Բադասյանի նամակին, ինչպես գիտենք, հաջորդեց  Լևոն Տեր-Պետրոսյանի հոդվածը, որում հիմնավորվում էր հրաժարականի հրամայականը:

Առաջին հայացքից թվում է, թե ոչ մի նոր բան չկար Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջի մեջ, առավել ևս , որ 2008  թվականից ի վեր Տեր-Պետրոսյանն ու իր թիմակիցները հանդես էին գալիս նման պահանջով: Սակայն իրականում երկրում ներքին և արտաքին քաղաքական իրադրության փոփոխությունները, ուժերի դասավորվածության տեղաշարժերը և, բնականաբար, արտաքին քաղաքական իրավիճակը պարբերաբար ստեղծում են իրավիճակներ, որոնք պարզապես ենթադրում, իսկ երբեմն էլ պարտադրում են իշխանափոխություն: Փորձենք այս դիտանկյունից քննարկել արդի ներքաղաքական և արտաքին քաղաքական իրադրությունն ու վերջինիս համատեքստում Սերժ Սարգսյանի հրաժարականը:

Արտաքին գործոն

Մարտի 1-ի ողբերգական իրադարձությունների ստվերի ներքո իշխանության գալով՝ Սերժ Սարգսյանը մեծ հաշվով շարունակեց արտաքին դիվանագիտության այսպես կոչված՝ կոմպլեմենտարիզմի սկզբունքը, այն վերապահումով, որ առավել շեշտը դրվեց եվրաինտեգրման գործընթացների վրա:  Այդ ուղղությամբ բանակցությունները կարծես թե անխափան ընթանում էին, մինչև սույն թվականի սեպտեմբերի 3-ի Սերժ Սարգսյանի մոսկովյան հայտարարությունն այն մասին, որ Հայաստանն ընտրում է Մաքսային միությունը: Սերժ Սարգսյանի այս մեկ հայտարարությամբ  Ասոցացման համաձայնագրի շուրջ ավելի քան երեք տարի շարունակվող բանակցությունները պարզապես սառեցվեցին: Բնականաբար, նման կտրուկ շրջադարձն ուղղակիորեն Սերժ Սարգսյանին դարձնում է անկանխատեսելի քաղաքական գործիչ, ինչը բացարձակապես անընդունելի է Եվրոպայի համար: Այսինքն՝ մինչ այս Սերժ Սարգսյանի ընկալումը՝ որպես Եվրոպա շարժվող ղեկավարի, հօդս ցնդեց:

Մյուս կողմից համարել, թե Սերժ Սարգսյանը, պատրաստակամություն հայտնելով մտնել Մաքսային միություն, լիովին լուծեց իր համար ռուսական աջակցության խնդիրը, կարծում ենք՝ այնքան էլ նպատակահարմար չէ: Վերջին երեք տարիներին Եվրամիության հետ տարվող բանակցություններն արդեն իսկ ցույց են տալիս, որ հնարավորության դեպքում Սերժ Սարգսյանը կշրջանցի Ռուսաստանին և վերջնականապես կուղղվի դեպի Եվրոպա: Ներկայումս դժվար է ասել, թե ինչպիսի փաստարկներ և ճնշումներ են ներկայացվել Սերժ Սարգսյանին Մոսկվայում,  բայց որ դրանք եղել են՝ ակնհայտ է անգամ անզեն աչքով: Արդյոք Ռուսաստանին ձեռնտու է ամեն անգամ կիրառել ռեպրեսիվ միջոցներ Հայաստանի կամ տվյալ դեպքում՝ Սերժ Սարգսյանի եվրոպական նկրտումները զսպելու համար. ամենայն հավանականությամբ՝ ոչ, քանի որ ռուսական կողմի համար առավել ընդունելի կլիներ մարիոնետային իշխանությունը Հայաստանում, որը չի կարող խնդիրներ ստեղծել իր համար: Ուստի այս տեսանկյունից պետք է փաստենք, որ Ռուսաստանի աչքում ևս Սերժ Սարգսյանը սպառել է իրեն:

Ինչ վերաբերում է ԱՄՆ-ին, ապա ընդամենը կարող ենք փաստել, որ անուղղակիորեն  տարբեր դիվանագետներ Մաքսային միությունն ընտրելու պատասխանատվությունը դնում են Սերժ Սարգսյանի վրա` հայտարարելով , որ ոչինչ չունեն Հայաստանի դիրքորոշման դեմ:  Հենց այս մասին է վկայում նաև այն փաստը, որ ԱՄՆ դեսպանը Հայաստանի ներքաղաքական իրավիճակի մասին հետաքրքրվում է Լևոն Տեր-Պետրոսյանից, որի ցանկացած խոսքը հայաստանյան իշխանությունների մոտ առաջացնում է քսենոֆոբիա:

Ներքին գործոն

Սերժ Սարգսյանի պաշտոնավարումից ի վեր ժամանակ առ ժամանակ ընդդիմադիր բոլոր քաղաքական ուժերը հանդես են եկել նրա հրաժարականի պահանջով: Սակայն մի կողմ թողնելով բոլոր այդ գործընթացները՝ ընդամենը փաստենք, որ վերոհիշյալում ներկայացված հանգամանքները կարող են ենթադրել Սերժ Սարգսյանի հրաժարականը, եթե համապատասխան միջավայր ստեղծվի երկրի ներսում: Տեր-Պետրոսյանի հոդվածը, որի կետերի նկատմամբ անգամ իշխանությունների կողմից չհնչեցին բովանդակային հակադարձումներ և քննադատւթյուններ, եթե, իհարկե, չհաշվենք որոշ երիտհանրապետականների ջղաձիգ արձագանքը, որոշակիորեն նախագծում էր այն առանցքը, որի շուրջը կարող էին հայաստանյան քաղաքական ուժեր իրենց քաղաքական օրակարգում դնել Սերժ Սարգսյանի հրաժարականը՝ որպես թիրախ:

Այստեղ արդեն բոլորվին էլ էական չէ հոդվածագրի անձը, քանի որ Սերժ Սարգսյանի արտաքին քաղաքական դեմարշները, ներքաղաքական, տնտեսական և այլ ձախողումները կարծես թե որևէ մեկի համար գաղտնիք չեն: Սակայն, զարմանալիորեն,  հայաստանյան քաղաքական դաշտը գտնվում է մարգինալ վիճակում` ակնհայտ դարձնելով, որ հայստանյան ընդդիմություններն ու կիսաընդդիմությունները այդպիսին են միայն հայտարարությունների մակարդակում:

Նման պայմաններում իրատեսակա՞ն է արդյոք Սերժ Սարգսյանի հրաժարականը. ամենայն հավանականությամբ՝ ոչ, եթե, իհարկե, առաջիկայում տեղի չունենա հայաստանյան ընդդիմադիր հատվածի և, իհարկե, հասարակական կոսոլիդացիա, որը համահունչ լինելով արտաքին քաղաքական ռեալներին՝ կարող է ստեղծել իշխանափոխության համար անհրաժեշտ  ճնշումը:

Աղասի Մարգարյան

http://araratnews.am/%D5%BD%D5%A5%D6%80%D5%AA-%D5%BD%D5%A1%D6%80%D5%A3%D5%BD%D5%B5%D5%A1%D5%B6%D5%AB-%D5%B0%D6%80%D5%A1%D5%AA%D5%A1%D6%80%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6%D5%AB-%D5%B0%D6%80%D5%A1%D5%B4%D5%A1%D5%B5%D5%A1%D5%AF/#sthash.5VQTEwCm.dpuf