Նրանց մի մասին հաջողվել է արդեն հանդիպել ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի հետ և ներկայացնել պահանջները, այն է՝ չեղյալ համարել Երևանի թվով 6 համալսարանների ռեկտորների՝ ուսման վարձավճարները թանկացնելու որոշումը:

Ուսանողները նոր ուսումնական տարին կսկսեն բողոքի ակցիաներով և երթերով, սակայն ինչպես «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի երկրորդ կուրսի ուսանող, ակտիվիստ Հարություն Մկրտչյանը, դասադուլի և ավելացված վարձավճարները չվճարելու կոչեր չեն լինի. «Դա մի փոքր իրատեսական և ռեալ չէ, որովհետև ոչ մի ծնող իր երեխայի ճակատագրի հետ չի խաղա: Դասադուլի կոչ ևս չենք անի, մենք անցկացնելու ենք բողոքի ակցիաներ և այն ուսանողները, ովքեր կմասնակցեն մեր ակցիաներին, դե ֆակտո կբոյկոտեն դասապրոցեսը: Դասադուլի կոչ չենք անելու, որովհետև ուսանողության մեջ մի ստվար զանգված ուղղակի վախենում է այդ բառից: Կոնկրետ սեպտեմբերի երկուսին, առավոտյան ժամը 9-ին ուսանողների մի մասը կհավաքվի Պոլիտեխնիկի մոտ, մյուս մասն էլ՝ ԵՊՀ-ի դիմաց, երթով կշարժվենք մյուս բուհերը, հանգրվանը կլինի Երևանի պետական համալսարան՝ որպես մայր բուհ»:

Հ․ Մկրտչյանը նաև նշեց, որ իրենց մոտ որոշումներն ընդունվում են կոնսենսուսի միջոցով, իրենցից յուրաքանչյուրն անում է իր առաջակը, մեծամասնությունը ինչ որոշում է՝ դա էլ անում են, և այս դեպքում մեծամասնությունն այսպես է որոշել:

Մեր այն հարցին, թե պայքարի այսպիսի ճանապարհն, իր կարծիքով, արդյունավե՞տ է, Հարություն Մկրտչյանը պատասխանեց․ «Ես իրատեսական եմ համարում, որովհետև երբ առաջին օրը մի քանի ուսանողով պահանջ դրեցինք չեղյալ համարել ուսման վարձավճարների որոշումը և բարձրացնել պրոֆեսորադասախոսական անձնակազմի աշխատավարձերը, մեր դասախոսները՝ ԵՊՀ-ից, նախագահին նամակ գրեցին իրենց աշխատավարձերը բարձրացնելու համար։Մենք, փաստացի, կարող ենք արձանագրել, որ նրանք մեզ միացել են, կապ չունի, որ այդ համագործակցությունը առերես չի եղել: Առաջին օրերին Ա․ Աշոտյանը մեզ հետ խոսելու բան չունի, երկրորդին որոշեց որ պետք է խոսի, երրորդին՝ Արմեն Աշոտյանը մտավ նիստի և վարչապետի հետ քննարվեց սոցիալական փաթեթի խնդիրը, վերին շեմ հաստատելու հարցը: Եթե չեմ սխալվում, օգոստոսի 22-ին ասեց, որ վերին շեմը պետք է տրվի Ազգային ժողովի քննարկմանը հունվարին, սակայն տեսանք, որ քննակվելու է սեպտեմբերին»։
1in.am