Խորհրդարանի առջեւ նոյեմբերի 15-ին, ժամը 11։30-ից հավաքվել էին «Ընդդեմ կենսաթոշակային պարտադիր վճարներին» նախաձեռնությանը միացած մոտ հարյուր քաղաքացիներ, որոնց մեծ մասը տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի աշխատողներ են։ Նախատեսվում էր, որ ԱԺ-ում ժամը 12։00-ին պետք է մեկնարկեր արտահերթ նիստը, որի ընթացքում քննարկվելու էր համակարգի ներդրումը մեկ տարով հետաձգելու ԱԺ «Բարգավաճ Հայաստան» և ընդդիմադիր երեք խմբակցությունների պատգամավորների ստորագրություններով հրավիրված արտահերթ նիստը (ֆոտոռեպորտաժ):

Կենսաթոշակային նոր համակարգի ներդրման դեմ բողոքող քաղաքացիները խորհրդարանի մուտքի մոտ էին եկել «Դեմ ենք» «Բանկ չենք», «Վարկ չենք տալիս» գրությամբ ցուցապաստառներով։ Հիշեցնենք, որ տեղեկատվական ոլորտի 50-ից ավելի կազմակերպություններում աշխատող շուրջ 2 700 աշխատակիցներ Հայաստանի վարչապետին նամակ են հղել, որում  իրենց դժգոհությունն են հայտնել կուտակային կենսաթոշակի համակարգից, որը նախատեսվում է ներդնել 2014թ. հունվարի 1-ից։  «Կուտակային կենսաթոշակի մասին» ՀՀ օրենքի պարտադիր բաղադրիչի կիրառումը չհետաձգելու դեպքում ծրագրավորողները մտադիր են արտագաղթել։

Ժամը 12-ին հավաքվածները տեղեկացան, որ ԱԺ արտահերթ նիստը չի կայանալու, քանի որ «Հանրապետական» և «Օրինաց երկիր» խմբակցությունները բոյկոտել են նիստը և քվորում չի ապահովվել:

Սա վրդովմունքի ալիք առաջացրեց դրսում, ցուցարարները տեղափոխվեցին խորհրդարանի գլխավոր մուտքի մոտ, ապա ընդդիմադիր պատգամավորների հորդորով երթ սկսեցին դեպի ՀՀԿ կենտրոնական գրասենյակ։

Նախաձեռնության անդամները նախապես տարածել էին հայտարարություն, որում ասվում էր.

«Ինչպես շատերդ տեղյակ եք, 2014թ.-ի հունվարի մեկից բոլոր նրանք, ովքեր ծնվել են 1974թ.-ին կամ դրանից հետո, նոր «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի պարտադիր բաղադրիչի համաձայն պարտադրված են լինելու իրենց զուտ աշխատավարձի 6.6-ից մինչև 13.0% փոխացել կենսաթոշակային մասնավոր ֆոնդերին՝ 63 տարեկանից հետո ետ ստանալու պայմանով:

Ընդդեմ կենսաթոշակային պարտադիր վճարներին» նախաձեռնության և որոշ ԱԺ պատգամավորների ջանքերի շնորհիվ այս ուրբաթ՝ նոյեմբերի 15-ին, ժամը 12:00-ին տեղի է ունենալու ԱԺ արտահերթ նիստ, որի ընթացքում քննարկվելու է նշված բաղադրիչի կիրառման հետաձգումը:

Կոչ ենք անում նշված օրը՝ ժամը 12:00-ին, հավաքվել ԱԺ-ի մոտ և մեր ներկայությամբ սատարել մեզ աջակցող պատգամավորներին»:

Լուսանկարը՝  ԱրսենՍարգսյանի/NEWS.am