«Խաղանք իմ կանոններով» գեղարվեստական ֆիլմի նկարահանումները մի քանի օր է, ինչ ավարտվել են: Իսկ մինչ նկարահանումները կավարտվեին, բազմաթիվ լուրեր և քննարկումներ ծավալվեցին դերասաններ Մովսես Երեմյանի և Անի Երանյանի շուրջը, ինչը ևս նպաստեց ֆիլմի հանդեպ հանրության հետաքրքվածության բարձրացմանը:
Սկզբում ֆիլմի պրոդյուսեր Հայկ Ավագյանը հայտարարեց, թե Մովսես Երեմյանը հեռացվել է դերասանական կազմից, և նկարահանումներն էլ միառժամանակ դադարեցվել են, իսկ որոշ ժամանակ անց Մովսեսը կրկին ներգրավվեց ֆիլմի աշխատանքներում և շարունակեց հանդես գալ Անի Երանյանի հետ միասին:
Այս ամենը լուրջ քննարկումների տեղիք տվեց և ֆիլմով հետաքրքրվողները սկսեցին խոսել այն մասին, թե Անի Երանյանը չի ցանկացել Մովսեսի հետ նկարահանվել նույն գեղարվեստական ֆիլմում:
Թեմայի շուրջ ArmStar.am-ի հետ զրույցում Անին ասաց.
«Ես առհասարակ անձնական կյանքը գործնականի չեմ վերածում, սա մեր աշխատանքն է, և եթե առաջարկվել էր խաղալ միասին նույն ֆիլմում, մենք երկուսս էլ պետք է այդ ամենը դնեինք մի կողմ և մեծ մարդկանց նման սկսեինք խաղալ, և այո՛, կարող եմ ասել, որ դա մեզ մոտ ստացվել է», – նշեց դերասանուհին:
Անին ֆիլմում մարմնավորում է Եվայի կերպարը, ով Մովսկվայից գալիս է Հայաստան, որպեսզի ամուսնանա և, վերջում հասկանալով, որ տվյալ մարդը, ում հետ նա ուզում էր կյանքը կապել, իրականում իր վրա գրազ է եկել, որոշում է նույն կանոններով խաղալ այդ տղայի հետ:
Ֆիլմում նկարահանվել է նաև Լիա Զախարյանը, ով հեռուստադիտողին հայտնի է «Եռաչափ սեր» հեռուստասերիալից: Լիան «Խաղանք իմ կանոններով» ֆիլմում մարմնավորում է Եվայի ընկերուհու՝ Անիի կերպարը և, դերասանուհու խոսքերով, ֆիլմի շնորհիվ նրանց ընկերությունը տեղափոխվել է նաև իրական կյանք:
«Առաջին անգամն էր, որ խաղում էի Անի Երանյանի հետ նույն ֆիլմում: Մինչ այդ իրական կյանքում նրան որպես անհատ, աղջիկ չեմ ճանաչել նրան այնքան, որ հասկանամ, թե ինչպես կլինի համատեղ աշխատանքը, սակայն, ծանոթանալով նրա հետ, կարող եմ ասել, որ Անին այն դերասանուհիներից է, ում հետ իսկապես հեշտ է աշխատելը:
Այն, ինչ ես մինչ այդ չգիտեի և դրա պակասը ունեի ֆիլմում, ստացել եմ նրանից և խմբի մյուս անդամներից, նույնիսկ հասցրել եմ արդեն ընկերանալ Անիի հետ,- ասաց Լիա Զախարյանը և ավելացրեց. «Թե՛ ֆիլմում, և թե՛ իրական կյանքում Անիի հետ շփվելն իսկապես հաճելի էր ինձ համար»:
Ֆիլմի պրոդյուսերներ Հայկ Ավագյանի և Սարգիս Սեպուհյանի խոսքերով «Խաղանք իմ կանոններով» ֆիլմի պրեմիերան տեղի կունենա կանանց միջազգային օրը՝ մարտի 8-ին «Մոսկվա» կինոթատրոնում:
Slaq.am – Լրատվական աղբյուր