Միանգամայն ավելորդ և անհիմն է դաշտանի առաջին օրերը անկողնում անցկացնելը, հիգիենիկ սովորական պրոցեդուրաները դադարեցնելը: Հակառակը մաքուր օդում զբոսանքը, ակտիվ քայլքը օգտակար կարող են լինել արյան շրջանառության լավացման և ակտիվ նյութափոխանակության համար հատկապես այն մարդկանց մոտ ովքեր տառապում են փորկապություններով:

Մարմնի և մաշկի սովորական խնամքը դաշտանի ընթացքում չպետք է դադարեցվի՝ բացառությամբ տաք վաննաների: Սեռական օրգանների խնամքը դաշտանի ընթացքում պետք է ներառի նրանց լվացումը օրը 2-3 անգամ տաք ջրով և օճառով, բնականաբար արգելվում են ցանկացած ներլվացումներ:

Դաշտանի ժամանակ հարկավոր է խուսափել օրգանիզմը սառեցնելուց, հատկապես ոտքերը և որովայնի ստորին հատվածները, հատկապես այս ժամանակահատվածում կտրականապես արգելվում է ստրինգներ կրելը:
Քանի որ շատ կանանց մոտ դաշտանի ընթացքում նկատվում է փորկապություն, ապա խորհուրդ է տրվում ուշադրություն դարձնել սննդակարգին այդ օրերին ցանկալի է խուսափել կծու, թթու գննդամթերքներից, ալկոհոլից, ավելի հաճախ օգտագործել միրգ, բանջարեղեն, հանքային ջրեր, հյութեր:

Ցանկալի է ունենալ այսպես կոչված դաշտանային օրացույց, որի վրա նշել դաշտանի օրերը, տևողությունը, արյան քանակը և այլ ուշագրավ առանձնահատկություններ, որոնք կարող են որոշիչ լինել որոշ հիվանդությունների ժամանակ:
Հարկավոր է սահմանափակել ֆիզիկական ծանրաբեռնվածությունը, օրինակ սպորտային պարապմունքները դաշտանի ժամանակ:

Հատուկ թեմա է սեռական կյանքը դաշտանի ընթացքում, շատ զույգեր վախենում են դրանից նույնիսկ չիմանալով ինչու, շատ զույգեր էլ հակառակը գերադասում են զբաղվել սեքսով հենց դաշտանի ժամանակ՝ մտածելով որ այդպիսով կխուսափեն հղիությունից:
Միանշանակ ասել, որ չի կարելի սեքսով զբաղվել դաշտանի ժամանակ հնարավոր չէ, ամեն ինչ կախված է զույգի ցանկությունից: Զույգեր կան, որ նշում են թե արյան մեծ քանակի առկայությունը նվազեցնում է հաճույքի զգացողությունը, քանի որ շփումը անդամի և հեշտոցի միջև նվազում է: Շատ զույգեր էլ հակառակը՝ պնդում են, որ հենց դաշտանի ժամանակ սեքսով զբաղվելով են ստանում հաճույք:
Ամեն դեպքում ամենակարևորը հիգիենիկ կանոնները պահպանելն է, եթե զույգը բաղկացած է մշտական զուգընկերներից, հետևում է էլեմենտար հիգիենիկ նորմերին և անկողին է մտնում ոչ միայն ոտքերը լվանալուց հետո (ընդ որում հայ տղամարդկանց մեծամասնությունը ցավոք սրտի կարծում է թե լվացվելը միայն կնոջ պարտականությունն է), ապա դաշտանի ընթացքում, թե անկախ նրանից հարաբերություն ունենալը միայն և միայն զույգի ընտրությունն է:

Պարզապես պետք է հիշել, որ դաշտանի ընթացքում հարաբերությունները կարող են նպաստող հանգամանք լինել ինֆեկցիայի ներթափանցմանը դեպի արգանդ, քանի որ արգանդի պարանոցը մի փոքր բացվում է դաշտանի ընթացքում, և բացի դա միկրոօրգանիզմների համար արյունը հանդիսանում է սննդային միջավայր:
doctors.am