Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ոստիկանության Նոր Նորքի բաժնի Ավանի բաժանմունքի համայնքային ոստիկաններն ու քաղաքացիների օգնությամբ վնասազերծել են տարադարամի փոխանակման կետի աշխատակցի նկատմամբ հափշտակություն կատարող և փախուստի դիմած դիմակավորված անձին:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Ոստիկանության Նոր Նորքի քննչական բաժնի պետ Մհեր Վարդանյանի հանձնարարականով՝ հանցագործություն կատարած անձին տեղափոխեցին Ոստիկանության Ավանի բաժանմունք:
Իսկ Նոր Նորքի Ոստիկանության պետ Սամվել Խմելյանի գլխավորությամբ այս պահին ոստիկանները փնտրում են հանցագործի դիմակը, որը փախուստից հետո նա նետել էր: Ոստիկանները հայտնաբերել են նաև հափշտակած գումարը, որը 1 մլն դրամից ավելի է:
Ականատեսները ֆոտոլրագրողին պատմել են. «Մեկ էլ տեսանք՝ միլիցեքով, քաղաքացիներով մի հատ ջահելի լարում են, իսկ չենջից մի երիտասարդ աղջիկ, որը պարզվեց աշխատակիցն է, օգնություն էր կանչում, թե՝ տարավ, տարավ»:
Ժամանել են արդեն Ոստիկանության փորձաքրեագիտական վարչության աշխատակիցները:
Ըստ ֆոտոլրագրողի տեղեկությունների՝ հափշտակություն կատարող անձը Երևանի բնակիչ 34-ամյա Շահեն Ղուկասյանն է: