Իրականում ժուժկալությունը սեռական կապից լիովին հրաժարվելն է:

Ամբողջ կյանքի ընթացքում սխալ է զերծ մնալ սեռական կյանքից, որովհետև հաճույքից զատ, այն օրգանիզմի առաջնահերթ պահանջմունքներից մեկն է, որը չբավարարելու դեպքում սկսվում են սեռական «դեֆորմացիաներ», որոնք կարող են անդառնալի հետեւանքներ ունենալ:

Սեքսից հրաժարվելը կամ սեռական զսպվածությունը հաճախ է հանդիպում հատկապես ապատեղեկատվության արդյունքում: Յուրաքանչյուր մարդու կյանքում կարող են լինել շրջաններ, երբ նա սեքսով չի զբաղվում: Բժշկական տեսանկյունից` սեռական ցանկությունները տեւական ժամանակ զսպելը վտանգավոր է, ընդ որում՝ ե՛ւ կանանց, ե՛ւ տղամարդկանց համար: Այս դեպքում տղամարդկանց մոտ կարող են առաջանալ ֆիզիոլոգիական, իսկ կանանց մոտ` հոգեբանական խնդիրներ:

Կնոջ հոգեբանությունն այնպես է կառուցված, որ առանց ինտիմ հաճույքների եւ օրգազմի կինը ժամանակի ընթացքում դառնում է դյուրաբորբոք, բնավորությունը փոխվում է ոչ դեպի լավը: Կինն իր ինտիմ խնդիրները սկսում է տեղափոխել շրջապատի հետ շփման դաշտ. նրա հետ խոսելը, շփվելը, տարբեր հարցեր քննարկելը դժվար է դառնում. նա դառնում է ամենապարզ հարցերում քննադատող: Ընդ որում, հոգեբանական խնդիրները կարող են վերաճել ֆիզիոլոգիականի:

Հարկադրական սեռական ժուժկալությունը հիմնականում դրսեւորվում է նեւրոզանման խանգարումներով, դյուրագրգռությամբ, քնի խանգարումներով, անհարմարավետության զգացումով, սեքսուալ թեմայի շուրջ հիվանդագին սեւեռումով եւ այլն: Սեռական ժուժկալության դրսեւորումները ցայտուն են արտահայտված հիմնականում պատանիների մոտ` սեռական հասունացման շրջանում: Հասուն մարդիկ եւ տարեցները սեռական ձեռնպահությունը դյուրին են տանում: Նման դեպքում հատուկ ֆիզոլոգիական պաշտպանական մեխանիզմ է երազախաբությունը, որը տղամարդկանց մոտ թեթեւացնում է տանջալից դրսեւորումները:

Հայտնի է, որ պարբերական սեքսը հրաշալի միջոց է գինեկոլոգիական տարբեր խնդիրների լուծման համար: Հազվադեպ եւ անկանոն սեռական կենսակերպը կարող է հորմոնային խախտումներ առաջացնել: Բացի այդ, սեռական զսպվածությունը կարող է նաեւ հանգեցնել հետագայում օրգազմի խանգարման:

Տղամարդկանց մոտ սեռական կյանքի բացակայությունը նույնպես անհետեւանք չի մնում. առաջանում են կանգառային երեւույթներ սեռական օրգաններում, ինչը հետագայում կարող է որոշ սեռական խանգարումների առաջացման պատճառ դառնալ:

Հաշվի առնելով վերոնշյալը՝ սեռական արեւաշող կենսակերպ վարելու համար միշտ պետք է հիշել, որ ամեն ինչ չափի մեջ է գեղեցիկ:

ԵՊԲՀ-ի սեքսոպաթոլոգիայի կլինիկայի բժիշկ-սեքսոպաթոլոգ,

ԵՊԲՀ-ի սեքսոպաթոլոգիայի ամբիոնի դասախոս
Վրեժ Շահրամանյան
news.am