ԵԿՄ-ն դառնում է ՀՀԿ-ի քաղաքականացված շարունակությունը, իսկ նրանք, ովքեր փետրվարի 15-ին ԵԿՄ համագումարի ժամանակ դարձան ԵԿՄ վարչության անդամներ, ընդհանրապես կապ չունեն ԵԿՄ-ի եւ պատերազմի հետ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԼՂՀ ինքնապաշտպանության հիմնադիրներից, «Կոռնիձոր» կամավորական ջոկատի հիմնադիր-հրամանատար Արա Խուդավերդյանը։

«ԵԿՄ-ն դարձել է քաղաքական ինտրիգների կենտրոն, եւ Մանվել Գրիգորյանը իր շուրջն է համախմբում պատերազմի հետ կապ չունեցող անձանց եւ օլիգարխների։ Ինչո՞ւ պետք է Վազգեն Սարգսյանի եղբայրը՝ Արմեն Սարգսյանը, եւ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը դառնան ԵԿՄ անդամ, երբ պատերազմի հետ կապ չունեն»,-ասաց Արա Խուդավերդյանը։

«Կոռնիձոր» կամավորական ջոկատի հիմնադիր-հրամանատարն այժմ ընդհանրապես չի մասնակցում ԵԿՄ նիստերին. «Հնարավոր է, որ ինչ-որ տեղ ԵԿՄ ցուցակներում անունս  գրված է, բայց ես ԵԿՄ  հավաքներին չեմ մասնակցում»։

Անդրադառնալով ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանի այն հայտարարությանը, որ ԱԺ պատգամավոր, գործարար «Սամվել Ալեքսանյանը 5-րդ բրիգադում է կռվել իր հրամանատարության ժամանակ», եւ այդ պատճառով էլ ԵԿՄ վարչության անդամ է դարձել, Արա Խուդավերդյանն ասաց, որ գործարարը երբեք ֆիզիկապես մարտի դաշտում չի եղել. «Էն ժամանակ, որ տղերքը կռվում էին, Սամվել Ալեքսանյանը Մեղրիում  պեսոկի բիզնեսով էր զբաղված, հիմա էդ տղերքը տաքսի են քշում, օրվա հացի կարոտ են,  իսկ ինքը Հայաստանի թիվ 1 օլիգարխն է»։

Ազատամարտիկի խոսքով՝ ԱԺ պատգամավոր Առաքել Մովսիսյանը, որը եղել է գեներալ Մանվել Գրիգորյանի տեղակալը, լավ գիտի՝ ով է կռվել 5-րդ բրիգադայում. «Եթե Շմայսը մի փոքր արդարություն ունենա իր մեջ, կասի, որ Սամվել Ալեքսանյանը երբեք չի կռվել Ղարաբաղում»։

Արա Խուդավերդյանի խոսքով՝ հրադադարից հետո, հնարավոր է, որ ԵԿՄ նախագահ գեներալ Մանվել Գրիգորյանը ցուցակների մեջ Սամվել Ալեքսանյանի անուն էլ գրած լինի, բայց ֆիզիկապես նա երբեք մարտի դաշտում չի եղել։


Աղբյուր՝ news.am