«Միասեռականությունն ընդունված է անվանել սեռական ուղղվածության խանգարում, շեղում: Միասեռականությունը հանված է հիվանդությունների շարքից: Սա մարդու ապրելակերպ է: Մարդն ուզում է այդպես ապրի, թող ապրի»,- ասուլիսում այս մասին ասաց սեքսապաթոլոգ, հոգեթերապևտ, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Մարատ Զաքարյանը:
Ըստ նրա, դեռևս պարզեցված չէ, թե ո՞ր տարիքից է առաջանում այդ շեղումը, ժառանգակա՞ն է, թե՞ ոչ, ինչպե՞ս է զարգանում: Կան նման շեղումների առաջացման տարբեր տեսություններ:
Մ. Զաքարյանի ներկայացմամբ, միասեռականները հիմնականում առանձնացված են լինում, ինքնամփոփ, կասկածամիտ, նյարդային, ունենում են գլխացավեր, գլխապտույտներ, ավելի ծանր են տանում բաժանումը:
Հնարավո՞ր է միասեռականությունը բուժել հարցին ի պատասխան, սեքսապաթոլոգն ասաց. «Եթե միասեռականն ուզում է բուժվել, կարգավորել իր հոգեվիճակը և սեռական ուղղվածությունը, ընտանիք կազմել, երեխա ունենալ, դառնալ հասարակության լիաժեք անդամ, հնարավոր է, բայց դժվար է»:
Հոգեբան, հոգեբանական գիտությունների դոկտոր Սամվել Խուդոյանը նշեց, որ մինչև այժմ բժշկության մեջ հստակեցված չէ` արդյոք միասեռականությունը հիվանդություն է, թե ոչ: «Միասեռականությունը հաստատ խանգարում է, բայց որոշ դեպքերում հիվանդության հետևանք է, որոշ դեպքում` բարոյական հիվանդության, որոշ դեպքում` սոցիալական»,-ասաց հոգեբանը:
Ս. Խուդոյանի խոսքով, տրանսսեքսուալիզմի դեպքում մոտ 70-80 տոկոսի դեպքում շիզոֆրենիայի հիվանդություն է հանդիպում, իսկ միասեռականության դեպքում խանգարված են սեռական մոտիվները, բայց ոչ ինքնագիտակացությունը:
Նա աբսուրդ է որակում, որ Եվրոպայում թույլատրում են երկու սեռերի ամուսնությունը: «Մեր մոլորակը գերբեռնված է: Կան երկրներ, որոնք ուզում են, որ հոմոսեքսուալները շատանան ու ծնունդներ չլինեն: Մեր ազգի համար դա կործանում է: Օրենքով պետք է արգելվի, ինչպես առաջ»,- կարծիք հայտնեց Ս. Խուդոյանը: Ըստ նրա, նման երևույթների նկատմամբ պետք է սուր քննադատության վերաբերմունք ցուցաբերի:
Իսկ Մ. Զաքարյանն ուղղակի ասաց. «Պետք չէ քարկոծել նման մարդկանց: Դա նրանց ապրելակերպն են: Տեր կանգնեք ձեր երեխաներին»:
Աղբյուր՝ www.panorama.am