Vrezh Shahramanyan (Sexopathologist)
Հարցին պատասխանում է ԵՊԲՀ սեքսոպաթոլոգիայի կլինիկայի բժիշկ-սեքսոպաթոլոգ, սեքսոլոգիայի ամբիոնի դասախոս Վրեժ Շահրամանյանը:

Ծխելը, մնացած վնասակարություններից զատ, առաջացնում է նաև սեռական անկարողություն՝ պոտենցիայի (էրեկցիայի) խանգարում: Ծխախոտը բացասական ազդեցություն է ունենում տղամարդկանց սեռական կարողության վրա: Կանադայում, Բրազիլիայում եւ Թայլանդում ծխախոտի տուփերի վրա անգամ տեղադրվում է զգուշացում այն մասին, որ ծխելը բերում է սեռական կարողության անկման: Սեռական անկարողության հիմնական պատճառը առնանդամը սնուցող անոթների ախտահարումն է: Արյան շրջանառության դժվարացումն այդ անոթներով հանգեցնում է արյան ճնշման նվազման և արյան անբավարար մատակարարման՝ խախտելով օրգանի սնուցումը: Ժամանակակից հետազոտությունների համաձայն՝ ծխելը նպաստում է առնանդամի զարկերակի աթերոսկլերոզի առաջացմանն ու զարգացմանը: Ավելին՝ նիկոտինի անմիջական ազդեցության տակ տեղի է ունենում անոթների կծկում՝ առավել խորացնելով անդամի արյան սնուցման խանգարումները: Այսպիսով՝ ծխելը ոչ միայն օրգանիզմի ախտահարման առանձին ռիսկի գործոն է, այլ նաև նպաստում է ռիսկի այլ գործոնների բացասական ազդեցության արտահայտմանը: