Ենթադրություններ և մոտավոր գնահատականներ շատ են հնչել, սակայն կոնկրետ հաշվարկ՝ հիմնված փաստաթղթային տվյալների վրա՝ ոչ։
Մենք համացանցից գտանք Ռուսաստան-Բելառուս-Ղազախստան մաքսային միության ներմուծման մաքսատուրքերի չափերը՝ բոլոր ապրանքների համար։
Դրան դեռ հանգամանորեն կանդրադառնանք, իսկ առայժմ առանձնացրել ենք միայն բենզինով աշխատող մեքենաների մասը։ Կարծում ենք՝ այն կհետաքրքրի մեր ընթերցողներին։
Եվ այսպես, Հայաստանում ցանկացած ավտոմեքենայի մաքսազերծման համար, բացի բնապահպանական վճարներից, վճարվում է 20% ավելացված արժեքի հարկ և 10% մաքսատուրք։ Ռուսական արտադրության մեքենաների համար համար մաքսատուրք չի վճարվում։
Հիմա ուսումնասիրեք ստորև բերված աղյուսակը, որտեղ ներկայացված են ներքին այրման շարժիչով աշխատող մարդատար մեքենաների մաքսատուրքերի դրույքաչափերը՝ Ռուսաստան-Բելառուս-Ղազախստան միության համար։ Խոսքը, իհարկե, վերաբերում է արտասահմանյան արտադրության մեքենաներին։ Ինչպես տեսնում եք, մաքսատուրքը 30%-ից բարձր է և որոշ դեպքերում, եթե մեքենայի արժեքը ցածր է, գործում են այլ պայմաններ, որոնց մաքսատուրքի գումարը դարձնում են գրեթե աստղաբաշխական։
Կոնկրետ օրինակի վրա ամեն ինչ թերևս ավելի պարզ կլինի։
Հայաստանում այսօր շատ տարածված են Opel Astra մեքենաները, որոնք շահագործվում են որպես տաքսի։
Այդ մեքենաների մանրածախ գինը (1997-1998 թվականների արտադրության) տատանվում է 4-5 հազար դոլարի սահմաններում։ Դա մաքսազերծված ավտոմեքենայի գինն է։ Այսինքն, ներառում է և ԱԱՀ-ն և 10% մաքսատուրքն ու մյուս վճարները։
Կարճ ասած, 1998 թվականի արտադրության Opel Astra-ի ներմուծման ժամանակ վճարվում է առավելագույնը 500 դոլար մաքսատուրք։
Հիմա տեսնենք՝ որքա՞ն կկազմի նույն մեքենայի մաքսատուրքը, եթե Հայաստանի համար նույնպես սկսեն գործել ՄՄ ընդհանուր տարիֆները։
Եթե 1998թ. արտադրության Opel-ի շարժիչի աշխատանքային ծավալը 1.4 լիտր է, ապա գործում է հետևյալ տարիֆը՝ 2.7 եվրո՝ 1 խսմի համար։ Դա նշանակում է, որ միայն մաքսատուրքը կկազմի 3780 եվրո կամ մոտ 5000 դոլար։
Իսկ եթե մեքենայի շարժիչը 1.6 լիտրանոց է, ապա 1խսմ-ի համար պետք է վճարել 2.9 եվրո։ Ընդհանուր՝ 4640 եվրո։
Կամ, օրինակ, հզոր շարժիչ ունեցող շահագործված մեքեների գինը արդեն կարող է գլխապտույտ առաջացնել։
3 լիտր և դրանից ավելի աշխատանքային ծավալ ունեցող նոր մեքենաների մաքսատուրքը կազմելու է նվազագույնը 8400 եվրո (մոտ 11 հազար դոլար)։ Իսկ 5 տարվանից ավել հնության մեքենաներինը՝ 17400 եվրո (5.8 եվրո՝ 1 խսմի համար)։
Մնացած տարբերակների մաքսազերծման արժեքը կարող եք ինքնուրույն հաշվել՝ օգտվելով այս աղյուսակից։
