Սեռական ցանկության ակտիվացման ժամանակ անձը զգում է ներքին սեռական գրգռվածություն, երևան է գալիս հետաքրքրություն սեռական կյանքի նկատմամբ, անձը «տրամադրվում է» սեռական կյանքի կամ, պատկերավոր ասած, կորցնում է ներքին հանգիստը: Հիշյալ զգացողությունները դադարում են սեռական բավարարումից հետո, երբ անձը վերագտնում է իր հանգիստը: Սեռական ցանկությամբ է պայմանավորված անձի սեռական կյանքի ռիթմը:
Ըստ մասնագետների` սեռական ցանկության առաջացումը կապված է ուղեղի կենտրոնների ակտիվացման հետ: Եթե ուղեղի կենտրոնները ակտիվ չեն կամ գտնվում են արգելակող մեխանիզմների ազդեցության տակ, ապա անձը հետաքրքրված չէ էրոտիկ թեմաներով, նա կարծես կորցնում է «սեռական ախորժակը» կամ պարզապես դառնում է ասեքսուալ:
Ըստ մասնագետների` լիբիդոյի կազմում տարբերում է երկու բաղադրիչ` հպվելու մղում, որը դրդում է այլ անձի հետ ֆիզիկական (գրկախառնություններ, համբույրներ) ու հոգևոր շփման և թուլանալու, հանգստանալու մղում, որի հետևանքով սեռական օրգաններում տեղի են ունենում որոշ «գործընթացներ», որոնք հաջորդում են սերմնաժայթքմանը` տղամարդկանց մոտ և օրգազմին` երկու սեռերի մոտ:
Անհերքելի է, որ ամուսնական զույգի ներդաշնակ հարաբերություններում մեծ նշանակություն ունեն նաև սեռական ակտիվությունը, դրա համատեղելիությունը, զույգի փոխըմբռնումը նաև անկողնային կյանքում: Սեռական վարքի դրդապատճառների ուսումնասիրման արդյունքները ցույց են տվել, որ եթե սեռական կյանքի սկզբում սեռական մերձեցման հիմնական դրդապատճառը սեռական բավարարություն ստանալու անհաղթահարելի պահանջն է, ապա տարիքի հետ անձը կարող է պահպանել սեռական կյանքի ռիթմը` ելնելովոչ թե ներքին պահանջմունքից, այլ սովորության համաձայն:
Սեքսոպաթոլոգներն առանձնացնում են տղամարդու սեքսուալ մոտիվացիայի հինգ հիմնական տիպ.
1. Հոմեոստաբիլիզացնող (մարդու օրգանիզմի ներքին միջավայրը կայունացնող) տիպ. բնորոշվում է նրանով, որ յուրաքանչյուր հերթական մերձեցումից և դրան հաջորդող համեմատական հանգիստ վիճակից հետո տղամարդն ապրում է աստիճանաբար աճող սեռական լարվածության զգացողություն, որը խախտում է նրա նյարդային հավասարակշռությունը: Ինչպես քաղցի զգացողությունն է կրում բացասական հուզական երանգավորում, այնպես էլ սեռական ձեռնպահությունն ուղեկցվում է ֆիզիոլոգիական անհարմարավետության զգացողությամբ: Ըստ այդմ` սեռական կյանքի ռիթմը կազմակերպվում է այնպես, որպեսզի հնարավորինս պահպանվի ֆիզիոլոգիական հարմարավետությունը: Վարքի այս տեսակը ամենից հաճախ հանդիպում է ստեղծագործական հակվածությամբ մարդկանց մոտ, որոնց արժեքային համակարգում սեռական կյանքը ենթակա տեղ է գրավում:
Ստեղծագործական աշխատանքից ստացած բուռն ուրախությունը կարող է խամրել, եթե այդ պահին առաջանա քաղցի զգացողություն կամ սեռական ցանկություն, որոնք շեղիչ և հետևաբար ոչ ցանկալի գործոններ են նրա համար, թեև դրանց բավարարումը միանգամայն լի է հաճույքի զգացողությամբ:
2. Խաղային տիպ. բնորոշվում է սեռական վարքում ռոմանտիկ և սեքսուալ բաղադրիչների ներդաշնակ համադրությամբ: Այսպիսի տղամարդիկ զերծ են կնոջը աստվածացնելուց կամ, հակառակը, նրան միայն որպես սեռական կիրքը բավարարող օբյեկտ դիտելու ծայրահեղություններից: Այս տիպի սեքսուալ շարժառիթ ունեցող տղամարդիկ սեռական կապը դիտարկում են իբրև եզակի հնարավորություն, որտեղ նրանք կարող են համատեղ դրսևորել իրենց հոգեհուզական և մարմնական ապրումները` իրականացնելով իրենց սեքսուալ երևակայությունները, հնարքները: Ամեն անգամ նրանք նորովի են ապրում սեռական հաճույքը` իբրև նախադեպը չունեցող և անկրկնելի իրողություն:
