ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Երեխաներին ու նյարդերից թույլ մարդկանց խորհուրդ ենք տալիս զերծ մնալ սույն նյութի ընթերցումից:

Emedia.am-ը գրում է՝
Մուշտակ արտադրող ֆերմաներն իրենց եկամուտն ապահովում են չնչին ծախսերի միջոցով: Քիչ ծախսելու ձգտումն արտահայտվում է հատկապես կենդանիների սպանելու միջոցներում. օգտագործվում են սպանության ծայրահեղ դաժան մեթոդներ, որոնց նպատակն է` չվնասել մորթին` չնայած նրան, թե ինչպիսի տառապանքների է ենթակվում կենդանին: Նրանց սպանում են էլեկտրական հոսանքով, խեղդամահ են անում ջրում կամ գազով, թունավորում են:

Մուշտակների մեծ մասը, որոնք վաճառվում են ինչպես սովորական, այնպես էլ էլիտար խանութներում կամ մոդայի տներում, արտադրվում են Չինաստանում: Այդ թվում` վաճառվում են կատուների ու շների մորթիներ, որոնք հաճախ կենդանու վրայից պոկում են, երբ նա դեռ կենդանի է: Ասիայի պետություններում տարեկան սպանում են ավելի քան 2 մլն շան ու կատվի: Ապրանքի հիմնական պահանջարկն ԱՄՆ-ում և Ռուսաստանում է:

Չինական կենդանաֆերմաներն իսկական դժոխք են կենդանիների համար: Այստեղ կան աղվեսներ, ջրաքիսներ, ջրարջեր, որոնք ապրում են նեղ վանդակներում, որոնցում հատակի փոխարեն մետաղական ցանց է, որը կտրում է նրանց թաթերը: Օդը, որ նրանք շնչում են, թունավորված է վանդակների տակ հավաքված թափոնների գոլորշիացումից:

Դժոխքի վերջում կենդանիներին սպասում է տանջալից մահ: Ամեն տարի չինական կենդանաֆերմաներում հարյուր հազարավոր կենդանիներ են սպանվում: Մինչ մաշկազերծելը՝ կենդանուն թեթևակի հարվածով շշմեցնում են, ինչից հետո կտրում են թաթիկներն ու սկսում կենդանի-կենդանի մաշկազերծել. կենդանին այդ պահին գիտակցության մեջ է, նա ամեն ինչ զգում է, լալիս է ու աղմկում ցավից, իսկ մաշկազերծ եղած վիճակում դեռ 5-10 րոպե շարունակում է տառապել, ինչից հետո միայն վերջ է դրվում նրա տառապանքներին:

Աղվեսներին սպանության են պատրաստում հետանցքով էլեկտրահարման միջոցով: Մետաղյա լարի միջոցով դուրս են քաշում վանդակից: Մեկ այլ մարդ այդ ժամանակ, բռնելով աղվեսի պոչից, քաշում է, ինչն ինքնին խիստ ցավալի է և ստիպում է կենդանուն մռնչալ ու կծել: Սպանողներն այս հանգամանքն օգտագործում են որպես առավելություն ու տեղադրում երկաթյա լարը կենդանու բերանում: Այնուհետև` էլեկտրական լարը տեղադրվում է աղվեսի հետանցքում, ինչից հետո հոսանքն անցկացվում է նրա մարմնով այնքան ժամանակ, մինչև կենդանին մահանա: Մուշտակային ֆերմաներում նախընտրում են հենց այս մեթոդը, քանի որ հոսանքի շնորհիվ մորթին դառնում է ավելի փարթամ ու գրավիչ:

Շարունակությունն` այստեղ


Աղբյուր՝ lurer.com