Գործը քննել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը:
Ըստ դատական ակտի՝ 40-ամյա Տիգրան Հովսեփյանը 2013 թվականի փետրվարի 22-ին, ժամը 22-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Չուխաջյան փողոցի շենքերից մեկի բակում ալկոհոլ օգտագործած վիճակում նույն թաղամասի բնակիչ Սարգիս Պապոյանի պարանոցին դանակի մեկ հարված է հասցրել, պատճառել ծանր վնաս ու դիմել է փախուստի:
Նախաքննական մարմինը Տիգրան Հովսեփյանին մեղադրանք էր առաջադրել դիտավորությամբ ծանր մարմնական վնասվածք պատճառելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով:
Գործի դատաքննության փուլում մեղադրողը փոխել է առաջադրված մեղադրանքը, ավելի ծանր մեղադրանք առաջադրել՝ ծանրացուցիչ հանգամանքներում՝ չնչին առիթն օգտագործելով, դիտավորությամբ տուժողի առողջությանը ծանր վնաս պատճառելու համար՝ 112 հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետով:
Տուժողն ընդհանուր իրավասության դատարանում հայտնել է, որ դեպքի օրվա երեկոյան իր փոքր որդու՝ Դավիթի հետ իրենց տանն է եղել: Կինը մյուս երկու որդիների հետ գնացել էր հարևանուհու տուն:
Ինքն ու Դավիթը պատրաստվել են ընթրել: Ինքը ձու է դրել գազօջախին, որ խաշի:
Այդ ժամանակ հանկարծ, առանց բնակարանի դուռը թակելու ներս է մտել թաղամասի բնակիչ Տիգրան Հովսեփյանը, ով հայտնի է «Շմո» մականունով:
Շմոն պահանջել է, որ Սարգիսը նրան տա իր «Մոսկվիչ 412» մեքենայի բանալիները՝ պատճառաբանելով, թե ցանկանում է մեքենայով գնալ ու իր կնոջն աշխատանքից տուն տանել:
Սարգիսը նկատել է, որ Շմոն ալկոհոլի ազդեցության տակ է, ու մերժել է նրան:
Վերջինս շարունակել է պնդել իր պահանջը: Սարգիսն անկոչ հարևանին տնից հանելու համար նրա հետ դուրս է եկել շքամուտք, զրուցելով փորձել է համոզել, համոզելով էլ ճանապարհել տուն:
Այդպես միմյանց համոզելով՝ դուրս են եկել բակ, որտեղ կայանված էր համեստ ավտոմեքենան:
Տիգրանն ավելի ու ավելի համառորեն է պահանջել մեքենայի բանալիները, Սարգիսը ավելի հաստատակամ է մերժել:
Բակով անցնող հարևաններից մեկը, տեսնելով, որ Տիգրանը խմած է, նրան հորդորել է տուն գնալ:
Երբ այդ հարևանը հեռացել է, իսկ Սարգիսը շարունակել է մերժել, Տիգրանը դանակով հարվածել է նրա պարանոցին:
Սարգիսը տեսնելով, որ պարանոցից ուժեղ արյուն է հոսում, գնացել է քիչ առաջ իրենց կողքով անցած հարևանի տուն և օգնություն է խնդրել:
Հարևանը մի լաթի կտոր է տվել, որով Սարգիսը փաթաթել է պարանոցը և բակ է դուրս եկել: Այնտեղ հանդիպել է փոքրիկ որդուն՝ Դավիթին, պատվիրել է, որ նա շուտ գնա մայրիկին կանչելու:
Դավիթը վազելով գնացել է մայրիկի մոտ ու վախեցած գոռացել է. «Շմոն պապային մորթել ա»:
Սարգիսի կինը, ինչպես նաև հարևանները օգնության են հասել, ապա շտապօգնության մեքենայով նրան հասցրել հիվանդանոց:
