Երբևէ չե՞ս մտածել, որ սեռական հիգիենան պարտադիր է ոչ միայն առողջ, այլև գրավիչ արտաքին ունենալու համար: Ուրեմն սեքսոպաթոլոգ Վրեժ Շահրամանյանի պատրաստած այս նյութը հենց քեզ համար է: Գիտեմ, որ տանը քեզ հետ այդ մասին չեն խոսում` անհարմար են զգում կամ գուցե չեն կարևորում: Սակայն սեռական հիգիենայի մասին լավ տեղեկացված լինելը նույնքան կարևոր է, որքան գրականության կամ ֆիզիկայի առաջադրանքը կատարելը: Մեր «Սեռակրթություն» խորագիրը հենց այդ նպատակով ենք ստեղծել. ամեն ամիս այն քեզ օգնության կհասնի` մեր երիտասարդ մասնագետի գրագետ պատրաստված նյութի և խորհուրդների միջոցով: Ապավինի´ր միայն սեքսոպաթոլոգին և տեղեկացված լինելը քեզ առողջ, գրավիչ ու երջանիկ կդարձնի:
Երիտասարդ տարիքում մարդու մեջ ձևավորվող մի շարք սովորություններից էապես կախված են նրա առողջությունը, ինքնավստահությունը և ֆիզիկական հմայքը: Առողջության պահպանման և գեղեցիկ լինելու կարևոր նախապայմաններից մեկն անձնական հիգիենայի կանոնների պահպանումն է, որն առանձնակի նշանակություն է ստանում սեռական հասունացման շրջանում: Վաղ տարիքից անձնական հիգիենայի տարրական կանոնների իմացությունը, գործնականում դրանք կիրառելու հմտությունների իմացությունը (մասնավորապես` արտաքին սեռական օրգանների խնամքի հարցերը), սեռական օրգանների բորբոքային հիվանդությունների կանխարգելման և սեռական կյանքում ներդաշնակության հասնելու կարևորագույն պայմաններից են:
Միմյանց սիրող անհատների միջև հարաբերությունները կարող են հանգեցնել ֆիզիկական մտերմության: Բնականաբար, դա պահանջում է սեռական հիգիենայի կանոնների պահպանում` սեփական և զուգընկերոջ շահերից ելնելով: Առանց մարմնի ընդհանուր, նաև սեռական օրգանների հատուկ հիգիենայի պահպանման անհնարին է առողջ, լիարժեք և փոխադարձ բավարարվածություն պարգևող սեռական կյանքը: Ցանկալի է, որ ամենօրյա լոգանքն ու սեռական օրգանների լվացումը դառնան սովորություն յուրաքանչյուր պատանու և աղջկա համար: Առանձնահատուկ ուշադրություն պետք է դարձնել սեռական օրգանների մաքրությանը: Դրանց խնամքը սկսվում է զուգարանից օգտվելուց առաջ և հետո ձեռքերը լվանալուց, քանի որ ձեռքերը երբեք բավարար մաքուր չեն լինում: Թե´ տղամարդկանց, թե´ կանանց արտաքին սեռական օրգանների և մաշկի` դրանց հարող հատվածների լվացումը պետք է դիտվի որպես ինքնին հասկանալի երևույթ: Անբավարար մաքրության դեպքում արտաքին սեռական օրգանների շրջանում կուտակվում են որոշակի արտադրություններ, որոնք, միանալով մեզի, քրտինքի մնացորդներին, բարենպաստ միջավայր են ստեղծում մի շարք ախտածին մանրէների զարգացման և բորբոքային պրոցեսների առաջացման համար: Դրանից զատ, այդ արտադրությունների տհաճ հոտը կարող է ընկճել անգամ ամենաբուռն սեռական ցանկությունը: Զուգընկերոջ փնթիությունը, մարմնի վատ հոտը կարող են տհաճություն առաջացնել նրա նկատմամբ, դառնալ սեռական հարաբերության ընթացքի