Երեկ կայացավ «Հեռուստամարաթոն 2013»-ը, որի ընթացքում նվիրաբերվեց նախնական տվյալներով՝ 22 661 372 ԱՄՆ դոլար: Հեռուստամարաթոնին իրենց մասնակցությամբ գումար փոխանցեցին, ինչպես հասարակ մարդիկ, այնպես էլ ՀՀ ԱԺ պատգամավորներ, գործարարներ և այլն: Այլ կերպ ասած՝ իրենք իրենց սեփական միջոցներով, որոնք ի դեպ քիչ չէին, օգնեցին ավտոմայրուղու շինարարությունը: ՀՀ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը հիմնադրամին նվիրաբերել է 200 հազար ԱՄՆ դոլար:

Այս փաստը մեծ գովասանքի արժանացավ նաև Facebook սոցիալական ցանցում, սակայն եղավ նաև քննադատություն: ԱԺ նախկին պատգամավոր, Երևանի ավագանու անդամ, Ստյոպա Սաֆարյանը մասնավորապես գրել էր. «Արցունք աչքերիս գնամ քնեմ: «Քյոռանամ» քո համար Լֆիկ ջան, դու ե՞րբ էիր էտ օրն ընկել, որ ընկար…. Բա դու՝ մեծն բարերատդ, Քրիստոսից հետո երկրորդ մարդդ, էլ ո՞ր ասեմ, էլ ո՞րը»…:

Որին ի պատասխան քաղաքական մեկնաբան Մենուա Հարությունյանը հակադարձել էր, կոնկրետ նշելով Սամվել Ալեքսանյանի արված քայլի դրական կողմը: «Հարգելի’ Ստյոպա Սաֆարյան, Սամվել Ալեքսանյանը 200 հազար դոլար կտրեց իր զավակների բերանից ու նվիրաբերեց “Հայաստան” համահայկական հիմնադրամին և դու նրան քննադատում ես: Իսկ հետաքրքիր է, դու, որ նրան այդքան քննադատում ես, որքան գումար ես կտրել քո զավակների բերանից և նվիրաբերել հիմնադրամին»:

Այս պատասխանից հետո էլ Ստոյպա Սաֆարյանը հակադարձեց. «Համահայկական գռդոնին ձեր Սամվել Ալեքսանյանի նվիրաբերած 200.000 դոլարը հենց մեր փողն է, որը գողացվել ու գողացվում է ամեն Աստծո օր «Երեւան սիթիների», Նատալի ֆարմերի, այլ կազմակերպությունների միջոցով՝ հարկատուներիս վճարներից գոյացած բյուջեի միջոցների՝ մեր համար նախատեսված առողջապահական, սոցիալական, ռազմական ու այլ ոլորտների պետական գնումների համար նախատեսված ծախսերը ատկատահարելու հայտնի ու անհայտ մեխանիզմներով /այս կապակցությամբ, կարդացեք 2012թ. սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին նախագահական նստավայրի մամլո հաղորդագրությունները ատկատների թեմայով, նաեւ ՏՄՊՀՀ զեկույցն ու Ալեքսանյանի 50.000.000 միլիոն տուգանքը իմ եւ Անահիտ Բախշյանի բռնացրած փաստի կապակցությամբ/: Այնպես որ դա իմ եւ շատերի նվիրատվությունն է: Մի հատ նոր ստատուս գրեք՝ ուղղված Սամվել Ալեքսանյանին, թե ի վերջո, նա քանի լումա է նվիրաբերել, քանի որ 200.000 դոլարը նվիրաբերել են բազում Ստեփան Սաֆարյաններ: Հուսամ, աչքս ջուր չի կտրի եւ կտեսնեմ այդ ստատուսը՝ «Հարգելի Սամվել Լիմինդրովիչ, որքան եք փոխանցել համահայկական մարաթոնին»:


Աղբյուր՝ www.slaq.am