Այնուամենայնիվ, թե՛ տղայի, թե՛ աղջկա պարագայում ցանկալի է, որ սեռական կյանքի սկիզբը լինի 18 տարեկանից հետո, քանի որ լրիվ սեռական հասունացումը տեղի է ունենում այդ տարիքում, ավարտվում է մարդու ընդհանուր մտավոր եւ հոգեբանական ձեւավորումը, այլ կերպ ասած՝ մարդն այդ տարիքում ի վիճակի է պատասխան տալ սեփական արարքների համար:

Իսկ սեռական կյանքը մարդու կյանքի, վարքագծի եւ, վերջապես, օրգանիզմի կենսագործունեության բաղկացուցիչ մասն է միայն: Այն ի զորու է ազդել մարդու ե՛ւ ապրելակերպի, ե՛ւ սեռական վարքագծի վրա:

Առաջին սեռական հարաբերությունն աղջկա կյանքում հսկայական իրադարձություն է եւ շատ հաճախ դրանից է կախված կնոջ հետագա սեռական վարքագիծը: Եթե առաջին սեռական հարաբերությունը տեղի է ունեցել կոպիտ ուժի կիրառմամբ, ուղեկցվել է ցավով, ապա հետագայում կարող է ձեւավորվել սեքսոլոգիական խանգարում, որը կոչվում է վագինիզմ՝ հեշտոցամուտքի մկանների կտրուկ սպազմ, որն ուղեկցվում է ուժեղ ցավով՝ փաստորեն անհնարին դարձնելով սեռական հարաբերությունը:

Կինը, որը հասնում է սեռական հասունացման, այսպես կոչված՝ արբունքի, բնական նորմալ ձգտում ունի դեպի հակառակ սեռը: Ցանկալի է, որ այն արտահայտվի եւ բավարարում ստանա ամուսնական կամ գոնե մշտական մեկ զուգընկերոջ հետ ձեւավորված հարաբերություններում:

Մեկից ավելի զուգընկեր ունենալու դեպքում թե՛ կինը, թե՛ տղամարդը գտնվում են ռիսկային գոտում՝ կապված սեռավարակների, սեռական օրգանների բորբոքումների առաջացման հետ:

Շատ հաճախ երիտասարդները չգիտեն, որ սեռական կյանքը պահանջում է որոշակի հիգիենիկ նորմերի կատարում: Անկախ այն հանգամանքից՝ սեռական կյանքով ապրում է, թե՝ ոչ, յուրաքանչյուր անձ՝ լինի կին թե տղամարդ, պարտավոր է հետեւել իր սեռական օրգանների հիգիենային. անհրաժեշտ է դրանք լվանալ գոլ ջրով ամեն օր, ինչպես նաեւ սեռական ակտից առաջ եւ հետո: Սեռական օրգաններին չի կարելի ձեռք տալ կեղտոտ ձեռքերով, ինչպես նաեւ հարկավոր է ուշադրություն դարձնել այն տեղին, որտեղ պատրաստվում եք հարաբերություն ունենալ. խոսքը բաղնիքների, շոգեբաղնիքների, փակ լողավազանների մասին է:

Հաշվի առեք, որ նման տեղերում միշտ չէ, որ տրամադրվում է մաքուր սպիտակեղեն եւ միշտ չեն մաքրվում լողավազանները: Եթե օգտվում եք նման հաստատություններից, ապա խնդրեք նախօրոք լավ մաքրել լողավազանը, ձեռքի տակ ունեցեք մաքուր անձնական օգտագործման սպիտակեղեն եւ աշխատեք հարաբերություն չունենալ ջրի մեջ, քանի որ նման դեպքում սեռավարակները թափանցելու ավելի մեծ հնարավորություն են ձեռք բերում:

Սեռական կյանքի հիգիենա հասկացությունն իր մեջ ընդգրկում է նաեւ սեռական օրգանների օրգանական եւ ֆունկցիոնալ խնդիրների դեպքում ժամանակին բժշկի հաճախելը: Շատ հաճախ մարդիկ միամտորեն կարծում են, որ միայն հիգիենայի կանոններին հետեւելը եւ միայն մեկ զուգընկեր ունենալը լիարժեք սեռական առողջություն է ապահովում: Իհարկե, նման վարքագիծն ապահովում է մի շարք խնդիրներից, այնուամենայնիվ, առողջական բոլոր խնդիրները չեն, որ անմիջական կապ ունեն հիգիենայի եւ սեռական վարքագծի հետ:

Սեռահասուն տարիքի յուրաքանչյուր անձ պարտավոր է տարին գոնե մեկ անգամ հաճախել բժշկի՝ պայծառ եւ արեւաշող սեռական առողջություն ունենալու համար:

Վրեժ Շահրամանյան

ԵՊԲՀ սեքսոլոգիայի ամբիոնի դասախոս,

սեքսոպաթոլոգիայի կլինիկայի բժիշկ-սեքսոպաթոլոգ

NEWS.am STYLE