Այս մասին Slaq.am-ի հետ զրույցում ասաց Այգեպար համայնքի ղեկավար Անդրանիկ Այդինյանը: «Երեխաները դպրոց են հաճախում, աշխատողներն իրենց աշխատանքին են այցելում, նորմալ է»,- ասաց Անդրանիկ Այդինյանն ու հավելեց, որ երեկ 20.30-ից մինչև 23.30-ն ընկնած ժամանակահատվածում կրակոցներ են հնչել ադրբեջանական կողմից:
«Մեր դիրքապահները 1-ին 10-ը պատասխանեցին և հակառակորդը լռեց»,- պատմեց համայնքի ղեկավարն ու հավելեց, որ երեկ արտառոց դեպքեր տեղի չեն ունեցել, կրակոցներն ընդամենը դիպել են ճանապարհներին և պատերին:
Անդրանիկ Այդինյանն ասաց, որ գյուղում տարհանում չի եղել.«Նույնիսկ 90-ական թվականներին, որ տանկը խփում էր գյուղից ոչ մեկը չի տարհանվել, հիմա ի՞նչ տարհանել: Մեր մարտիկները, մեր դիրքապահները շատ տեղին, շատ նպատակային կրակոցներ են արձակում ու հնարավոր չի այստեղից տարհանում լինի, մենք գյուղից տեսնում ենք նրանց (ադրբեջանական, խմբ. slaq.am-ի) կողմից կրակոցներն ու մեր կողմի պատասխանը, դա այնքան «դուխ» է տալիս ժողովրդին, որ հնարավոր չի այստեղից տարհանում լինի»:
Մեր զրուցակիցն ասաց նաև, որ այսօր կրակոցներ չեն եղել և գյուղում ամեն ինչ կարգին է:
Slaq.am-ի հետ զրույցում ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը նույնպես ասաց, որ տարհանում չի եղել և տերմինը սխալ է օգտագործվել.«Այս պահին ամեն ինչ նորմալ է», ասաց Արծրուն Հովհաննիսյանը և հավելեց, որ երեկ երեկոյան երկկողմանի կրակոցներ են եղել, որի հետևանքով տուժածներ մեր կողմից չկան:
Հիշեցնենք, որ երեկ երեկոյան տեղեկատվություն էր տարածվել, որ հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արևելյան հատվածում՝ Տավուշի մարզի Այգեպար և Կարմիրաղբյուր գյուղերի ուղղությամբ ադրբեջանական կողմն անցել էր ագրեսիվ գործողությունների և կրակահերթ է բացել խաղաղ բնակչության ուղղությամբ:
Հայկական կողմը արագ պատասխանել է:
slaq.am