3. Կաղապարային տիպ. բնորոշվում է նրանով, որ տղամարդը սեռական հարաբերությունն իրականացնում է իբրև որոշակի պարտականություն` խուսափելու համար հնարավոր կշտամբանքներից կամ խոսակցություններից: Այսպիսի տղամարդիկ ունեն սեռական վարքի որոշակի կարծրատիպ, որով առաջնորդվում են իրենցողջ սեռական կյանքի ընթացքում:
4. Գենիտալ տիպ. այս տիպի տղամարդիկ աչքի չենընկնում բարձր ինտելեկտով, շատ հաճախ նույնիսկչեն տարբերում էրեկցիան` առնանդամի գրգռումը, սեռական ցանկությունից: Նրանց համար էրեկցիայի առաջացումը սեռական հարաբերություն ունենալու ազդանշան է: Այսպիսով` նրանց սեռական կյանքի ռիթմը կարգավորվում է սոսկ գենիտալ շրջանի զգացողություններով` առանց էթիկական և էսթետիկական «ավելորդությունների»: Եթե նախորդ դեպքերում սեռական վարքը կախված է անձի դիրքորոշումներից, ապա այստեղ այն պայմանավորված է արտաքին ազդեցություններով, ուստի շատ հեշտ է նմանատիպ անձանց ներգրավել սեռական կապի մեջ:
5. Փոխադարձ ալտրուիստական (այլասիրական) տիպ, որի դեպքում անկողնային դերակատարներից յուրաքանչյուրը ձգտում է առաջնահերթ բավարարել դիմացինի սեռական ցանկությունը: Այս մոտեցումը կարելի է համարել ամենահաջողվածը, քանի որ գործում է փոխադարձության սկզբունքը:
Սեքսուալ շարժառիթների նկարագրված տիպերը պայմանավորված են ժառանգականությամբ, ինչպես նաև անհատական զարգացման ընթացքում ձեռք բերած հայացքների և համոզմունքների համակարգով: Սեռական ցանկության նյարդային կենտրոններըսերտ կապեր ունենուղեղի այլ հատվածների հետ, որոնքմինչօրս դեռ լիովին բացահայտված չեն: Սեռական մերձեցման ժամանակ գրգռվում են հաճույքի կենտրոնները, ինչով պայմանավորված է սեռական կյանքի հաճույքաբեր կողմը: Ցավային զգացողության ժամանակ սեռական ցանկությունը ճնշվում է, որովհետև ցավի կենտրոններն ակտիվանալիս արգելակում են սեռական կենտրոնները:
Ապացուցված է, որ լիբիդոյի հորմոնը, ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց մոտ, արական սեռական հորմոնն է` տեստոստերոնը: Առանց տեստոստերոնի բավարար մակարդակի սեռական ցանկությունը ճնշվում է, քանի որ խանգարվում է նյարդային կենտրոնների գործունեությունը: Լիբիդոյի ակտիվացման գործում կարևոր դեր են խաղում զգայարանները. հոտը, տեսքը, շոշափումը այն հզոր ազդակներն են, որոնք կարող են անմիջապես արգելակել կամ խթանել սեռական ցանկությունը: Կլինիկական դիտարկումները վկայում են, որ գոյությունունի լիբիդոյի` ուղեղիկենտրոնների սեռային տարբերություն. տղամարդկանց լիբիդոն առավելապես պայմանավորված է տեսողական գրգիռներով, իսկ կանանց սեռական ցանկությունը ՙբորբոքվում՚ է լսողական գրգիռների ազդեցությամբ, որի վկայությունը` ՙԿանայք սիրում եմ ականջներով՚ խոսքն է:
Լիբիդոն ակտիվանում է ցանկալի անձի ներկայությամբ: Հիշողության, սեքսուալ երևակայական պատկերների ազդեցությամբ նույնպես հնարավոր է սեռական ցանկության ակտիվացում: Այսպիսով` լիբիդոն կախված է կենսաբանական, հոգեբանական և սոցիալական գործոնների բարդ համադրումից, որոնց փոխազդեցությունից լիբիդոյի նյարդաֆիզիոլոգիական մեխանիզմներն արգելակվում են բոլոր այն դեպքերում, երբ ուղեղը «որոշում է», որ իրավիճակը չի համապատասխանում սեռական մերձեցմանը:
Մ. Հերացու անվան ԵՊԲՀ սեքսոպաթոլոգիայի
կլինիկայի բժիշկ-սեքսոպաթոլոգ Վրեժ Շահրամանյան
esyes.am
Սեռական ցանկությունից է կախված սեռական կյանքի ռիթմը
Comments are closed.