Ինչպես նշված վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին դեպքի վայր են ժամանել ոստիկանության Հրազդանի բաժնի օպերատիվ խումբը՝ Հրազդանի ոստիկանապետ Արմեն Իսրայելյանի գլխավորությամբ: Տեղում են նաև ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնի մեծ թվով քննիչներ՝ քննչական բաժնի պետ Վալենտին Պապյանի գլխավորությամբ: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ հիվանդանոց տեղափոխված անձը հանդիսանում է Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի բնակիչ 34-ամյա Մհեր Աբելյանը, ով եղել է Volkswagen Tuareg մակնիշի 30 ԼՏ 394 համարանիշի ավտոմեքենայով, որի հետևի հատվածը վնասված է, իսկ նրա ավտոմեքենայի մոտ կայանված է առջևի մասն ամբողջովին վնասված Mersedes S 600 մակնիշի 30 ՕT 001 համարանիշի ավտոմեքենա, որը պատկանում է Հրազդան քաղաքի Ջրառատ թաղամասի բնակիչ 26-ամյա Աշոտ Խաչատրյանին: Ըստ դեպքի վայրում հավաքված քաղաքացիների՝ հիվանդանոց տեղափոխվածի երկու ոտքերն էլ վնասված են, որից մեկը կտրված է: Հրազդանի ոստիկանության ձեռնարկած բացատրական աշխատանքների արդյունքում Ա. Խաչատրյանը ինքնակամ ներկայացել է ոստիկանության Հրազդանի բաժին: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Մ. Աբելյանի հորեղբոր տղան աշխատում է Ազգային անվտանգության ծառայությունում՝ Չարենցավանի բաժանմունքի պետ, և ամեն անգամ Մ. Աբելյանի կողմից կատարված վիճաբանություններում ու ռազբորկաներում, որոնց ժամանակ երբեմն հնչել են նաև կրակոցներ, ԱԱԾ-ի իր ազգականի միջամտության արդյունքում ազատվել է քրեական պատասխանատվությունից ու դեպքի վայրում հավաքված մարդիկ պատմում էին, որ եթե դատարանը, ինչ-ինչ շահերից ելնելով, այլ պատիժ և գնահատական տար, ապա «մի կաթիլ մեղրի» պատմություն հիշեցնող այսօրվա դեպքը տեղի չէր ունենա: Ըստ ֆոտոլրագրողի տեղեկությունների՝ Մ. Աբելյանը վերջերս է կալանքից ազատվել, ով խուլիգանության և գույքի դիտավորյալ ոչնչացման համար դատապարտվել էր երկուսուկես տարվա ազատազրկման: — 15:00 Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ փաստի առթիվ ոստիկանության Կոտայքի մարզի քննչական բաժնում հարուցվեց քրեական գործ՝ ՀՀ քրօրի 34-104 (սպանության փորձ) հատկանիշներով: shamshyan.com