Ներկայումս Հայաստանում ոստիկանության հաշվառված է 245 մարմնավաճառ, իսկ նախորդ տարի նրանք 259-ն էին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հարցմանն ի պատասխան հայտնեցին ոստիկանության հասարակական կարգի ապահովման վարչությունից:

2013թ առաջին վեց ամիսների ընթացքում ոստիկանության կողմից կատարված ստուգայցերի արդյունքում հանրապետությունում հայտնաբերվել է մարմնավաճառությամբ զբաղվելու 80 դեպք, երբ 2012թ նույն ժամանակահատվածում դրանք 160 էին: Բոլոր դեպքերի մասով կազմվել է վարչական իրավախախտման մասին արձանագրություններ, իսկ մարմնավաճառները ուղարկվել են  ՀՀ առողջապահության նախարարության մաշկավեներաբանական կենտրոն՝  ստուգման նպատակով: Առաջին վեց ամիսների ընթացքում միայն Երեւան քաղաքի ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից հայտնաբերվել է մարմնավաճառությամբ զբաղվելու 70 դեպք , իսկ 2012թ-ին 145 էին, որոնցից 14-ը` կրկնակի անգամ:  ՀՀ առողջապահության նախարարության մաշկավեներաբանական կենտրոն զննման ներկայացված այդ մարմնավաճառներից 38-ը տառապել են տարբեր վեներական հիվանդություններով, 2012թ  նրանք 122 էին: Հաշվառման մեջ գտնվող մարմնավաճառների թվով առաջատար է  Լոռիի, Արմավիրի, Սյունիքի եւ Գեղարքունիքի մարզերը, որտեղ հաշվառված են համապատասծանաբար  63, 40, 19 եւ 10 մարմնավաճառ:

Նշենք, որ մարմնավաճառությունը (լատիներեն prostitu–խայտառակություն, անպատվություն) վճարի դիմաց պատահական սեռական հարաբերությունների մեջ մտնելն Է, որը հիմնված չէ սիրո, անձնական համակրանքի կամ հրապուրանքի վրա։  Այն համարվում է հնագույն մասնագիտություն եւ գոյություն է ունեցել հին աշխարհի երկրներում՝ Եգիպտոսում, Բաբելոնում, Հնդկաստանում։ Մարմնավաճառությունը սահմանվում է ՄԱԿ-ի 21.03.1950թ. «Մարդկանց առեւտրի եւ երրորդ անձանց կողմից պոռնկության շահագործման դեմ պայքարի մասին» կոնվենցիայի 1-ին հոդվածով, որի բնութագիրն է (պոռնկությունը շահ ստանալու նպատակով մեկ անձի սեռական կրքերի բավարարումն է մեկ այլ անձի կողմից): Թե ինչու են կանայք եւ տղամարդիկ զբադվում այդ գործունեությամբ  ՀԿԱ վարչությունից հայտնեցին, որ կա երկու վարկած՝ սոցիոլոգիական եւ մարդաբանական։ Սոցիոլոգիական ուղղության կողմնակիցները պնդում են, որ մարմնավաճառությունը գումար աշխատելու, աղքատությունը հաղթահարելու միջոց է եւ տարածված է հիմնականում մեծ քաղաքներում։  Մարդաբանական ուղղության կողմնակիցները մարմնավաճառությունը համարում են գենետիկ ծրագրավորման արդյունք, իսկ սոցիոլոգիական պատճառները՝ աղքատությունը, դրա դրսեւորման նպաստավոր պայման։

Ըստ մարմնավաճառությամբ զբաղվող անձանց սեռի, տարիքի եւ մատուցվող ծառայությունների կազմակերպչական ձեւերի՝ մարմնավաճառությունը դասակարգվում է երեք տեսակի: Ամենացածր աստիճանին են գտնվում փողոցներում կանգնող մարմնավաճառները, որոնց կրթական աստիճանը  եւ տարիքը էական նշանակություն  չունեն  եւ  որոնք առավել հաճախակի են հայտնվում ոստիկանության տեսադաշտում։ Միջին աստիճանին են պատկանում այն մարմնավաճառները, որոնք աշխատում են գիշերային ակումբներում եւ զվարճանքի այլ օբյեկտներում եւ իրենց ծառայությունները մատուցում են տվյալ վայրում։ Սրանք որպես կանոն երիտասարդ են եւ գրավիչ։ Այս կատեգորիային են պատկանում նաեւ արտասահմանից «հյուրախաղերի» ժամանածները, որոնք դժվարությամբ են վերահսկվում ոստիկանության կողմից։ Բարձր աստիճանին են պատկանում էլիտար մարմնավաճառները, որոնք միջնորդի միջոցով կամ առանց միջնորդի պայմանավորվում են հաճախորդի հետ հանդիպման մասին։ Դրանց թվին են պատկանում երիտասարդ, գրավիչ, հաճախ լավ ուսում ստացած մարմնավաճառները։ Որպես կանոն սրանք դուրս են մնում ոստիկանության պրոֆիլակտիկ ծառայությունների տեսադաշտից։


http://news.am/arm/news/171737.html