Հիմա պա՞րզ է, որ երբ խոսվում է ավտոմեքենաների կրկնակի թանկացման մասին, դա իրականությունից հեռու չէ։ Ճիշտ է, մեր իշխանությունները հենց սկզբից ասում էին, որ Հայաստանի համար ՄՄ մաքսատուրքերը ձեռնտու չեն և վերջնական տարիֆները պետք է ճշգրտվեն բանակցությունների ընթացքում։ Սակայն ո՞վ իմանա՝ թե վերջում ինչ դրույքաչափերի վրա կանգ կառնեն։ Չէ՞ որ բարձր մաքսատուրքերից բյուջեն ավելի հեշտ կլինի լցնել։
ԱՏԳԱԱ կոդ | Անվանումը | Ներմուծման մաքսատուրքի դրույքաչափը (տոկոս կամ եվրո) | |
8703 |
Մարդատար ավտոմեքենաներ |
||
8703 21 | Մինչև 1000 խսմ աշխատանքային ծավալով շարժիչների համար | ||
8703 21 109 0 | Նոր | 30, բայց ոչ պակաս, քան 1.2 եվրո՝ 1 խսմի համար (մինչև 1200 եվրո) | |
8703 21 909 2 | Շահագործված։ 5 տարի և ավելի հին | 2.5 եվրո՝ 1 խսմի համար (մինչև 2500 եվրո) | |
8703 21 909 8 | Շահագործված։ այլ | 35, բայց ոչ պակաս, քան 1.2 եվրո՝ 1 խսմի համար (մինչև 1200 եվրո) | |
8703 22 | 1000-1500 խսմ աշխատանքային ծավալով շարժիչների համար | ||
8703 22 109 1 | Նոր: Բնակվելու նպատակով օգտավործվող տրանսպորտային | 30, բայց ոչ պակաս, քան 1.45 եվրո՝ 1 խսմի համար (1450 – 2175 եվրո) | |
8703 22 109 9 | Նոր։ Այլ | 30, բայց ոչ պակաս, քան 1.45 եվրո՝ 1 խսմի համար (1450 – 2175 եվրո) | |
8703 22 909 2 | 5 տարի և ավելի հին | 2.7 եվրո՝ 1 խսմի համար (2700 – 4050 եվրո) | |
8703 22 909 8 | այլ | 35, բայց ոչ պակաս, քան 1.45 եվրո՝ 1 խսմի համար (1450 – 2175 եվրո) | |
8703 23 | 1500-3000 խսմ աշխատանքային ծավալով շարժիչների համար | ||
8703 23 191 0 | Նոր : 1500-1800 խսմ աշխատանքային ծավալով շարժիչների համար | 30, բայց ոչ պակաս, քան 1.5 եվրո՝ 1 խսմի համար (2250 – 2700 եվրո) | |
8703 23 192 1 | Նոր: 1800-2300 խսմ աշխատանքային ծավալով շարժիչների համար | 30, բայց ոչ պակաս, քան 2.15 եվրո՝ 1 խսմի համար (3870 – 4945 եվրո) | |
8703 23 192 2 | Նոր : 2300-3000 խսմ աշխատանքային ծավալով շարժիչների համար | 30, բայց ոչ պակաս, քան 2.15 եվրո՝ 1 խսմի համար (3870 – 4945 եվրո) | |
8703 23 901 | Շահագործված։ 1500-1800 խսմ աշխատանքային ծավալով շարժիչների համար | ||
8703 23 901 2 | 5 տարի և ավելի հին | 2.9 եվրո՝ 1 խսմի համար (4350-5220 եվրո) | |
8703 23 901 8 | այլ | 35, բայց ոչ պակաս, քան 1.5 եվրո՝ 1 խսմի համար (2250 – 2700 եվրո) | |
Օգտագործված։ 1800-2300 խսմ աշխատանքային ծավալով շարժիչների համար: | |||
8703 23 902 1 | 5 տարի և ավելի հին | 4 եվրո՝ 1 խսմի համար (7200 -9200 եվրո) | |
8703 23 902 4 | այլ | 35, բայց ոչ պակաս, քան 2.15 եվրո՝ 1 խսմի համար (3870 – 4945 եվրո) | |
8703 24 | 3000 ավելի խսմ աշխատանքային ծավալով շարժիչների համար | ||
8703 24 109 0 | Նոր: | 30, բայց ոչ պակաս, քան 2.8 եվրո՝ 1 խսմի համար (սկսած 8400 եվրոյից) | |
8703 24 90 | Շահագործված | ||
8703 24 909 2 | 5 տարի և ավելի հին | 5.8 եվրո՝ 1 խսմի համար (17400 եվրոյից սկսած) | |
8703 24 909 8 | այլ | 35, բայց ոչ պակաս, քան 2.8 եվրո՝ 1 խսմի համար (սկսած 8400 եվրոյից) |
Նյութի աղբյուր