Տիգրան Հովսեփյանի հետ փաստական ամուսնական հարաբերությունների մեջ գտնվող կինը նախաքննության ժամանակ ասել է, թե ինքը Տիգրանի համար մի շիշ օղի էր գնել ու թողել տանը, որ նա դրսում չխմի ու ավելորդ խնդիրներ չառաջացնի:
Իր աշխատանքը վերջանում է ժամը 22-ին: Դեպքի օրն աշխատանքից եկել է տուն և իմացել, որ Տիգրանը դանակահարել է Սարգիսին, տնից վերցրել 140 հազար դրամ ու հեռացել՝ ասելով, թե այդ գումարով մեկնելու է Մոսկվա:
Ըստ կնոջ՝ ալկոհոլ օգտագործած վիճակում Տիգրանը փոխվում է, շատախոսում է ու հայհոյում:
Հարևանները ևս հայտնել են, որ ալկոհոլ օգտագործած վիճակում Տիգրանը փոխվում էր, շուտ էր բորբոքվում:
Ընդհանուր իրավասության դատարանում Տիգրան Հովսեփյանը ծանրացուցիչ հանգամանքներում, աննշան առիթն օգտագործելով, դիտավորությամբ տուժողի առողջությանը ծանր վնաս հասցնելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետով իրեն մեղավոր չի ճանաչել:
Նա ընդունել է, որ պարզապես ծանր մարմնական վնասվածք է պատճառել տուժողին ու մեղավոր է 112 հոդվածի 1-ին մասով:
Ըստ ամբաստանյալի՝ դեպքի օրվա երեկոյան շենքի մուտքի մոտ հանդիպել է Սարգիսին: Վերջինս ծաղրել է իրեն, հայհոյել է, ինչից վիրավորված՝ ինքը գրպանից հանել է ծալովի դանակն ու հարվածել է նրան:
Դատարանը ամբաստանյալի պատճառաբանություններն անհիմն է գնահատել:
Դատաբժշկական փորձաքննության եզրակացությամբ՝ տուժողին պատճառվել է ըմպանի խոռոչ թափանցող վերք՝ արտաքին ու ներքին արյունահոսությամբ: Դա կյանքին վտանգ սպառնացող ծանր վնասվածք է:
Ընդհանուր իրավասության դատարանը հաստատված է գնահատել Տիգրան Հովսեփյանի մեղքը ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետով: Դատարանը հաշվի է առել, որ Հովսեփյանի խնամքին է զառամյալ տարիքի կույր մայրը, ինչպես նաև այն, որ արարքը կատարվել է ալկոհոլի ազդեցության տակ:
Տիգրան Հովսեփյանը դատապարտվել է 6 տարի ազատազրկման: Պատժի սկիզբը՝ 2013 թվականի փետրվարի 23-ից:
Դատավճիռը բողոքարկել է ամբաստանյալի շահերի պաշտպանը: Նա անօրինական է համարել իր պաշտպանյալին առաջադրված մեղադրանքը ավելի ծանր մեղադրանքով փոխելու՝ մեղադրողի որոշումը և դրա հիման վրա դատարանի կայացրած դատական ակտը:
Ըստ պաշտպանի՝ նախաքննական մարմնին հայտնի են եղել գործի բոլոր հանգամանքները, այդ պայմաններում է մեղադրանք առաջադրվել: Դատարանում ոչ մի նոր հանգամանք ի հայտ չի եկել, որ հիմք տար մեղադրանքը ծանրացնելու համար:
Պաշտպանը պահանջել է բեկանել ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը, վերաորակել իր պաշտպանյալի արարքը, նրան մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով ու նշանակել համաչափ մեղմ պատիժ:
Վերաքննիչ քրեական դատարանը, սակայն, անհիմն է համարել վերաքննիչ բողոքը, ամբաստանյալի մեղքը գնահատել է ապացուցված, իսկ կայացված դատավճիռը՝ հիմնավոր ու օրինական:
Վերաքննիչ բողոքը մերժվել է:
Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը թողնվել է անփոփոխ:
1in.am