Այս եւ մի շարք այլ հարցերի շուրջ NEWS.am STYLE-ին մանրամասնր է ներկայացրել Սեքսոպաթոլոգիայի կլինիկայի ղեկավար, Երեւանի պետական բժշկական համալսարանի սեքսոպաթոլոգիայի ամբիոնի ղեկավար Սեւադա Հակոբյանը:

«Պետք է ասել, որ ներկայում կանայք, ընդհանուր առմամբ, որոշակի սեքսուալ խանգարումների կամ սեքսուալ երեւույթների որակական կողմին բավական մեծ ուշադրություն են սկսել դարձնել: Եթե նախկինում կնոջ սեքսուալությունը այդքան չէր կարեւորվում ամուսնական, ինտիմ փոխհարաբերություններում, ապա այսօր կանայք բավական պահանջներ են ներկայացնում իրենց սեռական կյանքի որակական կողմի վերաբերյալ:Շատ հաճախ լինում են դեպքեր, երբ սեքսոպաթոլոգին դիմում են ամուսնական զույգեր, երբ կինը բավարարված չէ ինտիմ հարաբերությունների հաճախականությամբ կամ ամուսինները որոշակի խնդիրներ են նկատում իրենց սեռական կյանքում՝ ամուսնու սեռական քնքշանքների նեղ շրջանակի վերաբերյալ:

Որոշակի գանգատներ կանանք ներկայացնում են՝ պայմանավորված նրանց մոտ հոգեսեռական բավարարվածություն ստանալու առումով, օրգազմի գործառույթի խանգարումների առումով: Ներկայում կանայք, ըստ էության, ավելի շատ կարեւորում են նաեւ ոչ միայն իրենց հաճույք ստանալու պահը, այլեւ ամուսնու համար գրավիչ եւ սեքսուալ լինելը: Այդ բավական գովելի է, եւ ամուսնական փոխհարաբերություններում կարեւոր դեր է ունենում, երբ ամուսիններից յուրաքանչյուրը դիմացինի համար շարունակում է մնալ կամ ձգտում է լինել սեքսուալ եւ ավելի ցանկալի:

Ըստ էության, շատ են նաեւ կանայք, ովքեր ամուսնուն չվիրավորելու, նրա ինքնասիրությունը չոտնահարելու համար շատ երկար ժամանակ կեղծում են օրգազմ եւ, կաշկանդվելով կամ ամաչելով ամուսնու հետ խոսել այդ մասին, դիմել են մասնագետի: Ժամանակի ընթացքում այդ օրգազմի երկարատեւ բացակայության երեւույթը կնոջ համար սեռական կյանքը դարձնում է անհետաքրքիր եւ, կամա թե ակամա, նա փորձում է խուսափել սեռական կյանքից: Այս երեւույթը կոչվում է սեքսուալ ավերսիա: Այս հանգամանքը կարող է բերել սեռական աններդաշնաշնակության եւ դրանից բխող հետեւանքների, ինչը ստիպում է կնոջը դիմել բժշկի նախ միայնակ, հետո, մեր պահանջով եւ հորդորով, ներգրավվում է նաեւ ամուսինը:
Երբեմն կանանց մոտ հանդիպում են նաեւ բռնության հետեւանքով առաջացած պաթոլոգիաներ: Պետք է ասել, որ այդ դիտվում է այն ժամանակ, երբ կինը սկսում է ապրել կայուն ինտիմ կյանքով: Նրա մոտ դրսեւորվում է այս կամ այն սեռական խանգարումը, ինչը մենք հետազոտում ենք եւ պարբերական այցելությունների ժամանակ հայտնաբերում: Այդ պայմանավորված է լինում նրանց մոտ դեռահաս տարիքում կամ ավելի վաղ տարիներին տեղ գտած սեռական բռնությամբ կամ որոշակի միջադեպով, որը նրանց մոտ բացասական հետեւանք է թողում: Աղջկա մոտ այդ երեւույթը պատճենավորվում է հոգեբանական, ենթագիտակցական մակարդակում, եւ հետագայում սեռական կյանքը սկսելու ժամանակ իրեն զգացնել տալիս:

Քիչ չեն նաեւ դեպքերը, երբ աղջկա մոտ որոշակի մեղքի զգացում է լինում՝ պայմանավորված այս կամ այն հանգամանքով, վաղ տարիներին տեղ գտած ինչ-որ խնդիրների պատճառով առաջացած կամ իր ընտանիքում տեղ գտած տղամարդ-կին հարաբերությունների ոչ ճիշտ դրվածքի առումով: Այդ երեւույթները կարող են իրենց արտահայտությունը գտնել արդեն հասուն տարիքում սեռական կյանքը սկսելու ժամանակ: Իսկ բուժման ժամանակ արդեն փորձում ենք հայտնաբերել այս խնդիրները: Հոգեվերլուծության եւ այլ մեթոդներով մենք կարողանում ենք վեր հանել եւ լուծում գտնել այդ խնդիրների համար»:
Սեւադա Հակոբյան
news.am