Նման հանգիստը տարբերվում է սովորական արձակուրդից: Հարսանեկան ուղևորությունը հատուկ ճամփորդություն է, երբ հաշվի է առնված ամեն մանրուք. չէ՞ որ այն պետք է դառնա ձեր կյանքի ամենից վառ ու հիշվող իրադարձություններից մեկը: Մեղրամսի անցկացման վայրը ևս պետք է առանձնահատուկ և ինքնատիպ լինի. կարևորը` լինի համահունչ ձեր ներաշխարհին ու ընդհանուր տրամադրությանը: Տաք ավազով լողա՞փ, թե՞ մեծ քաղաք, լեռնե՞ր, թե՞ անտառային լճակ. վերջնական ընտրությունը պետք է դառնա ձեր ցանկությունների ու զգացմունքների արտացոլումը:
Banyan Velaa Maldives
Շքեղ` 30 մետր երկարությամբ Banyan Velaa նավի վրա ձեզ սպասում են անմոռանալի արկածներ: Այստեղ տեղակայված է 6 նավախուց, որոնք կարող են տեղավորել 12 հյուրի:
Զբոսանավով ուղևորությունը կատարվում է Մալդիվյան կղզիների շուրջ: Նավի անձնակազմը կարող է դիմավորել ձեզ Banyan Tree Maldives Vabbinfaru 5*, Angsana Ihuru 5* հյուրանոցներում կամ անմիջապես օդանավակայանում: Նավի վրա կարող եք անցկացնել 1, 2 կամ 3 գիշեր: Օրվա ընթացքում ձեզ սպասում են բազմաթիվ հետաքրքիր միջոցառումներ.
– Սնորքլինգ.
– Դայվինգ (ջրասուզում) տարբեր ծովածոցերում, որտեղ կարող եք տեսնել մարջանախութեր, ստորջրյա քարանձավներ, ինչպես նաև` ծանոթանալ դրանց արտասովոր բնակիչների հետ.
– Էքսկուրսիաներ գյուղերում, ուր կարող եք հիանալ տեսարժան վայրերով և ծանոթանալ տեղի բնակչության առօրյային.
– Ճաշեր և շքեղ ընթրիք` հենց լողափին.
– Ձկնորսություն։
Banyan Tree Maldives Vabbinfaru 5 հյուրանոցը
Թռչնի թռիչքի բարձրությունից Մալդիվները կազմող 1190 մարջանային կղզիներն ասես մարգարիտներ լինեն` փիրուզագույն ջրի վրա սփռված: Այստեղ իսպառ վերանում է իրականության ու երազի սահմանագիծը: Սպիտակ ավազով լողափեր, վառ արև, տաք ջուր, որի ջերմաստիճանը չի իջնում +24 աստիճանից, իդեալական լռություն և ներդաշնակություն. ուրիշ ի՞նչ է հարկավոր մեծ քաղաքի աղմուկից ու իրարանցումից հոգնած մարդուն:
Այս խաղաղ, մեկուսացած հանգստավայրը գտնվում է Հյուսիսային Մալե Աթոլի Վաբինֆարու կղզու վրա: Փարթամ այգիներով շրջապատված գեղեցիկ առանձնատները, որոնց մի մասն ունի դեպի ծովն ուղիղ ելքով մերսման սրահներ, առաջարկում են լիակատար առանձնացում: Հանգստավայրն աչքի է ընկնում անդորրով, չքնաղ տեսարաններով, իսկ բարձրակարգ հյուրանոցային համարները խիստ գրավիչ են նորապսակների և առանձնության ձգտող զույգերի համար:
Ինչևէ, անարդարացի կլիներ Banyan Tree-ն սովորական հյուրանոց կամ հանգստավայր անվանելը: Սա համաշխարհային էլիտայի հանգստի եզակի վայրերից է: Եթե ավելացնենք նաև Ասիայում լավագույններից մեկը համարվող Banyan Tree հյուրանոցային ցանցի բարձրագույն մակարդակի սպասարկումը, պարզ է դառնում, որ նման դրախտային անկյուն այցելելն իսկական հաճույք է:
Banyan Tree Spa սպա կենտրոնի` տեղական ճարտարապետության ոճով կառուցված և բնությանը համահունչ ընդարձակ սրահները հնարավորություն են տալիս լիցքաթափվել և օգտվել կենտրոնի ծառայություններից` սկսած արևելյան բուժամիջոցներով սեանսերից մինչև եվրոպական մեթոդիկայի կիրառմամբ պրոցեդուրաները:
Հյուրանոցում հնարավոր է նաև հարսանեկան արարողությունների կազմակերպում:
cosmo.am