Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը Աղվան Պետրոսյանի նախագահությամբ որոշում է կայացրել Ալեքսանյանին քրեական պատասխանատվությունից ազատելու և ՀՀ քրեական օրենսգրքի 116 հոդվածի 2-րդ մասով քրեական գործի վարույթը կարճելու մասին:
Ըստ դատական ակտի՝ 23-ամյա Էդգար Ալեքսանյանն աշխատել է Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում գտնվող «Հրաշք օջախ» ռեստորանային համալիրում՝ որպես խոհարար:
2012 թվականի դեկտեմբերի 10-ին, ժամը 18-ի սահմաններում զորամասի պահեստապետ, ենթասպա Ա. Մանուկյանը հիշյալ ռեստորանային համալիրի բակում կայանած իր մեքենայում վիճաբանության մեջ է մտել ռեստորանի խոհարարի հետ՝ իր եղբոր փեսայի ունեցած 19 հազար դրամ պարտքի վերաբերյալ:
Վիճաբանությունը շարունակվել է ռեստորանի միջանցքում: Մանուկյանը մեքենայից իր հետ վերցրած փայտե մահակով հարվածել է խոհարարի գլխին:
Մանուկյանի կողմից գործադրվող բռնությունը կանխելու նպատակով Ալեքսանյանը, անցնելով անհրաժեշտ պաշտպանության սահմանները, պահարանից վերցրել է 27 սմ ընդհանուր և 15 սմ շեղբի երկարություն ունեցող խոհանոցային դանակը և մեկ հարված հասցրել Մանուկյանի ձախ ազդրին՝ նրա առողջությանը պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս:
Արագացված դատաքննության ժամանակ ամբաստանյալը հաշտվել է տուժողի հետ և խնդրել իրեն ազատել քրեական պատասխանատվությունից՝ տուժողի հետ հաշտվելու կապակցությամբ: Նույնը խնդրել է նաև տուժողը՝ հայտնելով, թե ամբաստանյալն ամբողջությամբ հատուցել է իր բուժման ծախսերը:
Ընդհանուր իրավասության դատարանը Էդգար Ալեքսանյանին ազատել է քրեական պատասխանատվությունից՝ նրան անհապաղ ազատ արձակելով դատարանի դահլիճում:
Որոշումը բողոքարկել է մեղադրողը՝ խնդրելով բեկանել այն, գործն ուղարկել նույն դատարան՝ նոր քննության:
1in.am