«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ԵՊԲՀ սեքսապաթոլոգիայի ամբիոնի վարիչ, սեքսապաթոլոգիայի կլինիկայի ղեկավար Սևադա Հակոբյանն ասաց, որ հոմոսեքսուալությունը սեռական լիբիդոյի ուղղվածություն է դեպի նույն սեռի անձնավորությունը. «Ըստ էության դա մի վիճակ է, որն առաջանում է հոգեսեռական զարգացման երրորդ փուլի խանգարման, այն է՝ սեռական կողմնորոշման խանգարման հետևանքով»:
Մասնագետն ասաց, որ տարբեր բժիշկների կարծիքով՝ հոմոսեքսուլությունը պտղի մոտ առաջանում է ներարգանդային շրջանում, երբ զարգանում են սեքսուալ կենտրոնները: Որոշները գտնում են, որ այս կողմնորոշումն անհատի մոտ կարող է ձևավորվել մանկական տարիքում, երբ երեխայի հանդեպ նույն սեռի ներկայացուցչը պարբերաբար սեքսուալ ոտնձգություններ է կատարել:
Ինչպես նշեց Ս. Հակոբյանը, մինչև վերջերս սեքսոլոգները հոմոսեքսուալությունը համարում էին սեռական խանգարման տեսակ, սակայն Առողջապահության համաշխարհային կազմակերպության հիվանդությունների միջազգային10-րդ դասակարգման մեջ հոմոսեքսուալությունն այլևս հիվանդություն չի համարվում:
Մասնագետի փոխանցմամբ՝ կանանց մոտ հոմոսեքսուալությունն ու բիսեքսուալությունն ավելի հաճախ են հանդիպում, իսկ ինչ վերաբերում է Հայաստանին, ապա որևէ հետազոտություն արված չէ, թե այստեղ որքան հոմոսեքսուալիստներ կան, որովհետև մարդիկ հաճախ քողարկում են իրենց սեռական կողմնորոշումը. «Ոչ մի հոմոսեքսուալիստ երջանիկ չէ իր այդ վիճակով, և սա փաստ է: Այն սահմանափակում է տվյալ անձի սոցիալական գործունեությունը, որոշակի խոչընդոտներ է ստեղծում կյանքում, հասարակության մեջ առանձնանալու բարդույթներ է առաջ բերում: Քիչ են այն մարդիկ, ովքեր բարդութավորված չեն»:
Այն հարցին, թե ԵՄ ինտեգրացիոն գործընթացները բերո՞ւմ են Հայաստանում հոմոսեքսուալիստների աճի, մասնագետը պատասխանեց. «Աճի տենդենց չկա, պարզապես ավելի շատ է սկսել խոսվել այդ մասին, և շատացել է այն մարդկանց թիվը, ովքեր չեն թաքցնում իրենց սեռական կողմնորոշումը: Միայն թե դա պետք չէ խառնել մարդու իրավունքների հետ: Դա ընդամենը պրոպագանդայի միտում է, որը այդքան էլ նպատակահարմար և ճիշտ չէ բժշկական տեսանկյունից»:
Նրա հավաստմամբ՝ սեռական կողմնորոշումը ձևավորվելու տարիքում (13-17 տարեկան) եթե սոցիումում չհանդիպեն հոմոսեքսուալիստներ, անհատը հարմոնիկ զարգացում կունենա:1in.am