Ակտիվ սեռական կյանք վարող կինը, ով լիարժեք բավարարվածության զգացում ունի իր սեռական կյանքից, սովորաբար ավելի արդյունավետ, ոգևորված և կենտրոնացած է կյանքում, քանի որ այդպիսի կինն ունի բարձր ինքնագնահատական, ինքնավստահ է, անկաշկանդ՝ շփումների մեջ: Cosmo-ի սեքսոլոգ Նարինե Ներսիսյանը նշում է, որ այսպիսի կինը նախաձեռնող է և մերժման հանդեպ ունի բարձր հանդուրժողականություն:
Բաց, որը չես լրացնի ոչ մի բանով
Պասիվ սեռական կյանք ունենալը գուցե ժամանակի առումով հնարավորություն է տալիս տարվել աշխատանքով, սակայն ֆիզիոլոգիապես կամ, ինչն ավելի կարևոր է, հոգեպես անպայման թողնում է իր բացասական հետքերը…
Սեռական կյանքի բացակայությունը կյանքը դարձնում է ոչ լիարժեք և հանգեցնում ոչ ադեկվատ դրսևորումների կարիերայում: Արդյունքում՝ կինը փորձում է կարիերայի միջոցով լրացնել այն բացը, որը գոյանում է սեռական կյանքի բացակայությունից, մինչդեռ այդ բացը որևէ այլ կերպ չի կարող լրացվել, ճիշտ այնպես, ինչպես, օրինակ, սիրտը չի կարող կատարել երիկամի աշխատանքը:
Կանայք յուրատեսակ «վամպիրներ» են
Տղամարդիկ իրենց ողջ էներգիան ներդնում են սեքսի մեջ, իսկ կանայք, ընդհակառակը, լիարժեք մտերմությունից էներգիա են կլանում: Բավական է միայն հիշել այն, թե սեքսից հետո ինչպես են տղամարդիկ շրջվում և քուն մտնում: Ու որքան երկար է տևում օրգազմը, այնքան ավելի մեծ էներգիա է ստանում կինը: Նույնիսկ ավելի, քան տալիս է քունը…
Հաջողություն սեռական կյանքում, հաջողություն ամենուրեք
Սեքսը, աշխատանքը, արվեստը մարդկային էներգիայի արտահայտման ձևերից են: Սա նշանակում է, որ մի ոլորտը կատարելագործելու դեպքում զարգանում, հարստանում ու հետաքրքրանում է մյուսը: Սեռական կյանքում ակտիվությունը կնոջն աշխատանքային հարցերում դարձնում է ավելի ճկուն, ուշադիր ու զգայուն:
«Չսեքսի» վտանգներն ու Restart-ի անհրաժեշտությունը
Սեքսի բացակայությունն առաջ է բերում բազմաթիվ խնդիրներ, որոնց մի մասն արտահայտվում է հենց աշխատանքում: «Չեմ հասկանում, ինչի՞ց է, որ մոտս անընդհատ դիմացինին կոպտելու ու հանդիմանելու ցանկություն է առաջանում»: Ագրեսիայից. ահա քո հարցի պատասխանը։ Դա սեռական կյանքի բացակայության հետևանք է: Պետք է երբեմն էլ լիցքաթափվել ու լիցքավորվել, կարճ ասած՝ «Restart» լինել` դուրս մղելով աշխատավայրում առաջացող լարվածությունն ու սթրեսը:
Մշտական զուգընկերոջ անհրաժեշտությունը
Եվ վերջում` ամենագլխավորի մասին. սեքսից «իրական օգուտ քաղելու» ու դրա «բարիքներն» աշխատանքում օգտագործելու համար խորհուրդ է տրվում ունենալ մշտական զուգընկեր: Պատահական ու անկանոն կապերն աստիճանաբար հյուծում են օրգանիզմը ու վեներական հիվանդություններով վարակվելու վտանգ ներկայացնում:
P.S. Ի դեպ, աշխատանքից հետո սպասվող հանդիպման ու սեքսի մասին մտքերը բավական բարձրացնում են աշխատունակությունը: Այնպես որ, սիրելիիդ հետ հանդիպումները նախօրոք ծրագրելը ևս «կստիպի» լավագույնս դրսևորել քեզ աշխատավայրում 😉