Մասնագիտական փորձը վկայում է, որ տարեցտարի ավելի շատ երիտասարդներ են ենթարկվում սեռավարակներով ախտահարվելու վտանգին: Հանգստյան աչքի ընկնող վայրերում ձեւավորվում են, այսպես կոչված, ռիսկի խմբեր, որոնք բաղկացած են սեռավարակակիր մարմնավաճառներից (թե՛ կին, թե՛ տղամարդ), ովքեր գումար կորզելու նպատակով միտումնավոր ծանոթանում են հանգստացողների հետ եւ մտնում պատահական սեռական հարաբերության մեջ:
Պատկերն ավելի է բարդանում ամառային հանգստի ժամանակ, երբ հաճախակիանում են, այսպես կոչված, պատահական սեռական հարաբերությունները, մասնավորապես՝ լողափերին, ծովափերին կից գործող ժամանցի վայրերում եւ այլն:


Պետք է հաշվի առնել, որ նման տեղերում միշտ չէ, որ տրամադրվում է մաքուր սպիտակեղեն, պարբերաբար չեն մաքրվում նաեւ լողավազանները: Եթե օգտվում եք նման հաստատություններից, ապա խնդրեք նախօրոք լավ մաքրել լողավազանը, ձեռքի տակ ունեցեք անձնական օգտագործման մաքուր սպիտակեղեն եւ աշխատեք հարաբերություն չունենալ ջրի մեջ, քանի որ նման դեպքում սեռավարակները թափանցելու ավելի մեծ հնարավորություն են ստանում:

Պատահական սեռական հարաբերության բարեհաջող կանխարգելումը պայմանավորված է առաջին հերթին մարդկանց սեռական ճիշտ վարքագծով: Սկզբունքային է ոչ այնքան պահպանակից օգտվելու մասին «բարոյախրատական դասախոսությունը», որքան ուղղամիտ, լրջմիտ սեռական մտածելակերպի մշակումը: Անհատը, ով ունի սեռական ոչ ճիշտ պատկերացում, նման կենսակերպ է վարում: Սեռավարակներից խուսափելու առաջին նախապայմանը պատահական սեռական հարաբերություններից հրաժարվելն է:
Այնուամենայնիվ, ի՞նչ անել, եթե տեղի է ունեցել պատահական սեռական հարաբերություն:

1. որքան հնարավոր է արագ օճառով լվանալ սեռական օրգանները եւ միզել,

2. սեռական օրգանները մշակել հականեխիչ լուծույթով,

3. անցնել բժշկական սեքսոլոգիական հետազոտություն.

Սակայն ամենակարեւորը` վարել պաշտպանված եւ կանոնավոր սեռական կենսակերպ:

Հետեւյալ խորհուրդները կօգնեն ինչ-որ չափով նվազեցնել վարակվելու հավանականությունը:

1. Սահմանափակեք զուգընկերների թիվը եւ խուսափեք պատահական կապերից:

2. Ձեր զուգընկերոջ հետ սեռական հարաբերություն ունենալիս օգտվեք պահպանակներից՝ մինչեւ ձեր հարաբերությունների 3 ամիսը լրանալը եւ սեռավարակների անալիզները հանձնելը:

3. Մի օգտագործեք պահպանակի ամբողջականությունը խախտող եւ յուղային հիմքով քսուքներ (վազելին, կոսմետիկ կրեմներ, յուղեր):

4. Եթե անցած մեկ տարվա ընթացքում ունեցել եք մեկից ավելի զուգընկեր եւ չեք օգտվել պահպանակներից, ապա ցանկալի է համապատասխան հետազոտություններ անցնել:

5. Սեռավարակների ախտանշանների պարագայում մի զբաղվեք ինքնաբուժմամբ եւ անհապաղ դիմեք բժշկի:

6. Վերլուծեք վարակման եղանակը եւ տեղեկացրեք ձեր հիվանդության մասին բոլոր զուգընկերներին:

Հաճելի, առողջարար եւ անհոգ ամառ բոլորին:

ԵՊԲՀ Սեքսոպաթոլոգիայի կլինիկայի բժիշկ-սեքսոպաթոլոգ,

սեքսոլոգիայի ամբիոնի դասախոս Վրեժ ՇԱՀՐԱՄԱՆՅԱՆ
news.am