ձախողումների և ամուսնական կյանքում աններդաշնակության պատճառ: Դրա համար զուգընկերները պետք է մշտապես հետևեն մարմնի մաքրությանը, իսկ սեռական հարաբերությունից առաջ և հետո պարտադիր լվանան արտաքին սեռական օրգանները: Սեռական օրգանները լվանալիս օճառը պետք է զգուշությամբ օգտագործել, քանի որ այն կարող է գրգռել նուրբ լորձաթաղանթը: Լվացման համար ցանկալի է օգտագործել ոչ թե հակաբակտերիալ, այլ փափուկ, մանկական օճառ: Ի դեպ, կանանց խորհուրդ չի տրվում կատարել հեշտոցի ողողում (ներլվացում), քանի որ այդ դեպքում հեշտոցից հեռացվում են նրանում մշտապես «բնակվող» չափազանց օգտակար մանրէները, որոնք ճնշում են ախտածին մանրէների զարգացումը:
Աղջիկները պետք է իմանան նաև դաշտանի ժամանակ որոշակի հիգիենիկ պահանջների մասին: Դաշտանը ֆիզիոլոգիական երևույթ է, ոչ թե հիվանդություն, ուստի չի պահանջում էական սահմնափակումներ առօրյա կյանքում: Կարելի է և անհրաժեշտ է շարունակել ինչպես մտավոր, այնպես էլ ֆիզիկական պարապմունքները: Կարելի է զբաղվել ֆիզկուլտուրայով: Պետք է խուսափել միայն այն վարժություններից, որոնք պահանջում են ֆիզիկական մեծ լարվածություն (ձիավարություն, թռիչքներ, հեծանիվ վարել, ծանրություն բարձրացնել):
Դաշտանի ժամանակ անհրաժեշտ է մաքուր պահել արտաքին սեռական օրգանները: Դրա համար անհրաժեշտ է օճառով լվացում կատարել` գոլ ջրի հոսող շիթի տակ` առջևից դեպի ետ: Լվացում պետք է կատարել օրվա ընթացքում երկու անգամից ոչ պակաս` մաքուր ձեռքերով: Դաշտանի ժամանակ խորհուրդ է տրվում ամեն օր գոլ ցնցուղ ընդունել: Դաշտանի օրերին չի կարելի լողալ ջրավազաններում կամ ջրամբարներում: Դաշտանի ժամանակ պետք է օգտվել հատուկ հիգիենիկ միջադիրներից: Միջադիրները պետք է փոխել օրվա ընթացքում 2-3 անգամ, երբեմն` ավելի հաճախ:
Սուր համեմունքների (պղպեղ, մանանեխ) օգտագործումը նպաստում է դաշտանային արյունահոսությունների ուժեղացմանը:
Դաշտանի ժամանակ սեռական հարաբերությունները ցանկալի չեն, քանի որ այդ օրերին առավել մեծ է դեպի արգանդի խոռոչ վարակի ներթափանցման վտանգը:
Յուրաքանչյուր աղջիկ պետք է ունենա օրացույց, որտեղ նշի դաշտանի սկսվելու օրը, տևողությունը և կորցրած արյան մոտավոր քանակը (չափավոր, առատ, սակավ): Չափը որոշվում է հիգիենիկ միջադիրների ներծծման աստիճանի և միջադիրը փոխելու հաճախականությամբ:
Սեռական հասունացման շրջանում աղջիկների 80-90%-ի մոտ արտաքին սեռական օրգաններից կարող է նկատվել անգույն լորձային արտադրություն: Դա բնականոն երևույթ է և սովորաբար անհանգստություն չի պատճառում, եթե աղջիկն ամեն օր հետևում է իր մաքրությանը: Հակառակ դեպքում այդ արտադրությունը մաշկի վրա կարող է քայքայվել` առաջացնելով տհաճ հոտ: Հեշտոցային արտադրության քանակը, գույնը և հոտը կարող են փոխվել տարբեր հիվանդագին վիճակների ժամանակ:
