Բարև Ձեզ: Ես կարդացի սեռական դաստիարակաության մասին Ձեր նյութը և ինձ շատ երկար տարիներ տանջում է մի հարց, որը ցանկանում եմ ուղղել Ձեզ: Չնայած 24 տարեկան եմ, երբևէ չեմ կիսվել և ոչ էլ հարցրել այս թեմայով. ես 12-13 տարեկան էի և ինձ մոտ բուռն սեռական զարգացում էր ընթանում, և ես բարակ առարկայով փորձել եմ հասկանալ սեռական ակտի բնույթը, սակայն պատկերացում չեմ ունեցել կուսաթաղանթի և մեր մենթալիտետի սերտ կապի մասին: Իհարկե, արյունահոսություն եղել է, բայց ավելի ուշ` տարիներ անց եմ հասկացել, թե այդ պահին ինչ է կատարվել… Ինձ հուզում է 2 բան. հնարավո՞ր է, որ ունենամ սեռական որևէ հիվանդություն և արդյոք գինեկոլոգը կարո՞ղ է ապացուցել, որ ես երբևէ սեռական հարաբերություն չեմ ունեցել տղամարդու հետ:
Նունե, 24 տ.
Հարգելի՛ Նունե:
Կուսաթաղանթը բարակ թաղանթ է, մասնակի փակում է հեշտոցը և տեղակայված է հեշտոցամուտքից 1-3 սմ խորության վրա: Այն կարող է լինել կլորավուն մեկ կամ մի քանի անցքով, հաճախ բավականին մեծ, նույնիսկ մատի շրջագծով: Հաճախ կուսաթաղանթը լինում է կիսալուսնաձև: Կուսաթաղանթը կարող է վնասվել մատնային ձեռնաշարժության կամ օտար առարկայի ներհրման ժամանակ, երբ մատը կամ որևէ առարկան ներհրում են հեշտոց: Ձգված կուսաթաղանթի դեպքում քիչ ցավային զգացողություն կարող է առաջանալ մատով ներհրման ժամանակ, և կինը ստիպված ընդհատում է ներհրումը:
Կուսաթաղանթի ամբողջականությունը չի խախտվում միանգամից: Դրա համար պահանջվում է մի քանի սեռական հարաբերություն: Ուստի հնարավոր է, որ հերթական սեռական հարաբերությունը ուղեկցվի արյան հետքերով: Սակայն պատահում է, որ շատ զգույշ և դանդաղ ներհրման դեպքում կուսաթաղանթը ոչ թե պատռվում, այլ լայնանում է իր առաձգականության շնորհիվ` վրայի բնական բացվածքի շրջագծով. այդ դեպքում կուսազրկումը, փաստորեն, չի ուղեկցվում արյամբ:
Ամեն դեպքում ստույգ պատկերացում կազմելու և մասնագիտական գնահատական տալու համար ցանկալի է բժշկական զննում կատարել՝ հետագա բարդություններից խուսափելու համար:

Բարև Ձեզ, պարոն Շահրամանյան: Ես Ձեր օգնության կարիքն ունեմ: Ամուսնացել եմ 4 տարի առաջ, բայց մեզ մոտ սեռական բնույթի խնդիրներ կան. Սկզբնական շրջանում վախիս պատճառով նորմալ հարաբերություններ չենք ունեցել, դիմել եմ բժշկի: Խորհուրդներն օգնեցին մեզ հաղթահարել այդ շրջանը: Բայց ամիսների ընթացքում հասկացա, որ չեմ ստանում այն, ինչ իմ մարմինն է ուզում: Ես ավելի կրքոտ եմ, չեմ սիրում մտածել կամ խոսել սեռական ակտի ժամանակ: Ամուսինս ավելի հանդարտ է, զուսպ. դա ինձ համար շատ դժվար է, ինձ հունից հանում է նրա դանդաղաշարժությունը: Ես չեմ սիրում, որ ինքը մտածում է` վայ, սենց հարմար չի