Առաջարկում եմ անդրադառնալ մի կարևորագույն թեմայի, որը մարդու կյանքի մի անբաժանելի մաս է կազմում, և առանց որի ապրելն անհնար է կամ, նվազագույնը, շատ դժվար: Խոսքը սեռական կյանքի, սեքսի և այդ շրջանակներում խնդիրների մասին է: Առհասարակ, սեռահասունացման, սեռական կյանքի մասին հայկական հասարակարգում խոսվում է որքան հնարավոր է քիչ և մեծ մասամբ անադեկվատ: Իսկ սեռական կյանքում խնդիրների մասին բարձրաձայնվում է միայն այն ժամանակ, երբ դանակը հասնում է ոսկորին: Մինչդեռ առողջ, գիտակից, ռեգուլյար սեռական կյանքի առկայությունը պարտադիր բաղադրիչներից է ֆիզիոլոգիական առողջության, կայուն հոգեկանի, հորմոնալ դաշտի և նույնիսկ լավ տրամադրության համար: Մարդկությունը վաղուց հեռացել է բնությունից: Այժմ մենք սոցիալական էակներ ենք, կյանքի ընթացքում հաստատում ենք բարեկամական, աշխատանքային, ընկերական, սիրային, ամուսնական փոխհարաբերություններ: Եվ այս ամենի ֆոնի վրա մեր օրգանիզմը կարիք ունի և ստիպված է հաստատել նաև սեռական հարաբերություններ: Պարզ է, որ խնդիրներն անխուսափելի են:
Մանրամասնում է Սեքսոպաթոլոգիայի համալսարանական կլինիկայի ղեկավար, բժիշկ-սեքսապաթոլոգ Սևադա Հակոբյանը.
”Սեքսոպաթոլոգիան կամ կլինիկակական սեքսոլոգիան գիտության բնագավառ է, որն ուսումնասիրում է սեռական հիվանդությունների, նորմերի և պաթոլոգիաների ծագման, ախտորոշման բոլոր մեխանիզմները՝ հիմք ընդունելով մարդու ներանձնային և հոգեբանական ասպեկտները”: Սեռական խնդիրներն, ըստ միջազգային դասակարգման, մտնում են վարքային խանգարումների մեջ: Դրանք ավելի հաճախ ֆունկցիոնալ բնույթի են, ուղղակիորեն կապված են հոգեբանական, անձնային, միջանձնային փոխհարաբերությունների խնդիրների հետ:Սակայն սեռական խնդիրները կարող են սոմատիկ կամ օրգանական պատճառներ ունենալ: ”Խանգարումների վարքային շրջանակն ուսումնասիրելու համար, պետք է դիտարկել ինչպես բնազդային, այնպես էլ կամային ռեֆլեքսների ամբողջությունը, որը պայմանավորում է անձի սոցիալական և հոգեբանական կերպը հասարակությունում”,-նշում է Սևադա Հակոբյանը:
Սեքսապաթոլոգը պնդում է նաև, որ Հայաստանում մարդկանց մոտ սեքսուալ կյանքի, դրա մշակույթի և խնդիրների մասին գիտելիքները կաղում են.
”Շատ հաճախ սեռական առողջության, սեռական հոգեհիգիենայի, այս կամ այն սեռական ֆունկցիաների ու տատանումների մասին գիտելիքները բավարար չեն: Խնդիրներ են առաջանում թե ապատեղեկատվության , և թե ճիշտ տեղեկատվության պակասի պատճառով”: Իսկ ինչպիսին է մարդկանց դիմելիության մակարդակն այս պրոֆիլի մասնագետներին: Ըստ հարցումների՝ տեսականորեն գրեթե բոլորն են պատրաստ դիմելու սեքսապաթոլոգին, ինչը սակայն կարիք ունի հաստատման գործնականում: Սեքսապաթոլոգները պնդում են, որ վերջին մի քանի տարիներին համացանցի, տեղեկատվության բարձր մակարդակի շնորհիվ մեծացել է իրենց դիմողների քանակը Հայաստանում: Մարդու սեռական կյանքի որակը, դրանում խնդիրների առկայությունը մեծապես կախված է նրանից, թե որ տարիքում, ինչպես և ինչ սեռահոգեբանական ֆոնի պայմաններում է դրվել այդ անձի սեռական կյանքի սկիզբը:
Եվ այսպես, տարիքային ո՞ր հատվածում է ճիշտ ռեգուլյար սեռական կյանք սկսելը: Փորձը ցույց է տալիս, որ վաղ տարիքում սեռական կյանք սկսելու դեպքում, դեռահասներն ու պատանիները չեն տիրապետում բավարար գիտելիքների` անվտանգ սեռական կյանքի, սեքսուալ հմտությունների և տեխնիկայի մասին: ”Դեռահասները սեռահոգեբանական զարգացման, հասունացման և սեռական առողջության մասին որոշակի,իրենց տարիքային սահմաններին համապատասխան գիտելիքները պետք է բավականին վաղ տարիքից ստանան՝ 12-13 տարեկանից սկսած: Բայց ցավոք, չեն ձեռնարկվում պաշտոնական լայնածավալ քայլեր այս ուղղությամբ”,-պնդում է սեքսոպաթոլոգը: Ընդհանրապես, տարբեր աշխարհագրական լայնություններում գտնվող ազգերի մոտ տարբեր կերպ են ընթանում հոգեսեռական և մարմնասեռական զարգացումներն ու հասունացումը: Կատարյալ է այն տարբերակը, երբ ներդաշնակ հոգեսեռական և մարմնասեռական ֆոնի վրա, կայացած սեռականության փուլում սկսվեն սեռական կյանքն ու հարաբերությունները:
