Խաղի կանոնները փոխվում են, եթե ինչ- որ մեկն ուզում է իրեն «կինոյի տղա» երևակայել ու զարմացնել շրջապատին իր գերբարձր ձայնային ազդանշանով, պետք է պատրաստ լինի դրա համար 10-20 հազար դրամ տուգանք վճարել: Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն է տվել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագծին: Առաջարկը ներկայացնող Վլադիմիր Գասպարյանի խոսքով օրենսդրական փոփոխությունը պայմանավորված է ստանդարտին չհամապատասխանող լուսային և ձայնային ազդանշանների կիրառման համար նախատեսված պատասխանատվության միջոցների խստացման անհրաժեշտությամբ:
Վարչական իրավախախտումների ՀՀ օրենսգրքի 123.1 հոդվածով ստանդարտին չհամապատասխանող լուսային և ձայնային ազդանշաններ արձակող սարքավորումներ տեղադրելու կամ շարժման ընթացքում դրանք օգտագործելու համար սահմանում է տուգանք՝ 10 000 դրամի չափով: Նույն բանը գիշերային ժամերին անելու համար՝ տուգանքը կկազմի 20 հազար դրամ: Իսկ նույն արարքը մեկ տարվա ընթացքում երկու և ավելի անգամ կատարելու դեպքում անձը կտուգանվի 50 000 դրամով:
Որպես հիմնավորում կառավարությունը նշում է. «Ստանդարտներին չհամապատասխանող լուսային և ձայնային ազդանշանների կիրառումը վերջին տարիներին լայն տարածում է ստացել: Ձայնային ազդանշանների արձակումը հանրային վնասակարության բարձր աստիճան ունի. վերջիններիս կիրառման կանոնները խախտելու արդյունքում, մասնավորապես, գիշերային ժամերին վտանգվում է ճանապարհային երթևեկությունը, առաջանում են վթարային իրադրություններ, ինչպես նաև խախտվում է քաղաքացիների անդորրը»:
Սա, ի դեպ, Վովա Գասպարյանի միակ նորամուծությունը չէ. նա նաև հայտարարել է, որ առաջարկվող փոփոխությամբ վարչական պատասխանատվությունից կազատվեն այն քաղաքացիները, ովքեր կամովի կհանձնեն իրենց որսորդական հրացանները:
Ինչպես առաջին, այնպես էլ երկրորդ դեպքում խնդիրն իրականում նոր չէ: «Կլկլացող» և «լուսարձակվող» ազդանշաններն ավելի լայն տարածում գտան վերջին տարիներին՝ հատկապես Երևանում: Այս արարքին ավելի շատ տուրք են տալիս այսպես կոչված «լավ տեղերքը», նրանք, ովքեր կարողանում են և՛ կարմիր լույսի տակով անցնել, և՛ փողոց ու բակ զավթել և՛ մգեցված ապակիներով երթեր անել: Մնում է հասկանալ, թե նրանցից հատկապես որ մեկի ազդանշանն է ազդել Վովա Գասպարյանի «ներվերի» վրա, որ նա որոշել է նրանց կարգի հրավիրել, ձեռքի հետ էլ տուգանել և փող աշխատել:
Ինչ վերաբերվում է զենքերին, ապա այստեղ ևս իրավիճակը բավական հետաքրքիր է: Ոստիկանությունն արդեն տևական ժամանակ զբաղված է ապօրինի զենք-զինամթերք հավաքագրելով: Եթե Հայաստանն անընդհատ թարմացվող զինանոց չէ, ենթադրաբար ապօրինի զենք վաղուց պետք է որ բնակչությունն այլևս չունեննար: Իսկ որսորդական հրացանները, ինչպես հայտնի է,հիմնականում օրինական են, դրանք կրելու հատուկ թույլտվություն կա: Ուստի ինքնին անհասկանալի է, թե օրինական զենքը պահելու համար քաղաքացին ինչու պետք է վարչական պատասխանտվության ենթարկվեր: Ըստ էության՝ ուկրաինական դեպքերից մեր իշխանություններն անհանգստացած են և ուզում են բոլոր տեսակի զենքերը մինչև վերջ հավաքել ՝ապահովության համար: Բայց դա, անշուշտ, չի նշանակում, թե որսորդական զենք այլևս ոչ ոք չի ունենալու: Ընդամենը 2 շաբաթ առաջ նույն Վովա Գասպարյանի միջնորդությամբ «Որսորդ» ՍՊԸ-ն զենք արտադրելու լիցենզիա ստացավ: Հետևաբար խնդիրը ոչ թե ընդհանրապես բոլոր զենքերը հավաքելուն է վերաբերում, այլ ընդամնեը տեղյակ լինելու հարց է: Եթե Վովա Գասպարյանը գիտի, թե ովքեր ունեն որսորդական հրացան, ուրեմն հարց չկա, նրանք կարող են նաև այն չհանձնել:
Դավիթ Մանուկյան
http://hayeli.am/article/439817/