Օրերս Վրաստանում անցկացվեց «Փակում ենք կուսության ինստիտուտը» կարգախոսով ակցիան, որի մասնակիցները համարում են, որ կուսությունը 21-րդ դարում չպետք է մարդու բարոյականության չափորոշիչ լինի: Վրացական «Իմեդի» հեռուստաընկերության տվյալներով՝ Վրաստանում ամեն տարի 35-40 տարեկան մոտ 200 կին դիմում է փորձաքննական բյուրոյին՝ կուսությունը վերականգնելու խնդրանքով: Նմանօրինակ միջամտությունն արժե 107 դոլար:

Հայաստանում ևս վերջին շրջանում սկսել են կատարել այս վիրահատությունը՝ չնայած այն ընդգրկված չէ հիվանդանոցների վիրահատությունների ցանկում: «Առաջին լրատվական»-ը փորձեց կապվել գինեկոլոգների հետ՝ պարզելու, թե որքանո՞վ է այս վիրահատությունը տարածված Հայաստանում, սակայն նրանք մերժեցին պատասխանել մեր հարցին՝ ասելով, որ նման վիրահատություններ չեն անում:

Փոխարենը մենք զրուցեցինք բժշկական գիտությունների դոկտոր, հոգեթերապևտ, սեքսապաթոլոգ Մարատ Զաքարյանի հետ: Նա նշեց, որ Հայաստանում որևէ վիճակագրություն չկա, սակայն կան տվյալներ, որ շատերը դիմում են բժշկական միջամտության՝ կատարելու կուսաթաղանթի վերականգնման վիրահատություն:

Մ. Զաքարյանը նշեց, որ աղջիկները հիմնականում դիմում են այս քայլին՝ իրենց երջանկությունը չկորցնելու համար. «Հնարավոր է՝ աղջիկը խաբվել է, սակայն գտել է իր երջանկությունը և ուզում է մաքուր երևալ ամուսնու աչքին»:

Մեր զրուցակիցն ասաց նաև, որ ավելի շատ են այն դեպքերը, երբ աղջիկը ունենում է կանոնավոր սեռական հարաբերություններ կամ ապրում է անբարո կյանքով, հետո վերականգնում է կուսաթաղանթը և «մաքուր» ամուսնանում:

Սեքսապաթոլոգի որակմամբ՝ բոլոր այս դեպքերում էլ աղջիկը դիմում է խաբեության՝ խաբելով առաջին հերթին ամուսնուն, հետո էլ սկեսրոջն ու հարազատներին. «Երբ դեռևս չի վերացել «կարմիր խնձոր» հասկացությունը, երբ դեռևս մեզանում տարածված է, որ աղջիկը պիտի կույս լինի, գաղտնի վիրահատություններ կարվեն»:

Այն հարցին, թե այս վիրահատությունը կնոջ առողջության վրա բացասական ազդեցություն կարո՞ղ է ունենալ, Մ. Զաքարյանը պատասխանեց. «Եթե վիրահատությունը մաքուր է արվում, ինֆեկցիա չի գնում կնոջ օրգանիզմ, ոչ մի վտանգավոր բան չկա»:

Մեզ հաջողվեց պարզել, որ այս վիրահատությունն անելու դեպքում կուսաթաղանթը կնոջ օրգանիզմում կարող է պահպանվել մի քանի ժամից մինչև մի քանի օր, իսկ գները հիմնականում սկսվում են 20-30 հազար դրամից:
1in.am