Համացանցում պոռնոգրաֆիա դիտելու պատճառով բրիտանացի տղաները չգիտեն, թե ինչպես պետք է իրենց դրսեւորեն աղջիկների հետ. դպրոցական աղջիկները բողոքել են հասակակիցների ագրեսիվ պահվածքից:
Ինչպես հաղորդում է բրիտանական Daily Mail պարբերականը, The Times-ի վերջին համարում հրապարակվել է փորձագետների խմբի նամակ: Ուղերձում ասվում էր, որ համաձայն հետազոտության արդյունքների, ամեն երեք աշակերտուհիներից մեկը բախվել է հասակակիցների սեռական բնույթի ագրեսիայի հետ, ովքեր չգիտեն, ինչպես պետք է իրենց պահեն աղջիկների հետ:
Նամակի հեղինակները նախազգուշացրել են, որ դեռահասները տղամարդու եւ կնոջ հարաբերությունների մասին տեղեկանում են համացանցում տարածված պոռնոգրաֆիայի միջոցով, ուստի անհրաժեշտ է սովորեցնել նրանց հարգել հակառակ սեռի ներկայացուցիչներին սեռական դաստիարակության դասընթացների ժամանակ, հաղորդում է FedPost.ru-ն:
Նրանց հետ համամիտ է նաեւ Մեծ Բրիտանիայում երեխաների հարցերով ազգային վարչության ներկայացուցիչը, ով հաստատել է, որ օնլայն պոռնոգրաֆիայի հասանելիությունը դեռահասների մոտ աղջիկներին վերածում է սեռական օբյեկտի, որի հետեւանքով դրսեւորում են ռիսկային սեռական պահվածք: Բացի այդ, իր զեկույցում նա նշել է, որ նրանք, ում համար հասանելի են մեծահասակների համար պատկերները, ավելի շուտ են կորցնում կուսությունը, քանի իրենց հասակակիցները:
Հետազոտության ցնցող արդյունքները ստիպել են քննադատներին հանդես գալ հայտարարությամբ, որի համաձայն կրթական համակարգը ետ է մնում ժամանակակից տեխնոլոգիաներից:
Իր նամակում խումբը կոչ է անում նախարարներին աջակցել նման առարկա ներմուծելու նախաձեռնությանը, ինչպես սեռական դաստիարակությունն է, որը կքննարկվի մոտ ժամանակներում Լորդերի պալատում:
Աղբյուր՝ news.am