Համբույրը, անշուշտ, շատ ավելին է, քան պարզապես 2 մարդկանց շուրթերի հպում։ Այն հոգևոր կապ է ստեղծում մարդկանց միջև և, կախված դրա «որակից», նպաստում հարաբերությունների խորացմանը կամ ընդհակառակը՝ զույգի բաժանմանը, գրում է Yahoo News-ը։
Պարզվում է՝ համբույրը, բացի մարդու անձնական կյանքի վրա ազդեցություն գործելուց, կարևոր դեր է խաղում նաև նրա առողջության հարցում։ Ստորև ներկայացնում ենք այն բոլոր օգուտները, որոնք համբուրվելը տալիս է մարդու առողջությանը՝
1. Օգնում է ատամները սպիտակ պահպանել
Համբուրվելն օգնում է պահպանել բերանի խոռոչի մաքրությունը և կանխել կարիեսի առաջացումը։ Պատճառն այն է, որ համբուրվելու ընթացքում մեծ քանակությամբ թուք է արտադրվում, ինչն էլ հեռացնում է բակտերիաներն ատամների մակերեսից։ Արդյունքում՝ ատամնաշարն ավելի սպիտակ է մնում։ Սակայն դա չի նշանակում, որ պետք է հրաժարվել ատամի մածուկից և խոզանակից՝ բավարարվելով միայն համբուրվելով։
2. Օգնում է դեմքի երիտասարդ պահպանմանը
Ոլորտի մասնագետները վստահ են, որ հաճախակի համբուրվելը կարող է փոխարինել դեմքի ձգման վիրահատությանն ու բոտոկսի ներարկմանը, քանի որ համբուրվելու ընթացքում գործի են դրվում 30-ից ավելի դիմային մկաններ։ Արդյունքում՝ դեմքի մաշկն ավելի հարթ ու առանց կնճիռների է պահպանվում։
3. Բարելավում է նյութափոխանակությունը, օգնում է նիհարել
Բացի երիտասարդ տեսք պարգևելուց, համբուրվելը նաև օգնում է արագացնել օրգանիզմի նյութափոխանակությունը, ինչն էլ իր հերթին նպաստում է նիհարեցմանը։ Համբուրվելու ընթացքում արյան բաղադրության մեջ ավելանում է ադրենալինը, ինչն էլ արագացնում է նյութափոխանակությունը և այրում ավելորդ կալորիաները։ Մասնագետների հաշվարկի համաձայն՝ 1 րոպե համբուրվելու ընթացքում մարդու օրգանիզմում 5 կալորիա է այրվում։
4. Ամրացնում է դիմադրողականությունը
Համբուրվելու ընթացքում զույգը «փոխանակվում» է մանրէներով, ինչը համարվում է բնական պատվաստում տարբեր վարակների դեմ։ Երբ համբուրվելու ընթացքում մանրէները ներթափանցում են զուգընկերոջ օրգանիզմ, այն սկսում է հակամարմիններ արտադրել դրանց դեմ՝ ամրապնդելով տվյալ անձի դիմադրողական համակարգը։
5. Բաձրացնում է տրամադրությունն ու իջեցնում սթրեսի մակարդակը
«Ստացված» համբույրից հետո մարդու տրամադրությունը բարձրանում է, և բոլոր հոգսերը մի պահ հօդս են ցնդում։ Երջանկության և թեթևության այս զգացումն առաջանում է այն պատճառով, որ համբուրվելու արդյունքում օրգանիզմը հակադեպրեսանտ՝ օքսիտոցին է արտադրում։
6. Օգնում է մեղմել ցավը
Ամեն ինչից զատ, համբուրվելը նաև հանդիսանում է ցավը մեղմող բավական արդյունավետ միջոց։ Մասնագետները խորհուրդ են տալիս գլխացավ ունենալու դեպքում ցավազրկողի փոխարեն համբուրվել սիրելիի հետ։ Համբուրվելու ընթացքում օրգանիզմն արտադրում է բնական քիմիական նյութեր՝ էնդորֆիններ, որոնք մորֆիից ավելի ուժեղ են։