Նախորդ տարվա վերջին ամիսներին ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր, բիզնեսմեն Սամվել Ալեքսանյանին պատկանող «Սիթի» սուպերմարկետների ցանցերը աննախադեպ մեծ թվով նոր աշխատակիցներ ընդունեցին: Անգամ հին աշխատողներն իրար մեջ խոսում էին, որ ոչ մի տարի նման թիվ չեն ունեցել: Կարծես’ լավ է, պատգամավորը մտածել է երիտասարդությանն աշխատանքով ապահովելու մասին և խնդրին լուծում տվել (աշխատանքի ընդունվելու տարիքային սահմանափակում կա):

Ամանորյա տոներն անցան, կյանքը տոնականից անցում կատարեց առօրեականին’ իր բոլոր հոգսերով և խնդիրներով:

Հարկային մարմինների մուտքը «Սիթի» այս տարի այդքան էլ հաջող ընթացք չունեցավ: Գրեթե մեկ ամիս է’ այնտեղ ստուգումներ անցկացնող հարկային մարմինները կարծես թե չեն ուզում հեռանալ և իրենց ներկայությամբ չնախատեսված խնդիրներ են առաջացնում:

Բանն այն է, որ արդեն մեկ ամիս է’ «Սիթի»-ում «սևով» աշխատանքի անցած քաղաքացիները գործատուի մեղքով պարապուրդի մեջ են գտնվում, իսկ քանի որ չկա աշխատանքային պայմանագիր, համապատասխանաբար չի էլ կարող լինել աշխատավարձ:

Այդ ընկերությունում չգրված օրենք կա. նոր աշխատողների հետ աշխատանքային պայմանագիր է կնքվում աշխատանքի անցնելուց 4 ամիս հետո, քանի որ «վերևներից» պետք է տեսնեն’ արդյո՞ք աշխատողը համապատասխանում է իրենց ստանդարտներին, թե’ ոչ:

Եվ այսպես’ հարկայինի չնախատեսված այցն Ալեքսանյանի «օջախ» իսկական պատուհաս է դարձել: Ծախսատար հունվար ամսին մարդիկ զրկվեցին աշխատանքից, իսկ փետրվարն էլ կգա, բարին’ հետը:

Նելլի Ավետիսյան


Աղբյուր՝ lurer.com