Ընկերուհուս հետ սեքսի ժամանակ պահպանակը պատռվեց, անմիջապես փոխեցինք, բայց միևնույն է` անհանգիստ էի: Դեղատանը խորհուրդ տվեցին պոստինոր օգտագործել: Առաջին դեղահաբը խմել է, բայց ասում է, որ զուգարան է գնում հաճախ ու ցավեր կան միզելուց: Միգուցե երկրորդն էլ չխմի՞: Կարո՞ղ է ինչ-որ բան սխալ ենք արել: Հղիությունն անցանկալի է, բայց չեմ էլ ուզում, որ իրեն վատ լինի:
Հարցին պատասխանում է Ի.Ի. Մեչնիկովի անվան Հյուսիս-Արևմտյան պետական բժշկական համալսարանի Մանկաբարձության, գինեկոլոգիայի, ռեպրոդուկտոլոգիայի ու պերինատոլոգիայի ամբիոնի մանկաբարձ-գինեկոլոգ Աստղիկ Մելքոնյանը:
Դուք ամեն ինչ ճիշտ ու ժամանակին եք արել: Մի՛ անհանգստացեք: Անպայման թող խմի երկրորդ հաբը, համաձայն ինստրուկցիայի, այսինքն առաջին հաբը ընդունելուց 12 ժամ հետո:
Այսպես թե այնպես պոստինորն իր ազդեցությունը կթողի կնոջ օրգանիզվի վրա. վերջիվերջո դա «դրսից եկած» հորմոն է, բավականին մեծ դեղաչափով: Եվ հենց այդ դեղաչափն էլ կանխում է հնարավոր բեղմնավորումը և փոխում արգանդի լորձաթաղանթի կառուցվածքը: Այնպես որ եթե նույնիսկ բեղմնավորում կայանա, պտղաձուն չի կարողանա կպնել արգանդի պատին և դուրս կգա օրգանիզմից:
Պրեպարատի կողմնակի ազդեցություններից են սրտխառնոցը, երբեմն փսխումն ու լուծը: Հնարավոր են ձգող ցավեր որովայնի ստորին հատվածում: Քանի որ խոսքը գնում է հորմոնի մասին, բնական է, որ այն կազդի էնդոկրին համակարգի վրա, և հնարավոր է թեթև արյունային արտադրություն, դաշտանային ցիկլի խանգարում:
Ինչ վերաբերվում է Ձեր նշած ախտանիշներին, ապա դրանք կապ չունեն պոստինորի ազդեցության հետ: Ամենայն հավանականությամբ Ձեր ընկերուհու մոտ միզուղիների ինֆեկցիա է (ցիստիտ, ուրետրիտ): Ախտորոշումը ճշտելու ու հետագա բուժում նշանակելու համար դիմե՛ք ուռոլոգի կոնսուլտացիայի: Խորհուրդ կտայի Ձեզ ևս ստուգվել, քանի որ եթե կանանց մոտ ինֆեկցիաները որպես կանոն արտահայտվում են տարբեր ախտանիշներով, ապա տղամարդկանց մոտ հաճախ ասիմպտոմ են ընթանում, ու դա կարող է բերել այնպիսի բորբոքային հիվանդությունների, ինչպիսին օրինակ պրոստատիտն է:
Պոստինորը «լուրջ» դեղամիջոց է: Հաճախ կամ ոչ ճիշտ օգտագործելու դեպքում կարող է մեծ վնաս պատճառել կնոջ օրգանիզմին: Ուստի նման հարցերով որպես կանոն խորհրդակցում են գինեկոլոգի, ոչ թե դեղատան վաճառողի հետ: Վերջինս նույնիսկ բժշկական կրթություն կարող է չունենալ, ու եթե այս դեպքում Ձեր «բախտը բերել է» ու հանդիպել եք ադեկվատ մասնագետի, մյուս անգամ կարող է դա չլինի:
https://www.facebook.com/astghik.melkonyan
Աղբյուր՝ www.slaq.am