կամ արի որոշենք` որ դիրքով ենք լինելու: Մինչ նա կորոշի դիրքերը, ես այդ ընթացքում սառում եմ իր նկատմամբ և րոպեներն եմ հաշվում, թե երբ է ինձանից հեռանալու, նյարդայնանում եմ դրանից ու ջղայնանում: Խոսել եմ հետը, որ ուզում եմ զգալ իր կիրքը, իր խենթ լինելը, բայց ապարդյուն: Արդյունքում` տուժում եմ ես, մեր հարաբերությունները ու սեռական ակտն ինձ համար դարձել է զզվելի: Ամուսինս էլ դժգոհ է ինձանից, անընդհատ կրկնում է, որ իր համար ոչինչ չեմ անում: Ես էլ եմ հոգնել բացատրելուց, որ մենակ ուժեղ ցանկության դեպքում կարող եմ իր ցանկությունները կատարել… Օրեցօր ավելի ենք հեռանում իրաիրց… Գուցե խնդիրն իմ մե՞ջ է:
Հարգելի՛ նամակագիր:
Մարդիկ, ըստ իրենց սեռական խառնվածքի, կարող են լինել երեք տիպերի՝ ուժեղ, միջին և թույլ: Այսինքն` սեքսուալության մեջ էական դեր են կատարում գենետիկական, նյարդային և հորմոնալ գործոնները:
Սեռական կյանքը կարգավորելու համար կարեւոր է հասկանալ, իսկապե՞ս զույգի մոտ սեռական խառնվածքի տարբերություն կա, թե՞ դրա հետևում հոգեբանական պատճառներ են: Եթե ճիշտ է վերջին տարբերակը, ապա տղամարդու անվստահության, բարդույթների, վնասվածքների ուղղությամբ աշխատանքը կարող է բարեհաջող արդյունքներ տալ: Այդ պատճառով անհրաժեշտ է մասնագիտական և անհատական զրույց անցկացնել:
Խառնվածքի անհամատեղության առկայության պարագայում ելքը փոխզիջումային լուծումներ փնտրելն է, որը հարմար կլինի զուգընկերներից յուրաքանչյուրին: Դրանք կարող են լինել ինտիմ փոխազդեցության տարատեսակ ձևերը, առավել ակտիվ զուգընկերոջ կողմից շոյանքները՝ սեռական լարվածությունը հանելու համար: Իր հերթին, նա պետք է հոգա որակյալ նախաբանի, «սառը զուգընկերոջ ճիշտ տրամադրվածության մասին. երբեմն հենց դա կարող է վերափոխել քիչ համատեղելի ամուսինների սեռական հարաբերությունները: Ամեն դեպքում, մասնագիտական սեքսոլոգիական օգնության արդյունքում փոխզիջումային լուծումների փնտրտուքը, միմյանց պահանջմունքները հասկանալն ու հարգելը երջանիկ ամուսնության այն ընդհանուր բաղադրատոմսն է, որը կարելի է կիրառել ինտիմ ոլորտում կյանքում և աստիճանաբար վերացնել խնդիրը:
Առո՛ղջ եղեք:
Հարգելի բժիշկ, ինձ մոտ մի երևույթ գոյություն ունի` սեռական ակտի ժամանակ ջերմությունս բարձրանում է: Դա նկատել է կինս, հարաբերությունից հետո չափել ենք ջերմությունս` 37,2: Դա նորմա՞լ է:
Դավիթ:
Հարգելի՛ Դավիթ, մարմնի ջերմաստիճանի բարձրացումը սեռական ակտի ժամանակ ֆիզիոլոգիական նորմալ ռեակցիա է: Իհարկե, ջերմությունը բարձրանում է տարբեր պատճառներով: Այդպես նաև ջերմությունը կարող է բարձրանալ ֆիզիկական ծանրաբեռնվածությունից: Այնպես որ, մտահոգվելու կարիք չկա:
esyes.am