Այս մասին «Իրավունքի» հետ զրույցում ասաց ԵՊԲՀ սեքսոպաթոլոգիայի կլինիկայի բժիշկ-սեքսոպաթոլոգ, սեքսոլոգիայի ամբիոնի դասախոս, բժշկական գիտությունների թեկնածու ՎՐԵԺ ՇԱՀՐԱՄԱՆՅԱՆՆ ու հավելեց, որ մարդիկ հաճախ իրենց վատ տրամադրությունն արտահայտելու համար օգտագործում են «դեպրեսիա», «ընկճվածություն» բառերը, բայց դեպրեսիան ավելին է, քան պարզապես տխրության զգացումը, որը հիվանդություն է: «Ճնշված մարդը, որպես կանոն, հոգեկան տառապանք է ապրում, ինչը հետեւանք է իրական կամ երեւակայական կորստի գիտակցման: Անձն իրեն հուզականորեն անվտանգ վիճակում չի զգում, նրան անընդհատ համակում է անօգնականության զգացումը: Ճնշված անձը կորցնում է սեփական անձի արժեքավորության, ինքնահարգանքի զգացումը: Նրա մեջ ձեւավորվում է թերարժեքության բարդույթ»,- պարզաբանում է սեքսոպաթոլոգը:
Ըստ Վ. Շահրամանյանի` դեպրեսիան կարող է ի հայտ գալ հոգեկան ամենատարբեր հիվանդությունների ժամանակ՝ նեւրոզներ, սեռական խանգարումներ, շիզոֆրենիա եւ ծերունական փսիխոզներ, ալկոհոլամոլություն, թմրամոլություն եւ այլն: Որպես հիվանդություն, հիվանդագին վիճակ՝ այն կարող է ծանր կամ թեթեւ ընթացք ունենալ:

«Ընկճված վիճակին բնորոշ են տրամադրության վատացումը (առավոտյան՝ մռայլ, երեկոյան աստիճանաբար մեղմանում է), մտածողության եւ շարժումների դանդաղումը: Հիվանդները գանգատվում են ախորժակի բացակայությունից, ուտելիքը թվում է անհամ, անհոտ կամ տհաճ: Երբեմն հաշված օրերի ընթացքում արագ նիհարում են, հյուծվում եւ շուտ հոգնում, նվազում է սեռական ցանկությունը եւ սիրո զգացումը: Տղամարդիկ գանգատվում են սեռական պոտենցիայի նվազումից (հիպոէրեկցիա), սեռական ցանկության բացակայությունից, կանայք՝ դաշտանադադարից: Քունը խանգարվում է, մարդիկ դառնում են ալարկոտ, ծույլ, անտրամադիր: Թախիծը, տխրությունը, «հոգեկան ցավը», անելանելիության ճնշվածությունը կրծքավանդակի, սրտի շրջաններում առաջացնում են ճնշող ցավի զգացողություն»,- նշում է բժիշկը:
Շահրամանյանը հայտնեց նաեւ, որ դեպրեսիայով հիվանդ մարդիկ նշում են, որ անտարբեր են դարձել իրենց եւ հարազատների, ինչպես նաեւ այն ամենի նկատմամբ, ինչը նախկինում հետաքրքրություն, հաճույք ու բավականություն էր պատճառում: Սեռական կյանքը աստիճանաբար դարձել է անհետաքրքիր եւ միապաղաղ: Բնորոշ է արգելակված վիճակը, որի ժամանակ հիվանդները երբեմն կարող են ժամերով նստել կամ պառկել նույն տեղում, նույն դիրքով: Ընկճվածության ժամանակ հիվանդների դեմքը թախիծ եւ վիշտ է արտահայտում:
Բժշկի ձեւակերպմամբ` հիվանդները հարցերին պատասխանում են ցածրաձայն, դանդաղ, ուշացումով, համառոտ եւ նշում, որ «մտածողությունը դժվարացած է», «մտքերը դանդաղ են գալիս» եւ այլն, դառնում են հոռետես, կասկածամիտ: Անցյալը գնահատում են որպես համատարած սխալներով ու թերություններով լի մի ժամանակաշրջան: Ներկան տեսնում են ունայն, անիմաստ, ապագան՝ սեւ գույներով, անհեռանկարային եւ այլն: Նրանց համար կյանքը կորցնում է իր իմաստը եւ դառնում աննպատակ:
«Թեթեւ ընթացքի դեպքում երեւույթները թույլ են արտահայտված, եւ ժամանակին ձեռնարկված բուժական միջոցառումները մարդուն դուրս են բերում այդ վիճակից: Տարեցների դեպրեսիան երբեմն դժվար է տարբերել տարիքային թուլամտությունից: Սակայն տարեցների մոտ գերակշռում են տագնապն ու անհանգիստ վիճակը, նրանք ունենում են «ինչ-որ վատ բանի» սպասման կամ կանխագուշակման զգացում, արտահայտում են ինքնամեղադրման եւ ինքնանվաստացման մտքեր այն մասին, թե ճիշտ չեն ապրել, ոչինչ չեն արել իրենց հարազատների համար, երեխաներին լավ չեն պահել, ճիշտ չեն դաստիարակել, ուստի եւ բարոյական իրավունք չունեն ապրելու այս հողագնդի վրա: Այս բոլորը շատերի մոտ ուղեկցվում է ինքնավնասման եւ ինքնասպանության վտանգավոր մտքերով ու գործողություններով, որոնք, ցավոք սրտի, երբեմն ողբերգական ավարտ են ունենում»,- ընդգծում է մասնագետն ու զգուշացնում, որ հարազատի տրամադրության չպատճառաբանված վատացման նշաններ նկատելու դեպքում երբեք ու երբեք չապավինել բժշկական կրթություն չունեցող ինքնահռչակ բուժակներին, այլ անմիջապես, թեկուզեւ առանց հիվանդի մասնակցության, դիմել հոգեթերապեւտի, հոգեբույժի կամ եթե կան սեռական խանգարումներ, գրագետ սեքսապաթոլոգի, որը կնշանակի համապատասխան դեղորայքային բուժում եւ կորոշի բուժումը հիվանդանոցային կամ տնային պայմաններում անցկացնելու հարցը, այլապես կորցնելով թանկագին ժամանակը՝ հնարավոր է, որ դառնաք անուղղելի ողբերգության ակամա մասնակիցը:
Հարցին, թե ինչպե՞ս կարելի է ազատվել ձմեռային դեպրեսիայից, Վ. Շահրամանյանը հետեւյալն ասաց. «Ձմեռային դեպրեսիայից ազատվելու լավ միջոց է մուրաբան: Բանն այն է, որ նրա մեջ 65 % գլյուկոզա է պարունակվում եւ լիովին զուրկ է ճարպերից: Բայց օրգանիզմի քմահաճույքներին շատ էլ մի տրվեք, ձմռանը գիրանալը շատ հեշտ է»:
http://iravunk.com/