Տավուշի մարզի Հաղարծին գյուղի բնակիչներ Ստեփանյանը և Հովհաննիսյանը տարբեր ամիսների, օրերի ու տարբեր վայրերում են կատարել իրենց մեղսագրված հանցավոր արարքները: Դրանք մեկ քրեական գործի մեջ «միավորել է» ընդհանուր տուժողը:

Առաջադրված մեղադրանքի համաձայն՝ 25-ամյա Կարեն Ստեփանյանը 2012 թվականի հոկտեմբերի 7-ի լույս 8-ի գիշերը՝ ժամը 2-ին, «ՈւԱԶ» մակնիշի մեքենայով գտնվել է Հաղարծին գյուղի հարակից անտառամասում: Այնտեղ նա դանակի ցուցադրմամբ ու սպանելու սպառնալիքով վախեցրել է անչափահաս՝ 17-ամյա աղջկան ու նրա կամքին հակառակ սեռական հարաբերություն ունեցել հետը:

Ըստ մեղադրանքի՝ 29-ամյա Մկրտիչ Հովհաննիսյանը 2012 թվականի նոյեմբերի կեսին, նույնպես գիշերվա ժամը 2-ի սահմաններում «Ֆորդ Տրանզիտ» ավտոմեքենայում դանակի ցուցադրմամբ ու սպանելու սպառնալիքով վախեցրել է նույն անչափահաս աղջկան ու նրա կամքին հակառակ սեռական հարաբերություն ունեցել հետը:

Ստեփանյանն ու Հովհաննիսյանը մեղադրվում են ՀՀ քրեական օրենսգրքի 138 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով: Երկուսի խափանման միջոցն էլ ստորագրությունն է չհեռանալու մասին:
1in.am