Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում հոկտեմբերի 15-ին կսկսվի պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու առիթով հարուցված քրեական գործի քննությունը: Ինչպես տեղեկանում ենք datalex դատական տեղեկատվական համակարգից՝ գործով մեղադրանք է առաջադրվել Լիանա Բ.-ին:  Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ 2013թ. հունվարի 28-ից մարտի 30-ն ընկած ժամանակահատվածում աշխատելով Իջևան քաղաքի Վասիլյան 7 հասցեում գտնվող շոգեբաղնիքում՝ որպես մատուցողուհի, շոգեբաղնիքը, պարբերաբար պոռնկությամբ զբաղվելու համար հաճախորդ տղամարդկանց հետ սեռական հարաբերություն ունենալու նպատակով, տրամադրել է Իջևան քաղաքի 3 բնակչուհիների՝ դրանով իսկ նպաստելով պոռնկությամբ զբաղվելուն:

Լիանա Բ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 262-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (պոռնկությամբ զբաղվելուն նպաստելը, որը կատարվել է երկու կամ ավելի անձանց օգտագործելով): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին: Ըստ datalex-ի՝ գործին որպես ապացույց կցված է լազերային սկավառակ: Գործն ընդունվել է դատավոր Ռաֆիկ Մելքոնյանի վարույթ:


http://168.am/2013/10/14/287581.html