Պատանին նույնպես պետք է իմանա իր սեռական օրգանների խնամքին առնչվող մի քանի հիմնական պահանջներ: Մանրէների զարգացման համար բարենպաստ միջավայր են ստեղծում առնանդամի գլխիկի և թլիպի միջև կուտակվող լորձը, մեզի, թլպաճարպի, նաև երազախաբության ժամանակ արտադրված սերմնահեղուկի մնացուկները: Թլիպի մաշկը, բորբոքվելով, կարող է այտուցվել, առաջացնել սեղմումներ և նեղացում, որը շատ ցավոտ է: Երբեմն բորբոքման հետևանքով առաջանում են կպումներ, որոնք բուժվում են միայն վիրաբուժական միջամտությամբ:
Պատանեկան հասակում սեռական ակտիվության դրսևորումը կախված է սեռական համակարգի առանձնահատկություններից: Առանց պաշտպանական միջոցների սեռական հարաբերություն ունենալիս երիտասարդները պետք է մտածեն հնարավոր հետևանքների մասին, որոնք կարող են հավասարապես անցանկալի լինել թե´ տղայի, թե´ աղջկա համար:
Սեռական կյանքի հիգիենայի որոշ հարցեր հաճախ սխալ են մեկնաբանվում: Մասնավորապես դա վերաբերում է ժուժկալությանը և մաստուրբացիային (ձեռնաշարժություն, ինքնաբավարարում):
Մաստուրբացիան սեռական հարաբերությանը փոխարինող ձև է: Սա անցողիկ երևույթ է, եթե, իհարկե, մարդը հոգեպես և սեռապես առողջ է: Բնորոշ է 12-18 տարեկան, այսինքն` սեռական հասունացման շրջանում գտնվող պատանիներին ու աղջիկներին, որից սովորաբար հրաժարվում են կանոնավոր սեռական կյանք սկսելուց հետո: Մաստուրբացիայով ավելի շատ զբաղվում են տղաները: Հակառակ գոյություն ունեցող թյուր կարծիքի` այդ երևույթի և հետագա սեռական խանգարումների (այդ թվում` սեռական անկարողության) առաջացման միջև որևէ կապ գոյություն չունի: Այսօր գիտականորեն հաստատված է, որ մաստուրբացիան որևէ խանգարում չի առաջացնում և անվտանգ է: Ավելին` որոշ սեքսոպաթոլոգների կարծիքով, պատանեկան հասակում չափավոր մաստուրբացիան սեռական ֆունկցիայի կարգավորման դեր է կատարում և նպաստում է սեռական գերգրգռվածության նվազեցմանը: Մաստուրբացիայի ամոթալի և վտանգավոր լինելու վերաբերյալ արմատացած սխալ կարծիքը, դրա հանդեպ վախը շատ պատանիների մեջ հոգեկան ծանր ապրումների առաջացման, մեկուսացման, երբեմն նաև սեռական խանգարումների պատճառ կարող են դառնալ: Անհրաժեշտության դեպքում մաստուրբացիայից հրաժարվելու հնարավոր, արդյուվետ միջոց է ազատ ժամանակը որևէ հետաքրքիր զբաղմունքով լցնելը: Սպորտով զբաղվելը, մարմնամարզությունը, լողը նույնպես կարող են օգտակար լինել: Սակայն մշտապես պետք է հիշել, որ չի կարելի հարկադրաբար ստիպել դեռահասին հրաժարվել մաստուրբացիայից, քանի որ այն ֆիզիոլոգիական կարևոր նշանակություն ունի:
Սեռական կյանքի հիգիենան և էսթետիկան
Սեռական կյանքի հիգիենայի և էսթետիկայի սկզբունքների պահպանումը վիթխարի նշանակություն ունի: Այդ առումով ամեն տեսակի շեղումները կարող են չափազանց արգելակող ազդեցություն գործել սեռական կյանքի վրա` հանգեցնելով ոչ միայն զուգընկերոջ հետ հարաբերություն չցանկանալուն, այլև որոշ սեռական խանգարումների:
Չափազանց կարևոր է հետևել ամբողջ մարմնի և հատկապես սեռական օրգանների մաքրությանը: Անմաքրասեր զուգընկերոջից ստացած տհաճ զգացողությունը կարող է դառնալ ուժեղ արգելակ` խոչընդոտելով նրա հետ սեռական հարաբերություն ունենալու ցանկությանը: Կեղտոտ ականջները կամ ոտքերի տհաճ հոտը կարող են անգամ սեռական զզվանք առաջացնել զուգընկերոջ նկատմամբ: Հատուկ ուշադրություն է պահանջում բերանի խոռոչի հիգիենան: Փտած ատամները, կոկորդի կամ վերին շնչառական ուղիների չբուժված քրոնիկ բորբոքային վիճակները պատճառ են դառնում բերանից տհաճ հոտ գալուն, որը սեռական հակակրանք է առաջացնում զուգընկերոջ մեջ:
Հագուստի և իրեն պահելու շարժուձևերի նրբագեղությունը ոչ պակաս կարևոր նշանակություն ունեն սեռական կյանքի համար: Ինքնին հասկանալի է, որ ամուսնական կյանքում անհրաժեշտ է միշտ մաքուր հագնվել, կոկիկ տեսք ունենալ: Այս ամենին հարկավոր է վերաբերել որպես յուրատեսակ ամուսնական պարտականության: Դա հատկապես կարևոր է կնոջ համար: Եթե կինը չի հետևում իրեն, եթե ամուսինը նրան ամեն օր տեսնում է չսանրված, կեղտոտ խալաթով, անհրապույր ու հատկապես կեղտոտ ներքնազգեստով, ապա վաղ թե ուշ այդպիսի պատկերը նրա մեջ կառաջացնի բողոք և դրան զուգահեռ` հետաքրքրություն այն կանանց նկատմամբ, որոնց նա տեսնում է միշտ գեղեցիկ սանրված և խնամքով հագնված: Ի դեպ, տղամարդը ևս պիտի հետևի իրեն: Այս չգրված օրենքներին չհետևելը նվազեցնում է ամուսնական համատեղ կյանքի կուլտուրան և կարող է արմատավորվել ամուսնու և կնոջ բազմաթիվ վեճերի հիմքում:
Գործ ունենալով զուգընկերոջ հետ` հարկավոր է միշտ հոգ տանել այնպիսի տեսք ունենալու մասին, որ կարծես ձգտում ես նորից նվաճել նրա սերը: Բացի դրանից, դա չափազանց օգտակար է ինչպես փոխադարձ զգացմունքների ամրապնդման, այնպես էլ ամուսնական համատեղ կյանքի նոր կողմերի` բերկրանք պարգևող հայտնագործության համար: Հարկավոր է այնպես վարվել, ինչպես ամուսնանալուց առաջ, երբ երկուսն էլ` թե´ փեսացուն, թե´ հարսնացուն ձգտում են իրենց ցույց տալ լավագույն կողմով: Ամուսիններն այդպիսի վարքագիծ պետք է պահպանեն իրենց ամբողջ համատեղ կյանքի ընթացքում:
Սեծ սխալ են թույլ տալիս ինչպես տղամարդիկ, այնպես էլ կանայք` ենթադրելով, թե ամուսնությունը գրանցելուց հետո կարող են այլևս չձգտել զուգընկերոջ լավ վերաբերմունքին, քանի որ նա, առանց այդ էլ, ոչ մի տեղ չի կորչի, իսկ սիրել պարզապես պարտավոր է: Ապավինելով հենց այդ սխալ համոզմունքին` մի ժամանակ վայելչագեղ ու գեղեցիկ շատ փեսացուներ շուտով վեր են ածվում սովորական ու փնթի ամուսինների: Նույնը վերաբերվում է նաև կանանց: Փոխադարձ անբարյացկամությունը կամ անգամ թշնամությունը շատ հաճախ առաջանում է հենց այդ, թվում է` ոչ մի նշանակություն չունեցող բաներն անտեսելու հետևանքով:
Խորագիրը վարում է ԵՊԲՀ Սեքսոպաթոլոգիայի կլինիկայի բժիշկ-սեքսոպաթոլոգ, ԵՊԲՀ սեքսոլոգիայի ամբիոնի դասախոս, բժշկական գիտությունների թեկանածու Վրեժ Շահրամանյանը
ESem.am