է, թե միայնակ գնալուց վախենում է:
Վարդանյանը հարցրել է՝ իսկ ո՞ւր է Չոբանյանը: Շրջվել ու տեսել է, որ Չոբանյանը մեջքի վրա պառկած է բացօթյա տաղավարի նստարանին:
Հարցրել է, թե ինչո՞ւ Չոբանյանը դիրք չի կանգնել, վերջինս պատասխանել է, թե չի կարող ու չի ցանկանում:
Ըստ Վարդանյանի՝ ինքը զայրացել է, բայց ոչինչ չի ասել, միայն կարգադրել է, որ գնան դիրք, ու նորից գետնատնակ է մտել:
Ժամը 1-ն անց 30-ին դուրս է եկել գետնատնակից ու տեսել, որ Փարսյանն ու Չոբանյանը դիրք չեն գնացել:
Մոտեցել է Չոբանյանին, հարցրել, թե ինչո՞ւ դիրք չի գնացել:
Վերջինս նորից պատասխանել է, թե խմած է ու ցանկություն էլ չունի:
Վարդանյանը դարձյալ նեղսրտել է, մտել է գետնատնակ, տասը-տասնհինգ րոպեից հետո դուրս է եկել:
Չոբանյանը պառկած է եղել նույն դիրքով, իսկ Փարսյանը գնացել էր զուգարան՝ գնդացիրը թողնելով հեծանի վրա:
Ըստ Վարդանյանի՝ ինքը Չոբանյանին նորից նույն հարցն է տվել, նույն պատասխանը ստացել:
Զայրացած լինելով Չոբանյանի պահվածքից, ցանկանալով ամեն գնով նրան պառկած տեղից վեր կացնել՝ ինքը վախեցնելու նպատակով վերցրել է Փարսյանի գնդացիրը, լիցքավորել է, մտել բացօթյա տաղավար, կանգնել Չոբանյանից մոտ մեկ մետր հեռավորության վրա, փողն ուղղել Չոբանյանի կրծքավանդակին ու կարգադրել է, որ կանգնի, թե չէ կկրակի:
Չոբանյանը, առանց վեր կենալու, չկրակողի հասցեին կոպիտ հայհոյանք է տվել:
Քանի որ հայհոյանքն ուղղված է եղել անմիջապես իրեն, ըստ Վարդանյանի՝ ինքը սաստիկ վատ է զգացել, հարցրել է, թե ի՞նչ ասաց:
Երբ Չոբանյանը ցանկացել է կրկնել հայհոյանքը, ինքը երկու կրակոց է արձակել նրա կրծքավանդակին, ինչից Չոբանյանը մահացել է:
Վարդանյանը զղջացել է կատարածի համար, խնդրել է մեղմ վարվել:
Հարություն Վարդանյանը և Արսեն Չոբանյանը ոչ միայն համածառայողներ էին, այլև համագյուղացիներ… Կրակոցներից հետո, ըստ ականատես վկաների, Հարությունը վախեցած մոտեցել է Չոբանյանին, թափահարել նրա անկենդան մարմինն ու խնդրել. «Արսե՛ն, վեր կաց»:
Ընդհանուր իրավասության դատարանը Հարություն Վարդանյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին և 365 հոդվածի 1-ին մասերով ու վերջին հաշվով դատապարտել է 8 տարի 6 ամիս ազատազրկման: Պատժի սկիզբը՝ 2010 թվականի օգոստոսի 18-ից:
Այս դատավճիռը չի բողոքարկվել և ուժի մեջ է մտել 2011 թվականի ապրիլի 21-ին:
2013 թվականի հուլիսի 26-ին Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանը Ռաֆիկ Մելքոնյանի նախագահությամբ քննության է առել դատապարտյալ Հարություն Վարդանյանի դիմումը՝ «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի հիման վրա դատավճիռը վերանայելու վերաբերյալ:
Դատարանը բավարարել է դատապարտյալի դիմումը՝ եզրակացնելով, որ օրենքում կատարված փոփոխությունների լույսի ներքո՝ Հարություն Վարդանյանի արարքում բացակայում է ՀՀ քրեական օրենսգրքի 365 հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հանցակազմը:
Ընդհանուր իրավասության դատարանը Հարություն Վարդանյանի նկատմամբ կայացված դատավճիռը պատժի մասով փոփոխել է և 8 տարի 6 ամիս ազատազրկումից թողել է կրելու 8 տարի ազատազրկումը:
Այս վերանայման դեմ վերաքննիչ բողոք է բերել Լոռու կայազորի զինվորական դատախազությունը:
Ըստ բողոքաբերի՝ դատավճռի վերանայում և պատժի մեղմացում չպետք է կատարվեր, ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը Հարություն Վարդանյանի գործով պետք է մնար անփոփոխ:
1in.am