Մի քանի ժամ առաջ Այգեպար գյուղում հակառակորդի գնդակից վիրավորվել է 16-ամյա Լիանա Անիկյանը: Նրան տեղափոխել են Բերդի հիվանդանոց, վիրահատել: Գնդակը դիպել է աղջկա ազդրին։ Այս մասին Ռազմինֆոյի հետ զրույցում ասաց Այգեպարի` մեր աղբյուրը:

«Հակառակորդը նպատակաուղղված ինտենսիվ կրակում էր տներին, տանիքներին: Հետևում էինք, որ կրակոցներից հանկարծ հրդեհ չբռնկվի։ Այս պահին կրակոցները դադարել են», — նշեցին Այգեպարից:

Ներքին Կարմիրաղբյուր գյուղից Ռազմինֆոյին պատմեցին, որ հակառակորդը սկսել է ակտիվորեն կրակել մոտավորապես երեկոյան ժամը 21:00-ից.

«Լիսերը ընդհանուր հնգցրել չեն, ուղղակի ապահովությունից ելնելով մենք մեր տան լիսերը հնգցրել ենք, բայց տելեվիզրը միացրած էր, կինո էինք մտիկ անում, լա՜վ էլ կինո էր», — ասում է գյուղաբնակ Լորիս Չոբանյանն, ով իր չորս հոգանոց ընտանիքի՝ կնոջ, անչափահաս որդու և դստեր հետ միասին ապրում է գյուղի կենտրոնական մասում գտնվող երկհարկանի տան երկրորդ հարկում:

 

Լուրեր.com