Ըստ Սոնա Ավետիսյանի
«Տնեցիք» ասում են՝ «վախտն» է
Անկախ մեր անձնական պատկերացումներից և մտածելակերպից, հասարակության մեջ կան ձևավորված նորմեր, թե որ տարիքում է պետք մայրանալ, քանի երեխա ունենալ, ինչպես դաստիարակել…. Ու, ընդհանրապես, հասարակությունը փոքր-ինչ շատ է «քիթը խոթում» մարդկանց անձնական կյանքի մեջ: Ինչևէ, այս կարծրատիպերն ազդում են և հաճախ խանգարում, որ ճիշտ որոշումներ կայացնել:
«Ես ու ամուսինս մեկ տարի է, ինչ ամուսնացած ենք, սակայն դեռևս չենք պլանավորում երեխա ունենալ. ուզում ենք մեր համատեղ կյանքը վայելել: Կարծում եմ՝ երեխայի ծնունդը միշտ էլ վատ է անդրադառնում զույգի հարաբերությունների վրա… Սակայն մեր ծնողներն ու բարեկամները շարունակ պնդում են, որ չարժե հետաձգել…ոմանք էլ՝ կասկածամիտ ակնարկներ են անում, թե «չի՞ ստացվում, թե՞ չեք ցանկանում»: Այս պատճառով նույնիսկ վեճ ունեցանք ամուսնուս հետ. նա նեղվում է հասարակության կարծիքից և ճնշումներից, իսկ ես ուզում եմ դեռ աշխատանքում հաստատվել…»,- պատմում է 27-ամյա Նանե Սմբատյանը:
Հետաքրքիր է, որ ըստ Forbes ամսագրի՝ ԱՄՆ-ում կատարած հարցումներին մասնակցել է ավելի քան 2000 բարձրագույն կրթություն ունեցող և աշխատող կին: Նրանցից 76%-ը ցանկանում է առաջնեկին ունենալ 25-34 տարեկան հասակում: Իհարկե, հայկական իրականության մեջ տարիքային շեմն ավելի ցածր է՝ 23-28. դե մեզ մոտ «տնեցիք» ավելի մտահոգ ու անհամբեր են :
Իսկ բժիշկներն ասում են…
Գինեկոլոգների հավաստմամբ մայրանալու համար ամենահարմար բիոլոգիական տարիքը 18-25-ն է: Այդ տարիքում հղիանալն ավելի հեշտ է, քանի որ ձվարանները դեռևս երիտասարդ ու առողջ են: Բացի այդ, վիժումների հավանականությունն ավելի փոքր է, և հղիությունն ավելի հեշտ է ընթանում: Երիտասարդ հղիների 80%-ը հեշտությամբ ծննդաբերում է բնական ճանապարհով:
30-ից բարձր կանայք կորցնում են ձվաբջիջների մեծ մասը, իսկ 40-ից հետո հղիանալու շանսերը մինիմալ են: Շատ ակուշեր-գինեկոլոգներ գտնում են, որ 34 տարեկանից հետո հղիությունը լավ չի անդրադառնում մոր և երեխայի առողջության վրա:
Հոգեբանները զգուշացնում են
Այո՛, 18 տարեկան աղջկա ֆիզիոլոգիական «ես»-ը պատրաստ է մայրանալ, բայց արդյո՞ք նրա հոգեբանական «ես»-ը նույնպես պատրաստ է: Երեխայի ծնունդը ամբողջովին փոխում է կյանքդ. նոր կենսակերպ, արտաքինի փոփոխում, մշտական անքնություն, ֆիզիկական ծանրաբեռնվածություն…: Այս ամենն ազդում է նյարդային համակարգի և կնոջ հոգեբանական վիճակի վրա: Մայր դառնալու համար կինը, անկախ տարիքից, պետք է հոգեբանորեն հասուն լինի, պատրաստ հսկայական պատասխանատվություն կրել:
Հոգեբանները նաև չեն խրախուսում շատ ուշացնել երեխայի ծնունդը, քանի որ հասուն կինը իրեն լիովին նվիրում է երեխային, չափազանց շատ է լինում ուշադրությունը, և հնարավոր է, որ երեխան մեծ կախում ունենա ծնողից, անհասուն մեծանա և մեծ տարիքում բախվի ինֆանտիլիզմի խնդրին:
Հ. Գ. Մի՛ վախեցիր: Մայրանալը կարող է մեծագույն երջանկություն լինել անկախ տարիքից, էմանսիպացիայի աստիճանից, սպասվող դժվարություններից, արտաքինիդ հնարավոր փոփոխություններից, ժամանակավոր զրկանքներից… Կուշացնես թե կշտապես… մի´ լարվիր ու մի´ կենտրոնացիր ժամկետների վրա: Կարևորը ճիշտ տրամադրվելն է՝ միայն դրական
cosmo.am