Այդ նուրբ հարցի մասին լռում են դպրոցում, իսկ ընտանիքում ծնողներն աշխատում են շրջանցել այդ հարցը` հուսալով, որ հարցի պատասխանը ցույց կտա հետագա անձնական կյանքը: Ստացվում է, որ անտեսվում է մարդու սեռական դաստիարակությունը՝ հանգեցնելով անլուրջ վերաբերմունքի եւ անխոհեմ սեռական վարքագծի:
Այսօր Երեւանի պետական բժշկական համալսարանի նիստերի դահլիճում բժիշկ-սեքսապաթոլոգ Վրեժ Շահրամանյանը ներկայացրեց «Անվտանգ սեռական վարքագիծ» գիտահանրամատչելի դասընթացը: Բժիշկն անդրադարձավ մի շարք կարեւոր սեռական խնդիրների, որոնց մասին յուրաքանչյուր ոք պետք է պատկերացում ունենա:
Այժմ սեռական առողջությունը վտանգի է ենթարկվում, իսկ պատճառը սեռավարակումներն են: Խնդիրներից մեկն այն է, որ մարդիկ հաճախ բժշկի չեն դիմում ու նախընտրում են «ինքնաբուժությունը», «հարեւանաբուժությունը», «դեղատնաբուժությունը» եւ «համացանցաբուժությունը»:
Սեռավարակների սրում գրանցվում է 25-35 տարեկան մարդկանց շրջանում, քանի որ այն համարվում է սեռական կյանքով զբաղվելու ամենաակտիվ ժամանակաշրջանը: Այսօր ինչ-ինչ պատճառով սեռական կյանքի «արշալույսը» բավականին երիտասարդացել է. եթե նախկինում առաջին սեռական հարաբերությունը միջին հաշվարկով 17-18 տարեկանում էր լինում, ապա այժմ տղաների մոտ միջինը համարվում է 16.5 տարեկանը:
Դասընթացի ընթացքում բժիշկը նշեց, որ սեռական խոցելի խմբերին են պատկանում մարմնավաճառները, թմրամոլները, հեռագնա վարորդները, արտագնա աշխատանքի մեկնողները: «Հատկապես չամուսնացած երիտասարդները մեկնում են արտագնա աշխատանքի, ծավալում են սեռական գործունեություն, վերադառնում են ու հապճեպ ամուսնանում: Այդ տղամարդիկ որոշում են փոխել իրենց սոցիալական կարգավիճակը՝ չմտածելով անձնական կարգավիճակի մասին: Շատ դեպքերում այդ երիտասարդները վտանգի են ենթարկում իրենց նորաստեղծ ընտանիքի ապագան»,- նշում է պարոն Շահրամանյանը:
Բժիշկը ցավով փաստեց, որ այժմ սեռավարակները «երիտասարդացել են» ու շուրջպար կազմելով՝ «քոչարի» են պարում: Սեռական խնդիրներով ու գանգատներով սկսել են ավելի շատ դիմել նաեւ երիտասարդները: Դա պայմանավորված է ազատ բարքերով, սեռական առողջության մասին ունեցած թերի գիտելիքներով եւ սեռական կյանքի վտանգավոր ազատականացմամբ, քանի որ այսօր շուրջբոլորը փորձում են ազատ կենսակերպ քարոզել՝ երբեմն չմտածելով, որ իրենց «ազատ» կոչվածը շատ դեպքերում վտանգավոր ու սանձարձակ է:
Մասնագետը կոչ արեց խուսափել արտաամուսնական պատահական եւ չպաշտպանված սեռական հարաբերություններից, իսկ յուրաքանչյուր գանգատի դեպքում՝ դիմել մասնագետների օգնությանը ու խնդիրը լուծել միայն բժիշկների օգնությամբ եւ հսկողությամբ:
http://www.erit.am/