Վրեժ Շահրամանյանը նշում է, որ վերջին տարիներին բազմաթիվ երիտասարդներ նախընտրել են դիմել կլինիկա, այլ ոչ թե «զբաղվել հարեւանաբուժությամբ. այսինքն` բուժվել հարեւանների կամ ծանոթների ոչ կոմպետենտ խորհուրդներով»:
Բժիշկ-սեքսապաթոլոգը շեշտը դրեց հատկապես տղամարդկանց սեռական առողջության վրա` նշելով, որ իրենց տղամարդ հաճախորդների թիվը եռակի գերազանցում է կանանց քանակին: Սակայն, դա չի նշանակում, որ սեռական խնդիրները վերաբերում են միայն արական սեռին: «Սեռական առողջությունը զույգային ֆունկցիա է, եւ պետք է համատեղ բուժում ստանալ»,- հավելում է Վրեժ Շահրամանյանը:
Բժիշկն առանձնացրեց այն հիմնական հիվանդությունները, որոնք առավել տարածված են ներկա պահին, եւ բացահայտեց դրանց կանխարգելման միջոցները: Սեռական խնդիրները, ճիշտ չբուժվելու դեպքում, կարող են հանգեցնել անպտղության եւ վերջնականապես քայքայել երիտասարդ ընտանիքը:
Տղամարդկանց շրջանում շատ սեռական հիվանդություններ պայմանավորված են էկոլոգիական աղտոտվածությամբ, նեւրոզային բնույթի հիվանդություններով, որոնք վերաճում են սեռական նեւրոզի: Անպտղության պատճառ են հանդիսանում նաեւ մեծամասամբ պատշաճ բուժում չստացած սեռավարակները:
Բժիշկ-սեքսապաթոլոգը խորհուրդ է տալիս նաեւ հետեւել սննդակարգին, առողջ ապրելակերպ վարել եւ փոխել սակավաշարժ ապրելակերպը. «Նախկինում հայ երիտասարդներն իրենց լավ կազմվածքով օրինակ էին ծառայում մյուսներին, սակայն հիմա ճարպակալությունը շատ «նորաձեւ» է դարձել երիտասարդների շրջանում»:
Հատկանշական է, որ սեռական բնույթի խնդիրները կարող են առաջանալ ոչ միայն հոգեֆիզիոլոգիական վիճակի պատճառով, այլեւ սոցիալական եւ ինֆորմացիոն բացասական գործոնների ազդեցությամբ: «Հայ երիտասարդների մի մասն ընդօրինակում է հեռուստատեսությամբ մատուցվող բռնությունը, հակառակ սեռի հետ շփվողականության խնդիրներ ունի, իսկ շրջապատին վերաբերում է ենթատողային ագրեսիայով»,- ցավով արձանագրում է Վրեժ Շահրամանյանը:
Աստղիկ Մելիք-Քարամյան
http://www.erit.am/