”Իսկ դա ենթադրում է 18-20 տ. սահմանը,-նշում է սեքսոպաթոլոգ Հակոբյանը,-այս տարիքից սկսած` լիովին ընդունելի է առողջ սեռական կյանք սկսելը՝ վերը նշված ներդաշնակության պայմաններում:Հետագայում՝ հասուն տարիքում պաթոլոգիաներ են առաջանում, եթե առկա են այդ զարգացումների ու տեմպերի ուշացումներ կամ արագացումներ”: Ընդ որում, բժիշկ-սեքսոպաթոլոգը հավելում է, որ թե՛ մարմնասեռական, թե՛ հոգեսեռական զարգացման առումով ուշացումն ավելի վնասակար է, քան վաղ սկիզբը: Չնայած՝ արագացումների պարագայում դեռահասի մոտ կարող են սեռական օրիենտացիայի խնդիր կամ սեռավարքային խանգարումներ առաջ գալ: Քանի որ այս տարիքում նա սկսում է ավելի շատ հաղորդակցվել ու նաև կենակցել իրենից մեծահասակ անձանց հետ, որը կարող է բերել սեքսուալ վարքի աղավաղումների ու շեղումների: Սեքսոպաթոլոգները նշում են, որ Հայաստանում դեռահասների սեռական կյանքում շատ մեծ խնդիրներ է առաջացնում կուսությունը պահպանելու նպատակը: ”Հիմնականում սեքսուալ զուգընկերները չեն կիրառում դասական սեքսուալ հարաբերություններ՝ կուսությունը պահպանելու նպատակով: Շրջանառվում են դասական սեքսին փոխարինող տարբերակները,որոնք չարաշահելու դեպքում կարող են հոգեբանական, մտածելակերպային խանգարումներ ու խնդիրներ ձևավորվել”,-այս առիթով պնդում է սեքսոպաթոլոգը: Արդյունքում աղավաղվում են առողջ սեռականություն, սեռական ֆունկցիաների մասին պատկերացումները, սեքսից ստացվող հաճույքի ճիշտ ըմբռնումը:
Սեքսոպաթոլոգ Սևադա Հակոբյանը հայկական մենթալիտետի ու մտածելակերպի հետ է կապում նաև բացասական վերաբերմունքը դեռահասների և մինչամուսնական սեռական կյանքի նկատմամբ: Հարցն այն է, որ վաղ անցյալում ամուսնությունները շատ փոքր տարիքում էին հաստատվում, և ինչպես առաջին, այնպես էլ ռեգուլյար սեռական հարաբերությունները տեղավորվում էին ամուսնության շրջանակներում: Իսկ ինչ է ստացվում ներկայում` սեռահասունացումն, ինչպես միշտ, ավարտվում է 18 տարեկանում, սեռական ցանկությունն ու լիբիդոն զարգանում են երկու սեռերի մոտ արդեն 20 տարեկանում, իսկ ամուսնություններ գրանցվում են միջինում 25-28 տարեկանում: Անհամապատասխանություններն ակնհայտ են: Ամեն դեպքում սեքսապաթոլոգը հաստատում է սեռական կյանք ունենալու անրհրաժեշտությունը` սեռահասունացման տարիքից սկսած: ”Մեր օրերում ամուսնանալու տարիքային սահմանը շատ է բարձրացել,և այս դեպքում մարդու ֆիզիոլոգիան՝ հոգեսոմատիկ առողջության տեսանկյունից, պահանջում է բնականոն և ներդաշնակ սեռական կյանք ունենալ”:
Սեքսապաթոլոգը հավելում է, որ սա ոչ թե բժշկական մասնագիտական, այլ հասարակարգում մտածողության խնդիր է:Բայց փաստը մնում է այն, որ զույգերի մեծամասնությունը, երկար տարիներ ընկերություն անելով, սահմանափակվում է էրոտիկ քնքշանքներով, իսկ երբ սեքսի ժամանակն է հասունանում, գրանցվում են լուրջ խնդիրներ: Ընդ որում ավելի շատ տուժում է կինը: Դա նրա մոտ արտահայտվում է կոետոֆոբիայով, այն է` սեռական հարաբերությունների նկատմամբ վախով, վագինիզմով, սեքսի նկատմամբ հետաքրքրության կորստով և այլն: Տղամարդն այս դեպքում տուժում է կանգային երևույթներից: Դրանք առաջանում են տղամարդու հաճախակի գրգռվելու և տրամաբանական օրգազմի չհասնելու հետևանքով: Կարող է առաջանալ նաև սեքսուալ համակարգի ֆունկցիոնալ ապամարզվածություն:
Slaq.am