Սեռական առողջությունն ընդհանուր օրգանիզմի առողջության կարևոր բաղադրիչն է: Սեպտեմբերի չորսին` Սեռական առողջության համաշխարհային օրը կայացած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց սեքսապաթոլոգ, Մ. Հերացու անվան բժշկական համալսարանի սեքսապաթոլոգիայի ամբիոնի վարիչ Սևադա Հակոբյանը:

Նրա խոսքերով, առավել երիտասարդ տարիքի մարդկանց մոտ գերակշռում են հոգեբանական և ստրեսոգեն, դեպրեսիվ ազդեցություններով պայմանավորված սեռական խանգարումները, տարեցների մոտ` ֆիզիկական: «Ընդ որում, սեռական խանգրումների հարցում մեծ դեր ունեն ալկոհոլը, ծխախոտը: Մեծ կարևորություն է ներկայացնում նաև սեռակրթության խնդիրը, որը Հայաստանում այնքան էլ պատշաճ մակարդակի վրա չէ»,- ասաց բժիշկը:

Սևադա Հակոբյանը նաև նկատեց, որ եթե արևմտյան երկրներում հոմոսեքսուալիզմը կարող է նորմալ համարվել, ապա բարոյական այլ արժեքներով ապրող Հայաստանում այն համարվում է սեռական շեղում:

Նա հատկանշական համարեց, որ Հայաստանում ամուսնական շատ զույգեր մինչ ամուսնությունը կամ նույնիսկ միասին ապրելու ընթաքցում այլևս բավական հաճախ են դիմում սեքսոլոգիական ամենատարբեր կոնսուլտացիաների: «Ըստ դիմելիության` առաջնային տեղում երիտասարդներն են, ընդ որում` առավել հաճախ դիմում են արական սեռի ներկայացուցիչները: Երբեք չի եղել այնպես, որ ավելի շատ դիմեն կանայք»,- ասաց սեքսապաթոլոգը:

Բժշկի տեղեկացմամբ, սեռական խրոնիկ հիվանդությունները ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում, աճման միտում ունեն: «Պատճառը` ոչ մշական զուգընկերներ ունենալն ու հակաբակտերիալ դեղամիջոցների անարդյունավետությունն են: Հետևապես, սեռական հիվանդություններից խուսափելու լավագույն միջոցը հաստատուն զուգընկեր ունենալն է»,- նկատեց Սևադա Հակոբյանը` հատկանշական համարելով, որ սեռավարակների տարածման հարցում մեծ դեր ունի «խոպանը» և դրսից այստեղ բերվող վարակները:

Հարցին` կա՞ արդյոք տարիքային շեմ, որից հետո անհատը կարող է և պետք է ապրի սեռական կյանքով, բժիշկը նկատեց, որ սա շատ անհատական հարց է, սակայն կարևոր է, որ անհատը սեռական կյանքով սկսի ապրել հոգեպես և ֆիզիկապես սեռահասուն լինելու պահից:

Ամփոփելով` սեքսապաթոլոգը կարևորեց կարգավորված սեռական կյանքով ապրելու հանգամանքը: «Անկանոն սեռական կյանքով ապրելը, մանավանդ մեծահասակ մարդկանց պարագայում, կարող է բացասական ազդեցութուն գործել սեռական ֆունկցիայի վրա: Այս առումով երիտասարդներն ավելի պաշտպանված են, և սեռական հարաբերությունների ռեգուլյարության վերականգնման պարագայում նրանք որևէ խնդիր, որպես կանոն, չեն ունենում»:
1in.am