Թումանյան փողոցում մարտի 8-ին՝ 18։00-ի սահմաններում, Մհեր Մարգարյանը ալկոհոլի ազդեցության տակ երիտասարդ մի զույգի սեռական բնույթի հայհոյանք էր հասցրել, ինչից հետո  աղջկա հետ քայլող տղան նրա հետ վեճի էր բռնվել։

Երիտասարդն ու Մհերը քաշքշել էին միմյանց, այնուհետեւ Մհերը հանել էր կենցաղային դանակը, սակայն փողոցում անցնող ոստիկանը կանխել էր նրան։

«Ձեռնամարտի հնարքներ գործադրելով՝ խլեցի դանակը քաղաքացուց, եւ գցեցի գետնին, ընթացքում նա հանեց իր գոտկատեղից նոր դանակ, որը նույնպես խլեցի»,-պատմեց ոստիկանը՝ նշելով, որ դրանից հետո օգնություն է կանչել շրջագայող պարեկային խմբին։

Ոստիկանները Մհեր Մարգարյանին բերման են ենթարկել ոստիկանության Կենտրոնական բաժին, որտեղ Մհերը այդպես էլ չի հիշել, թե ինչպես էր Չարբախից հասել Թումանյան փողոց, եւ ինչու էր վեճի բռնվել երիտասարդի հետ։

Մինչ ոստիկանների ժամանելը, երիտասարդն աղջկա հետ հեռացել է՝ մենակ թողնելով ոստիկանին դանակավոր հանցագործի հետ։ Մհեր Մարգարյանի կենցաղային դանակներն առգրավվել են, նշանակվել է դատատեխնիկական փորձաքննություն։ Ձեռնարկվում են  միջոցառումներ նրա հետ վիճաբանող քաղաքացուն հայտնաբերելու ուղղությամբ, քննությունը շարունակվում է։ Մանրամասները՝ ոստիկանության տեսանյութում։


Աղբյուր՝ news.am